Սփյուռքի ձայնը

Երուսաղեմահայությունը պատրիարքարանի գործողությունները համարում է անօրեն․ «Սփյուռքի ձայնը»

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում օրեր բռնկված սկանդալը գնալով մեծանում է՝ ընդգրկելով ոչ միայն սաղիմահայությանը կամ երուսաղեմահայությանը, պատրիարքության վանականներին, սփյուռքի տարբեր գաղթօջախները, Հայաստանը։ Խնդրի մասին անգամ սկսել են բարձրաձայնել Պաղեստինի ինքնավարության իշխանությունները։

Երուսաղեմի հայոց պատրիարքության տարածքում գտնվող «Կովերի այգի» կոչվող հողակտորը 99 տարով վարձակալության է տրվել  Ավստրալիայում բնակվող հրեա գործարար Դանի Ռուբինշտէյնին։ Նա մտադիր է այստեղ կառուցել հյուրանոց։ Երուսաղեմի հայկական տարածքում նման վարձակալությունն` այն էլ նման երկարաժամկետ պայմաններով, միանշանակ չի ընդունվել։

Վարձակալության համաձայնագիրը հաստատել են Երուսաղեմի պատրիարք Նուրհան պատրիարք Մանուկյանը, պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի տնօրեն կամ, ինչպես ասում են, կալվածքների տեսուչ հայր Պարետ Երեցյանը և պատրիարքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, որոնք պատրիարքարանի ութ հոգուց բաղկացած Սուրբ Սինոդի  (Տնօրեն ժողով) փոքրամասնությունն են: Փաստաթուղթն ստորագրվել է առանց Հայոց պատրիարքարանի Սուրբ Սինոդի կամ Սրբոց Յակովբեանց եղբայրության անդամների հաստատման։ Ավստրալաբնակ գործարարն այդ տարածքում կառուցելու է հյուրանոց։

Սաղիմահայ համայնքի ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ, և վարձակալության համաձայնագիրը ստորագրած պատրիարքական կալվածքների տեսուչ Պարետ ծայրագույն վարչապետ Երեցյանը ներկայացնում են իրավիճակի իրենց պատկերացումները։ Հայր Պարետ Երեցյանը նշում է, որ հողը պատկանում է պատրիարքությանը, իսկ գործարքը բարեհաջող է` հաշվի առնելով, որ դրա շնորհիվ պատրիարքությունը տարեկան մեծ գումարներ է ստանալու։ «Պատրիարքությունը շատ ծախսեր է ունենում տարվա ընթացքում։ Մենք այս գործարքով լուրջ հարցեր կլուծենք»,- ասում է։

Աշխարհական զրուցակիցս նշում է, որ ըստ Երուսաղեմի պատրիարքարանի կանոնադրության՝ 25 տարուց ավելի որևէ հողատարածք չի կարող տրվել վարձակալության, իսկ եթե տրվում է հողատարածք, այդ որոշումը պետք է վավերացվի Հայոց պատրիարքարանի ամբողջական Սուրբ Սինոդի կամ Սրբոց Յակովբեանց եղբայրության ժողովի կողմից: Ըստ նրա` համաձայնագիրը ոչ մեկին չի ներկայացվել, դրան ծանոթ են միայն Նուրհան պատրիարքը և Պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի պարետ Պարետ Երեցյանը: Այսինքն` Սինոդը չի հավաքվել, որ հարցը քննարկի, հետևաբար, վարձակալության համաձայնագիրը անօրինական է և կնքվել է գաղտնի, ասում է զրուցակիցս, որը չի ցանկանում, որ իր անունը հրապարակենք։

Հակադարձելով` Հայր Պարետ Երեցյանը նշում է, որ, եթե չլիներ այս գործարքը, ապա եկար ժամանակ պարապուրդի մատնված հողատարածքը Իսրայելի իշխանությունները կարող էին օգտագործել այլ նպատակով որպես հանրային տարածք։ «Նման իրավիճակ բազմաթիվ անգամներ եղել են։ Կառավարությունը պարապ հողերը հռչակում է կանաչ գոտի և օգտագործում տարբեր նպատակներով»։

Ռազմավարական նշանակություն ունի այս հողատարածքը, ասում է սաղիմահայ զրուցակիցս։ Հենց այդ պատճառով տարբեր ժամանակներում Հայոց պատրիարքներն ու միաբանները այն պահպանել են՝ չօգտագործելով որևէ այլ նպատակի համար։ «Տարիներ շարունակ մեր միաբաններն ու պատրիարքները, որոնց շնորհիվ այս հողատարածքը պատկանել է մեզ՝ պահպանել են այն՝ հաշվի առնելով, որ այն անվտանգային գոտի է։ Այս պատրիարքի օրոք ամեն բան չեղարկվել է։ Նրանք օտարում են հայկական հողը, գործարք սկսում հրեա գործարարի հետ։ Բոլորս գիտենք, որ հրեաները տասնամյակներ շարունակ փորձել են ձեռք բերել մեր տարածքները, ինչը այսօր նրանց հաջողվում է»,- ասում է անանուն զրուցակիցս։

Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները նախօրեին տարածել են նոր հայտարարություն մեկ անգամ ևս նշվելով, որ վարձակալության համաձայնագրի ստորագրումը հակասում է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Կանոնադրությանը` նշում են. «Այս տարածքը Պատրիարքարանի, Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի հետ միասին կը կազմէ մէկ ամբողջութիւն, եւ իր դիրքի կարեւորութեամբ կ’ապահովէ վանքի և հայկական թաղամասի բնականոն կեանքը եւ անդորրը։ Ասիկա խիստ կարեւոր հանգամանք մըն է, քանի որ յիշեալ տարածքի 99 տարիով օտարումը եւ ատորմով պայմանաւորուած սոյն տարածքի վրայ վերահսկողութեան կորուստը խիստ բացասաբար պիտի անդրադառնայ յետագայ մեր բնականոն կեանքի վրայ եւ խոցելի պիտի դարձնէ Սուրբ Աթոռոյս գործունէութիւնն ու նուիրական առաքելութեան շարունակականութիւնը»։

Միաժամանակ միաբանները պահանջում են Պարետ ծայրագույն վարդապես Երեցյանի հեռացումը Կալվածքների տեսուչի պաշտոնից։ Ըստ աշխարհիկ զրուցակցիս` հայկական հողատարածքները վարձակալության պետք է տրվեն 49 տարով և ոչ ավելի, Հայր Պարետը պնդում է` նման օրենք չկա, պատրիարքությունն է որոշում ում և որքան ժամկետով հանձնի պատրիարքապատկան տարածքները։

Խնդիրը դուրս է եկել համայնքային շրջանակներից։ Պաղեստինյան ինքնավարության իշխանությունը նամակով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի նա միջամտի և կանգնեցնի գործարքը, քանի որ հայկական գույքի վարձակալությունը հրեա գործարարի կողմից պաղեստիցները դիտում են որպես Իսրայելի ներկայության ընդլայնում` ասում է Երուսաղեմի մեր աղբյուրը: Նա նաև նշում է, որ վարձակալության համաձայնագիրը չեղարկելու կամ փոփոխության չենթարկելու պարագայում դիմելու են իրավական ատյաններ` օգնություն խնդրելով նաև ողջ սփյուռքից։ Հայր Պարետ Երիցյանը շեշտում է, որ այս գործընթացներում համայնքը խառնվելու իրավունք չունի։ Պատրիարքությունը, անգամ պատրիարքը իրավասու են միանձնյա որոշումներ ընդունել։

Ավստրալացի գործարարը նախատեսում է այդ կալվածքի վրա կառուցել յոթ աստղանի շքեղ հյուրանոց, և հյուրանոցի տարեկան եկամտի մի մասը փոխանցել պատրիարքարանին: Նման երկարաժամկետ վարձակալությունը շատերին ստիպում է ենթադրել, որ պատրիարքարանը երբեք չի վերստանալու այդ կալվածքը, թեև գործարքը կնքողները պնդում են, որ ավստրալացի գործարարը վարձակալության ավարտից հետո պարտավոր է կալվածքը վերադարձնել պատրիարքարանին՝ դրա վրա կառուցված թանկարժեք հյուրանոցի հետ միասին:  Պատրիարքության՝ հրեա գործարարին վարձակալության տալու աղմուկն այնքան է մեծացել, որ սաղիմահայության ու սփյուռքի շատ ներկայացուցիչներ այսօր անգամ պահանջում են Նուրհան պատրիարքի հրաժարականը։

Ցուցադրել ավելի
Back to top button