ԿարևորՀասարակություն

Մասնակցությունը մեծ էր այն համայնքներում, որտեղ ինտրիգ կար․ քաղաքագետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նոյեմբերի 14-ին Կապան, Իջևան և Ստեփանավան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Այս համայնքներում  համամասնական ընտրակարգով ավագանի են ընտրել, ևս երկու՝  բնակչությամբ փոքր համայնքներում ընտրությունները մեծամասնական էին։

Իջևանում և Ստեփանավանում իշխող քաղաքական ուժը հաղթանակ է տարել․ ընտրողների մեծամասնությունը քվեարկել  է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին, մինչդեռ Կապանում  հաղթել է «Շանթ» դաշինքը: Մասնակցության ցուցանիշը, ըստ համայնքների, ևս տարբեր է․ Կապանում, օրինակ,  ընտրություններին մասնացել է ընտրողների շուրջ 65 , իսկ Իջևանում հազիվ 38 տոկոսը։

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ  իրավապահները շատ բողոքներ չեն ստացել։  Քվեարկության ամբողջ օրը միայն մեկ ահազանգ է ստացվել՝  Իջևան համայնքից, կրկնակի քվեարկություն կատարելու փորձի վերաբերյալ ՝ «Ռադիոլուրին» ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Երկու ահազանգ էլ եղել է  Կապան համայնքից մինչև քվեարկության մեկնարկը, որոնք, սակայն, ստուգողական գործողությունների արդյունքում չեն հաստատվել։ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ այլ խախտումներ երեկվա ՏԻՄ ընտրություններում չեն արձանագրվել։

«Մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ»:

Կապանում, Իջևանում և Ստեփանավանում քաղաքապետերի պաշտոնի համար պայքարում էր 5 քաղաքական ուժ՝ ՔՊ–ն, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն,  ՀԱԿ–ը և «Շանթ» դաշինքը։ Այս համայնքների բնակիչների ընտրությունը նրանց ընտրացուցակների  միջև էր։ Ընտրված քաղաքական ուժերն ավագանիում իրենց թիմերը կձևավորեն՝ ըստ այդ ցուցակների և ստացած ձայների քանակի, իսկ  ավագանու անդամներն արդեն համայնքի ղեկավար կընտրեն: Իշխանությունը կարևորում էր Ընտրական օրենսգրքի հենց այս դրույթը։ Այն, որ համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվելու, առավելություն էր համարում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոշորացված համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ, ինչը  նշանակում է, որ ընտրողներն ընտրություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջին համարը, ենթադրվում է, որ քաղաքապետի թեկնածուն է: Բայց ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է քաղաքապետն ընտրվել և՛ ընտրողների քվեարկության արդյունքում, և՛ կարող է նաև ավագանիում տեղի ունենալ»։

Մրցակցությունը թեժ էր  Կապան համայնքում։ Այստեղ պայքարում էին գործող համայնքապետը՝ առաջադրված «Շանթ» դաշինքի կողմից  ու իշխող ուժի թեկնածուն։ Գործող քաղաքապետը  2 անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան «Քաղաքացիական պայմանագիրը»։

Իջևանում իշխանության միակ մրցակիցը եղել է Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորել է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, ՀՅԴ–ինը՝ Վահան Ղազումյանը։ Այստեղ է հաղթանակ է տարել  ՔՊ կուսակցությունը։

Ստեփանավանում երեք կուսակցություն է պայքարել՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» ու Հայ ազգային կոնգրես։ Իջևանի նման այստեղ էլ  հաղթանակ է տարել իշխող ուժը։

Արդյունքների այսպիսի տարբերությունը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը բացատրում է «տեղային ինտրիգներով»։ Կարծում է՝ այն համայնքներում, որտեղ մրցակցությունը թեժ էր և ինտրիգային, մասնակցության ավելի բարձր ցուցանիշեր են գրանցվել։  Այդ առումով  ինտրիգային կենտրոնն, ըստ քաղաքագետի,  Կապանն էր։ Մյուս համայնքներում  արդյունքները ավելի կանխատեսելի էին ՝ ասում է Բաղդասարյանը։

«Բոլոր այն տեղերում, որտեղ կազմակերպված ընդդիմադիր ուժ կար, այդտեղ փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունը հաղթում է։ Իսկ բոլոր այն տեղերում, որտեղ այդ ուժը չկա, ընդդիմության ընդգծված թեկնածու չկա, ընդգծված միասնական պայքար չկա, այնտեղ իշխանությունները վերարտադրվում են առանց խնդրի»։

 «Ականատես» դիտորդական առաքելությունը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում  է իրականացրել  3 համայնքներում։ Ըստ նախնական ամփոփումների՝   ընտրական հանձնաժողովներում դիտորդի աշխատանքը խոչընդոտելու  դեպքեր չեն եղել: Դիտարկման շրջանում երկու դիմում-բողոք է  ներկայացվել  35–րդ տարածքային ընտրական հանձնաժողով,  երկուսն էլ  «Շանթ» դաշինքի կողմից՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցման համակարգող Արմինե Թոխմախյանը։   

«Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածու, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի կողմից ԱԺ ամբիոնից քարոզչություն իրականացնելը, որին ի պատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը նշել է, որ ԱԺ պատգամավորը իրավունք ունի համատեղելու իր պատգամավորական  աշխատանքը և ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակը։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից օրենքով արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելը, որին ի պատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Մարատ Հարությունյանին օրենքի խախտմամբ փակցված քարոզչական նյութերը հեռացնելու նպատակով»։

Փոխարենը դիտորդները խախտումներ արձանագրել են  նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Ըստ նրանց՝ շատ են եղել   արգելված վայրերում քարոզչական նյութերի տեղադրման խախտումները, որոշ համայնքներում այդ նյութերը անհամաչափ են տեղադրվել։

Դիտորդներն անդրադարձել են նաև ընտրական շտաբների աշխատանքին։ Դրանց վերաբերյալ ուշագրավ արձանագրում կա․ չնայած ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման ծախսերը ենթակա են պարտադիր հայտարարագրման, այնուամենայնիվ, նախընտրական շտաբների աշխատանքների կազմակերպման և իրականացման նպատակով ներգրավված մարդկային ռեսուրսների  ծախսերի հարցը շարունակում է բաց մնալ։  

Ցուցադրել ավելի
Back to top button