ԿարևորՀասարակություն

Լսարանի ու Zoom–ի միջև «լողացող» կրթություն․ օգու՞տն է շատ, թե՞ վնասը

Ուսանողները 20–օրյա դադարից հետո կարող են վերադառնալ ուսումնական հաստատություններ․ լրացել է ԿԳՄՍ նախարարության՝ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15–ը առցանց տարբերակով դասերն իրականացնելու ժամկետը։ Հոկտեմբերի 25-ին, երբ հաստատվեց որոշումը, Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 1184, այսօր՝ 378 դեպք։ Ուսանողական կյանքի 20-օրյա դադարը բժիշկ- վարակաբան Ռուբեն Գրիգորյանի կարծիքով՝ տվել է իր դրական արդյունքը․

«Ես միանշանակ կողմ եմ սահմանափակումներին։ Դրանք պետք է լինեն ավելի կոպիտ, ավելի խիստ։ Մենք տեսնում ենք՝ մարդիկ ոնց տանջվելով մահանում, ինչ տանջանքներ են քաշում։ Երիտասարդները ոտքի վրա կարող է թեթև տանեն, բայց այդ շփումների արդյունքում գնում են տուն ու իրենց հարազատներին են վարակում»։

Որոշումը դժգոհության ալիք էր բարձրացրել՝ ինչու՞ է սահմանափակվում ուսանողի կրթվելու հնարավորությունը՝ սրճարանների, ռեստորանների, ժամանցի վայրերի, հասարակական տրանսպորիտ անխափան աշխատելու պայմաններում։ Բժշկի կարծիքով՝ որքան բազմաոլորտ ու խիստ լինեն սահմանափակումները, այնքան շուտ կգրանցվի դրական տեղաշարժ, սակայն պետք չէ մոռանալ անհատական սոցիալական պատասխանատվության մասին․

«Հետո սոցիալական պատասխանատվության հարց էլ կա։ Երիտասարդները պետք է մտածեն, որ սահմանափակումը չի սահմանափակվում միայն բուհ չգնալով․ իրենց խնջույքները, հավաքները ևս պետք է սահամանափակեն»։

«Մեր կրթությունը սկսվել և ընթանում է հեռավար, կարծում եմ՝ նաև կավարտենք հեռավար։ Այս տարի սեպտեմբերին որոշեցինք, որ պետք է առհասարակ մեր կրթությունը կազմակերպենք հեռավար տարբերակով»,- ԵՊՀ ուսանող Ելենա Հարությունյանն է։ Հեռավար ուսուցման մասին նորությունը նրան ու կուրսընկերներին չանհանգստացրեց․ սեպտեմբերին ինքնակամ են անցել այս տարբերակին։

«Դու տնից կամ քո աշխատավայրից դուրս չես գալիս, միանում ես դասին ու ունենում ես գրեթե նույն արդյունքը, ինչ որ կգնայիր համալսարան։ Իհարկե, սա վերաբերում է այն դասախոսներին ու ուսանողներին, որոնք պատրաստ են միանում դասերին։ Այդ դեպքում այս տարբերակը շատ «ձեռք է տալիս», շատ հարմար է, ու ապագան էլ, կարծում եմ, հենց հեռավար կրթությանն է»։

Ելենայի կարծիքով՝ Հայաստանում կրթության հեռավար եղանակը կայացած չէ, սակայն նա դրական կողմեր գտել է․

Այսպես ավելի հեշտ է կրթությունը համատեղել աշխատանքի հետ․ «գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսանողը միայն կրթությամբ չի զբաղվում, սոցիալական հարցեր է լուծում, աշխատում է պարտադրված»։
Խուսափում է խցանումների պատճառով դասերից ուշանալուց կամ բացակայելուց. –«տեսնում ենք՝ Երևանի երթևեկությունը ինչքան խցանված է, դասի հասնելն է երբեմն լինում անհնար կամ ոչ նպատակահարմար»։ Հեռակայի դեպքում նաև բուհերի տեխնիկապես համալրված չլինելը խնդիր չէ․–«չնայած մենք ֆիզիզապես ներկա չենք, իրար չենք տեսնում, իրար էմոցիաներ էդքան լավ չենք զգում, բայց էդ գործիքները թույլ են տալիս մեզ ավելի ինտերակտիվ դաս ունենալ, ինչը երբեմն հնարավոր չի լինում անել համալսարանում։ Գիտենք՝ որքան թերհագեցած է մեր համալսարանը, անգամ կապի խնդիր կա»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ կրթության ամենաարդյունավետ տարբերակն, այնուամենայնիվ, առանց էկրան, չմիջնորդավորվածն է․

«Փորձը ցույց է տալիս, որ լիարժեք հեռավար կրթությունը չի  արդարացնում իրեն, և՛ մասնակցությունն է նվազում,  և՛ արդյունավետությունը, և՛ ոչ բոլոր դասախոսներն են տիրապետում անհրաժեշտ հմտություններին»։

Այսօր, սակայն, խնդիր է ոչ թե հեռավար ուսուցումը, այլ պարբերական դարձած փոփոխությունը՝ հեռավարից՝ առկա, առկայից՝ հեռավար ու դարձյալ՝ հեռավարից առկա․

«Օբյեկտիվորեն, համալսարանները վիրուսի տարածման հիմնական միջավայրերից են, որովհետև ուսանողները շատ մոբիլ են, գալիս են մարզերից, օգտվում են մարզային տրանսպորտից, երևանյան տրանսպորտից։ Ուսանողների համար ստեղծվում են անհարմարություններ, կան ուսանողներ, որոնք Երևանում տուն են վարձել, բայց հեռավարի ժամանակ գնում են մարզ, այսինքն՝ գումար են ծախսում, որից չեն օգտվում։ Բայց ասեմ՝ այս տարբերակն ավելի լավ է, քան տևական ժամանակ հեռավարի անցնելը»։

Առողջապահության և կրթության համակարգերի ներկայացուցիչները կարծում են, որ սա, չնայած դժգոհություններին և կրթության վրա ունեցած բացասական ազդեցությանը, տալիս է ակնկալվող արդյունքը․

«Համալսարաններում մենք ունեն կուրսեր, որտեղ սովորում է 50, 100  հոգի, և էդ մարդիկ նստում են մեկ սենյակում, 6 ժամ։ Երբ դու դաս չես անում, էդ մի քանի տասնյակ մարդիկ փոքր սենյակում այլևս չեն նստում։ Այո, իրենք կարող են գնալ սրճարաններ, կինոներ, բայց 50, 100 հոգով չեն գնում, և, իհարկե, բոլորը չեն  գնում»։

Բժիշկ Ռուբեն Գրիգորյանը նշում է՝ ամեն դեղ ունի և՛ թերապևտիկ, և՛ կողմնակի ազդեցություն։ «Լողացող» կրթական համակարգը հենց այն դեղն է, որը  բացասական ազդեցություն է թողնում կրթության վրա, բայց փրկում է մարդկային կյանքեր։

Ցուցադրել ավելի
Back to top button