ԿարևորՀասարակություն

Նոր հավելված՝ չխոսող մարդկանց համար․ հաղորդակցման «կամուրջը» կլինի հայերենով

Հաղորդակցվելու նոր հնարավորություն՝ խոսքի դժվարություններ ունեցող կամ չխոսող մարդկանց համար։ Հեռախոսային նոր հավելվածում առկա պատկերները հաջորդաբար սեղմելով՝ մարդը նախադասություններ կկազմի, իսկ սարքն արդեն դրանք կարտասանի, կվերածի խոսքի՝ այդպիսով հաղորդակցման կամուրջ ստեղծելով։

«Այսինքն՝ չլսող մարդը, որը չի խոսում, ձայն է ստանում։ Շատ հետաքրքիր բան է, երբ առաջին անգամ տեսնում ես մարդուն, որն իր մտքում եղած բառերը, որոնք կուտակվում–կուտակվում են և ինքը որևէ տարբերակ չունի դրանք դուրս բերելու և արտահայտվելու համար, կազմում է նախադասություն, և սարքն այդ միտքն ասում է․ դա աննկարագրելի մի բան է»,– ասում է «Արմավ» շարունակական կրթության կենտրոնի հիմնադիր լոգոպեդ Արմինե Ավագյանը։

«Արմավ» շարունակական կրթության կենտրոնի հիմնադիր լոգոպեդ Արմինե Ավագյան

Հավելվածի նախատիպն այլընտրանքային հաղորդակցություն ապահովող, նույն սկզբունքով աշխատող գիրքն է։ 5 տարեկան Աշոտը լսողության խնդիր չունի, բայց չի խոսում․ շրջապատի հետ հաղորդակցվելիս հենց նման գիրք է օգտագործում։ Գրքում կյանքի տարբեր իրավիճակներ ու երևույթներ նկարագրող պատկերներ են։ Երեխան բառաքարտերը կամ, այլ կերպ ասած, պատկերաքարտերն ընտրում է, տեղադրում փոքրիկ տախտակի վրա, նախադասություններ կազմում․ սա հասակակիցների կամ մանկավարժների հետ շփվելու միջոց է։

Բայց նման գրքերում բառերի շրջանակը սահմանափակ է։ 10 տարվա աշխատանքային փորձառությունն Արմինե Ավագյանին թույլ է տալիս ասել, որ օժանդակ այս միջոցը թեեւ օգնում է, բայց շփվելու փոքր հնարավորություն է տալիս։ Նկատել է՝ այլ երկրներում նման գրքերն արդեն հավելվածով են փոխարինել։

«Սկսեցի մտածել, որ հայ մարդը պետք է ունենա այդ հնարավորությունը։ Մոտիվացիաս առավել մեծացավ, երբ պատերազմից հետո մենք ունեցանք գանգուղեղային տրավմայով վիրավորներ, ովքեր զրկվեցին կամ մասամբ զրկվեցին լիարժեք խոսելու հնարավորությունից։ Հասկացա, որ պետք է հայթայթեմ ֆինանսավորում և ստեղծեմ այս գրքի թվային տարբերակը, որը տալիս է առնվազն 10 000 բառ, բայց արդյունքում դու չես ունենում ավելի մեծ գիրք, դու ունենում ես մի սարք, որի մեջ կան այդ բոլոր բառերը»,– ասում է Արմինե Ավագյանը։

Հայ օգտատերերին հավելվածի հայերեն տարբերակը հասանելի կլինի արդեն մեկ տարուց։ Այս նպատակով Արմինե Ավագյանը դրամաշնորհ է ստացել ԱՄՆ-ի «Շրջանավարտների ներգրավման նորարարական հիմնադրամ»-ից։ Առաջիկայում «Արմավ» կենտրոնում այլընտրանքային հաղորդակցման նոր լաբորատորիա կհիմնեն,  որտեղ կիրականացվի հավելվածի պատրաստման հետազոտական մասը․ ներկայում դուրս են բերվում առօրյայում առավել հաճախ կիրառվող բառերը, որոնցով պետք է հավելվածը «խոսի»։ Հետագայում լաբորատորիայում հատուկ դասընթացներ կկազմակերպեն, շփման այս տարբերակի կարիքն ունեցողներին անվճար կսովորեցնեն հավելվածից ավելի հեշտ օգտվել։

«Երբ փոքրիկների դեպքում առաջարկում ես այս հավելվածը, ծնողները որոշ դեպքերում մտավախություն ունեն, որ եթե փոքրիկն այսպես հաղորդակցվի, հետագայում չխոսելու ռիսկն ավելի կմեծանա։ Իրականում աշխարհում տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ եթե մինչև 5 տարեկան երեխաները այլընտրանքային հաղորդակցության տարբերակով են սկսում շփվել, ապա նրանց 82 տոկոսը 4-րդ փուլում սկսում են խոսել։ Այսինքն՝ մենք տալիս ես հաղորդակցման միջոց և մոտիվացնում ենք երեխային, որ խոսի, այլ ոչ թե ստիպում ենք, որ ասի «հաց»՝ հաց ուտելու համար»,– ասում է լոգոպեդը։

Տեխնոլոգիական այս լուծումը խոսքի դժվարություններ ունեցող կամ առհասարակ չխոսող մարդկանց համար հաղորդակցման այլընտրանքային արդյունավետ միջոց է՝ ասում է լոգոպեդը։ Նախնական հաշվարկներով՝ Հայաստանում շուրջ 30 հազար մարդ ունի խոսքի դժվարություն, ըստ այդմ՝ կունենա նաեւ այս հավելվածի կարիքը։ Այս կամ այն պատճառով չխոսող երեխաներ, գանգուղեղային տրավմայի կամ ինսուլտի հետևանքով խոսելու ունակությունից զրկվածներ․ հավելվածը նրանց կծառայի որպես «մտքի կամուրջ»։ Կլինի անվճար, առանց տարիքային սահմանափակման։

«Հավելվածից կօգտվեն նաև չլսող մարդիկ․ նրանք ժեստերի լեզվով կարողանում են հաղորդակցվել, բայց միայն միմյանց հետ, համայնքից դուրս իրենք էլ հաղորդակցման դժվարություններ ունեն։

Ես նույնիսկ ԱՄՆ–ում տեսել եմ ներառական երգչախումբ, որի անդամներից մեկն այդ սարքով էր երգում։ Երբ իր հերթն էր գալիս, սեղմում էր սարքի համապատասխան կոճակը, և սարքն իր հատվածը երգում էր։ Սա հրաշալի հնարավորություն է կրթության ոլորտում եւ առհասարակ սոցիալական ներառականություն ապահովելու համար»,– պատմում է «Արմավ» կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագյանը։ 

Հավելվածի հիմքում դրա անգլերեն տարբերակն է։ Անգլալեզու հավելվածի հայերեն համարժեքը ստեղծելիս մասնագիտական խմբի ամենամեծ դժվարությունը հայերենի քերականական առանձնահատկություններն են․ հայերեն բառերը հոլովելն ու խոնարհելը տեղեկատվական տեխնոլոգիաների հայ մասնագետներից լուրջ ջանքեր են պահանջել։ Բայց նախաձեռնողները վստահ են՝ հավելվածը շուտով հաջողությամբ կգործարկվի որպես խոսքի ամուր կամուրջ։

Back to top button