ԿարևորՀասարակություն

Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. ՀԲ փոխնախագահի հետ քննարկվել են գործընկերության առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, որի շրջանակում մեր երկրում իրականացվել և իրականացվում են տարբեր ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ուղենշված առաջնահերթություններ են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման ոլորտների բարեփոխումները, և հաշվի առնելով համատեղ աշխատանքի հաջող փորձը՝ գործադիրը կարևորում է ՀԲ հետ գործակցության խորացումն այս, ինչպես նաև փոխշահավետ այլ ուղղություններով:

ՀԲ փոխնախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ գործընկերության ընթացքից և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ նշանակվելու կապակցությամբ: Աննա Բյերդեն ընդգծել է, որ Բանկը ՀՀ կառավարության ծրագիրը գնահատում է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային ծրագիր և պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Համաշխարհային բանկ գործընկերության հեռանկարները: Անդրադարձ է եղել կրթության, ենթակառուցվածքերի, թվայնացման, առողջապահության, վերականգնվող էներգետիկայի և այլ բնագավառներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել են հանրային կառավարման բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ծրագրերը:

Կողմերը մտքեր են փոխանակել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը մեծացնելու և գործընթացը խթանելու ուղղությամբ համագործակցության հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀԲ օժանդակությունը Հայաստանին Քովիդ-19 համավարակի դեմ պայքարում:

Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հանձնառու է բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմանը և շնորհակալ է Համաշխարհային բանկին, կառույցի հայաստանյան գրասենյակին՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button