ԿարևորՄշակույթ

Վանդալիզմ՝ Տիգրանակերտում․ադրբեջանցիները արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի

Ադրբեջանցի հեռուստալրագրող Սադաթ Մեմադովայի յութուբյան ալիքում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ նա հպարտությամբ ներկայացնում է Տիգրանակերտի՝ խորովածանոցի վերածված արքայական աղբյուրների պուրակը։ 44-օրյա պատերազմից հետո Արցախի Տիգրանակերտը ևս Ադրբեջանի վերահսկողության տակ է։ 2006-ից մինչև 2020 թվականի պատերազմը պատմաբան Համլետ Պետրոսյանի գլխավորած արշավախումբը Տիգրանակերտում հնագիտական պեղումներ է իրականացրել։

«Առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիները Տիգրանակերտը ռեստորանային ժամանցի վայր են դարձնում»,–ասում է Համլետ Պետրոսյանը։

«Խորհրդային տարիներին Տիգրանակերտի ամրոցը՝ 18-րդ դարի կեսին կառուցված, ադրբեջանցիները վերածել էին ռեստորանի, սրճարաններ էին բացել արքայական ամրոցի վայրում։ Հետո այն ազատագրվեց, ամրոցը վերածվեց Տիգրանակերտի թանգարանի, իսկ աղբյուրների տարածքը մաքրվեց, ու դարձավ մշակութային միջոցառումներ անցկացնելու վայր։ Հիմա կրկին իրենց վերահսկողության տակ է, նույն բանն են անում», – հավելում է հնագետը։

Արքայական պուրակում ուշ միջնադարյան մզկիթ կա, ժայռեր, եզակի ջրավազան, որը պեղել է արշավախումբը և պարզել, որ այն հայելային մակերես ունի։ Հնագետը հիշում է՝ արքայական աղբյուրների պուրակը ծառաշատ է, մի քանի հարյուր տարեկան թզենիներ ու թթենիներ կան։ «Տիգրանակերտը հենց այդ աղբյուրների համար է այդ թեք լանջին կառուցվել, ժայռի տակից են բխում ու նմանվում են վարար գետի»,– ասում է Համլետ Պետրոսյանը։

«Արցախում նման վարար աղբյուրներ չկան, եզակի աղբյուրներ են, մեր պեղումների ժամանակ էլ որոշ մեծամեծեր գալիս էին, ուզում էին նստել այնտեղ, խորոված անել, բայց մենք կտրականապես արգելում էինք, չէ՞ որ դա եզակի մշակութային վայր է։ Հիմա ադրբեջանցիները գրավել են, վերածել են խորովածանոցի»։

Համլետ Պետրոսյանը նաև Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հիմնադիրն է։  Որպես արձագանք ադրբեջանցիների վանդալիզմի՝ կայքում հերթական հոդվածն է հրապարկվել։ Այն ներկայացնում է միջազգային կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանն այս անգամ։ Տիգրանակերտի արքայական պուրակը խորովածանոցի վերածելով՝ Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիան, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթը, ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթուղթը։ Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի «գ» կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Ադրբեջանը խախտում է 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց տակ մի ժամանակ ստորագրել է։ 

Ցուցադրել ավելի
Back to top button