ԿարևորՀասարակություն

Ի՞նչ կտա ԵՄ ավիացիոն համաձայնագրի վավերացումը Հայաստանին

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ պաշտոնյաների հետ ստորագրել է ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Դրա վավերացումն ու ուժի մեջ մտնելը, կառավարության գնահատմամբ, կնպաստի Հայաստանի՝ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալուն և եվրոպական երկրներ անխոչընդոտ թռիչքների իրականացմանը։

Հայկական ավիաընկերությունները դեպի Եվրամիության երկրներ այս պահին էլ դեռ թռիչքներ չունեն, բայց ստորագրված համաձայնագիրը կնպաստի նրանց՝ «սև ցուցակից» ավելի արագ դուրս գալուն՝ կարծում են Քաղավիացիայի կոմիտեում։ Եվրամիության հետ ավիացիոն ընդհանուր համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը ձգտում ենք դեռևս 2013 թվականից՝ նշում է կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը։

«Նշված համաձայնագրով մենք ԵՄ բոլոր պետությունների հետ միաժամանակ ունենում ենք բաց, ազատականացված համաձայնագիր։ Ներկայում էլ ԵՄ մի շարք երկրների հետ ունենք համաձայնագրեր, որոնք տարատեսակ են, և կան երկրներ, որոնց հետ ընդհանրապես չունենք միջկառավարական ավիացիոն համաձայնագիր։ Սա լավ հնարավորություն է բոլորի հետ ունենալ նույնական, ամբողջովին ազատականացված համաձայնագիր՝ ազատ շուկայական հարաբերություններով»։

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում համաձայնագրի ստորագրման ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր՝ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն միանալուց կշահեն ազգային ավիաընկերությունները։

«Մոտ ապագայում սույն Համաձայնագրի վավերացումն ու ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման համար՝ դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների կապը եվրոպական այլ երկրների հետ։

ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտումԱյս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները և, իհարկե, անհատ ճանապարհորդները»։

Ավիացիոն ոլորտի փորձագետ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի կարծիքով՝ համաձայնագիրը որևէ առնչություն չունի «սև ցուցակից» հայկական ավիաընկերությունների դուրս գալու հետ։ Սա նախաստորագրված փաստաթուղթ և նախկինում սկսված գործընթաց էր, որը վաղ թե ուշ պետք է հասներ  իր տրամաբանական ավարտին՝  ասում է փորձագետը։

Ճաղարյանի դիտարկմամբ՝ արդեն մի քանի տարի  չենք կարողանում պատշաճ ներկայանալ եվրոպական ավիացիոն շուկայում, ինչի հետևանքով  էլ հայկական ավիաընկերությունները նման արգելքներ ունեն։

«Հայաստանին թույլատրված է օգտվել, բայց հայկական ավիաիշխանությունների հանդեպ ունեցած անվստահության հիման վրա հայկական օդանավերին արգելվում է հատել ԵՄ տարածքը։ Ասում է՝ քեզ մոտ կարգի բեր, որպեսզի կարողանաս մտնել ինձ մոտ։ Ես քեզ հրավիրում եմ տոնակատարության, բայց պետք է գաս ֆրակով, լաքապատված կոշիկներով, սպիտակ վերնաշապիկով, դու չունես ոչ դա, ոչ էլ փողկապ։ Իսկ դա քո «face control»-ն է, եթե չպահեցիր, չես կարող մասնակցել»։

Քաղավիացիայի կոմիտեն աշխատում է ԵՄ-ի կողմից նախկինում արձանագրված թերություններն ու միջազգային նորմերին անհամապատասխանությունները վերացնելու ուղղությամբ։ Դա երկարատև ու ընդգրկուն գործընթաց է՝ ասում է Ստեփան Փայասլյանը և հավելում՝ մենք ամբողջը կշտկենք, հետո կարող են գալ ԵՄ–ից ու գնահատել։

«ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիան համաձայնագրի ստորագրումը դեռևս առաջին քայլն է։ Երկրորդ և հաջորդ քայլերը ենթադրելու են, որ մենք պետք է տանք Եվրամիության համար ընկալելի, ընդունելի օրենսդրություն։  Իմանալով, որ գնում ենք այս ճանապարհով՝ 2013 թվականից սկսել ենք կանոնակարգերը, տարատեսակ օրենսդրական ակտերը համապատասխանեցնել այդ գործընթացին»։

Հիշեցնենք՝ Ավիացիոն անվտանգության եվրոպական կազմակերպությունը թերություններ էր հայտնաբերել ՀՀ քաղավիացիայի կոմիտեում անցկացրած ուսումնասիրությունների ժամանակ, ինչն էլ հիմք դարձավ հայկական ավիաընկերությունների մուտքը Եվրամիության երկրներ սահմանափակելու համար։

Փորձագետ Հակոբ Ճաղարյանը քաջատեղյակ է ավիացիայի ոլորտի բոլոր խնդիրներին ու Հայաստանի՝ ԵՄ–ի «սև ցուցակում» հայտնվելու պատճառներին։ Գլխավոր խնդիրը, ըստ Ճաղարյանի, ոլորտում վարվող  գլոբալ քաղաքականությունն է։ Մեր մոտեցումները հստակեցված չեն՝ նշում է Ճաղարյանը։

«Եթե նախկին համակարգը փոխվում է, պետք է մոտեցումներն էլ փոխվեն, դա տրամաբանական է։ Այդ փոփոխությունը չի կատարվել, ու դա ԵՄ-ի առաջին նկատողություններից մեկն է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չունի հստակեցրած կառավարման համակարգնախկինից հրաժարվել են, նորին չեն անցել»։

Կառավարությունում համոզված են, որ Համաձայնագիրը կնպաստի  առևտրի, զբոսաշրջության, ներդրումների աճին, տնտեսական ու սոցիալական զարգացմանը, ինչպես նաև կապահովի շարժունակության ավելի մեծ հնարավորություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button