ԿարևորՄշակույթ

Մեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը

Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել է Կիևի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս) ներկայացմամբ։

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շեքսպիրյան միջազգային թատերական  փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ: Եվրոպական մի քանի թատրոններ համավարակի պատճառով չեն կարողացել մասնակցել փառատոնին:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր`«FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են:

«Շատ կարևոր ծրագիր է, որի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է, ժյուրիի անդամներն են թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը և դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը։ Հաղթողին սպասվում է մրցանակ»,- հավելել է Բալյանը։

Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «У моста» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ) նշել է, որ իրենց թատերախումբը հասցրել է լինել տարածաշրջանում, սակայն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, ինչի համար շատ ուրախ են: 

Ցուցադրել ավելի
Back to top button