ԿարևորՀասարակություն

6 միլիոն ՝ 4 միլիոն խմ–ի փոխարեն․ Պատարայի ջրամբարի կառուցումը կլուծի Արցախի ջրի խնդիրը

Սրբուհի Վանյան
«Արցախի հանրային ռադիո»

Պատարայի ջրամբարի կառուցումը պլանավորված էր դեռևս 2007 թվականից: Այն պիտի ոռոգեր ավելի քան 2500 հա մշակովի հողատարածք: 2020 թվականի երաշտը, ապա և պատերազմը որոշակի փոփոխություններ մտցրին ծրագրի մեջ: Ի՞նչ փուլում է ջրամբարի և հարակից  ենթակառուցվածքների  շինարարությունը:

«Նախկին նախագծով  ջրամբարի տարողությունը 4 մլն խորանարդ մետր էր, նոր նախագծով նախատեսվում է 6 մլն խորանարդ մետր։ 2 մլն խորանարդ մետրով ջրի ծավալն ավելացնելը կլուծի ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ  Պատարայից մինչև  Ստեփանակերտ ընկած  բոլոր բնակավայրերի ջրի խնդիրը։ Հաշվի է առնվել նաև այն, որ Պատարա գետի ջրերի շատ ավելի մաքուր են», – ասում է ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը։

Նախագծվեց ծրագիրը, իսկ ամռանը սկսվեցին շինարարական աշխատանքները: Գեորգի Հայրիյանը նշեց, որ աշխատանքները կիրականացվեն 3 փուլով։ Առաջին փուլում կկառուցվի ջրընդունիչ, ապա խողովակաշար՝ ավելի քան 22 կմ երկարությամբ: Նախատեսվում է ջրամբարի կառուցումից հետո նույն խողովակաշարին կցել նաև ոռոգման համակարգը: Երկրորդ փուլով ջրամբարն է կառուցվելու, և վերջում՝ ոռոգման համակարգը:

Գեորգի Հայրիյանը տեղեկացրեց, որ ոռոգման ջուրը նույնպես խողովակաշարերով է տեղափոխվում՝ նախ կորուստներից խուսափելու, ապա և ճնշմամբ ջուր ունենալու համար, որը թույլ կտա ժամանակակից խնայողական համակարգեր կիրառել: Խոսելով ժամկետների մասին, նա նշեց.

«Առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2020թ․ –ի հուլիսին։ Զուգահեռ կսկսվի ջրամբարի պատվարի շինարարությունը․ 57 մետր բարձրություն ունի,  երկարությունը կդառնա 350 մետր։ Շինարարությունը կավարտվի 3 տարում, դրան զուգահեռ կիրականացվի  երրորդ փուլը»։

Պատարայի ջրամբարի կառուցմամբ մի կարևոր խնդիր էլ կլուծվի. Ֆիլտրացիոն համակարգի ավտոմանատ գործարկում տեղի կունենա, որը նոր կյանք կտա այդ տարածքում գտնվող ցամաքող աղբյուրներին: Այդպիսին է մասնագետների տեսսակետը: Գեորգի Հայրիյանը ներկայացրել է նաև նորաստեղծ Ջրային կոմիտեի կողմից նախանշվող այլ ծրագրեր ևս:

«2020թ–ին սկսված ծրագրերը չենք կարողանում իրականացնել։ Օրինակ, ջրաղբյուրը մերն է, բայց այդ տարածքները այլևս մերը չեն։ Փոքր համակարգեր ենք շատ սարքում, ասենք արտեզյան հորերով իրենց առանձին կարտգավորող ջրամբարներով։ Սահմանում ենք լոկալ ոռոգման համակարգեր ու ունենք մեծ համակարգ Գարգառ գետի ջրերով, կոռոգենք ավելի քան 2000 հա հողատարածքներ»։

Ինչ վերաբերում է խմելու ջրին, ցավոք, Արցախում սակավաջուր բնակավայրեր կան: Խնդիր է դրված 3 տարվա մեջ հանրապետության բոլոր բնակավայրերը ապահովել խմելու շուրջօրյա ջրով: Մակերևութային ջրերը նվազում են ամբողջ աշխարհում: Վերջին տարիներին երաշտի պատճառով այդ ռեսուրսներն ավելի են քչանում: Եվ Ջրային կոմիտեն ուսումնասիրություններ է կատարում ներքին ջրային ռեսուրսների, ջրաղբյուրների հայտնաբերման համար: Նշված ծրագրերի մեծ մասը իրականցվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին, բայց կառավարությունը արտաբյուջետային և ներդրումային միջոցներ էլ է ներգրավում: Ներկայում էլ նախագծերի մի մասը ֆինանսավորվում է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով: Ջրային համակարգերի համար բարեգործական և ներդրումային միջոցների ներգրավման ուղղությամբ կառավարության բանակցությունները շարունակվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button