ԿարևորՀասարակություն

Երկարօրյան չպետք է դառնա երեխաներին «պահելու տեղ»․ հանրային քննարկման է դրվել երկարօրյայի ծրագրերի օրինակելի նախագիծը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերի նախագիծը: Նպատակը արտադասարանական աշխատանքների միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունները զարգացնելը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ աշակերտներին լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելն է: Դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատվել է անցյալ տարի։

«Ներկա պահին կարիքը չունեմ, քանի որ բալիկներս մեծացել են, բայց եթե ժամանակին լիներ, շատ կօգներ ինձ։ Ես աշխատող մայր եմ, ավելի հեշտ կլիներ ինձ համար։ Երեխաներս որոշ չափով դասերը պատրաստած տուն կգային և ավելի ապահով ձեռքերում կլինեին»։

Զրուցակիցս երկու դպրոցահասակ երեխաների մայր է։ Եթե  իրենց դպրոցում ժամանակին երկարօրյա ծառայություն լիներ, առանց երկմտելու կդիմեր՝ անկախ նրանից, թե որքան կարժենար դա։ Դպրոցներում երկարօրյա խմբակները նորություն չեն։ Ըստ վիճակագրության՝ այսօր երկարօրյա ծառայության համակարգում ներգրավված է շուրջ 50.000 երեխա։ Մինչև հիմա առանձին դպրոցներում երկարօրյա ծառայության համար իրավիճակային լուծումներ են եղել, շուտով դպրոցներում արտաուսումնական խմբակները, ճաշարաններն ու երկարօրյա ծառայությունները առավել կանոնակարգված դաշտ կմտնեն։

«Իմ երեխան մասնավոր դպրոց է գնում, երկարօրյան գործում է, սակայն մենք չենք օգտվում, քանի որ դասապատրաստում չի իրականացվում։ Ծառայությունը մեր դպրոցում 10.000 արժե, բայց եթե դասապատրաստում իրականացվեր, դեմ չէի լինի համ դասերը կպատրաստեր, համ էլ հարմար է աշխատող ծնողների համար»։

Հանրային քննարկման դրված երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերի նախագիծը հաստատվել է անցյալ տարի։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «Ռադիլուր»ի հետ զրույցում ասաց, որ դպրոցում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա․

«Երկարօրյա ծառայությունները ներառում են դասապատրաստման, երեխաների հանգստի, ժամանցի և նրանց  մշակութային ճանաչողական ու այլ հմտությունների զարգացման բաղադրիչներ»։

Խմբերում ընդգրկված սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել կամ սովորողների ծնողների կատարած մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին, կամ դպրոցի ֆինանսական միջոցներով:

«Նոր չափորոշչի տրամաբանությունն է, որ երեխաների անբավարար գնահատականի գաղափարը դուրս է գալիս, ինչով մենք փորձում ենք դուրս գալ նաև նույն դասարանում մնալու գաղափարից։ Դրա փոխարեն փորձելու ենք տարվա ընթացքում աշխատել երեխաների հետ։ Այն երեխաները, որոնց սովորելու հետ կապված խնդիրներ կնկատենք, հնարավորություն կունենան ընդգրկվել երկարօրյա ծառայությունում, հենց այդ պահին ստանալ հավելյալ կրթական աջակցություն, բարելավել իրենց արդյունքը»։

Երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ երեխաների ուսուցումը կազմակերպվելու է պետական միջոցներով: Նախաձեռնությունը ողջունում է նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Ասում է՝ դասաժամանակը ոչ բոլոր աշակերտների համար է բավարար։ Կան առարկաներ, որոնք նույնիսկ ծնողներն են դժվարությամբ հասկանում։ Նաև չմոռանանք, որ արդյունքի հասնելու համար լավ մասնագետներ են պետք, իսկ լավ մասնագետը, փորձագետն ասում է, լավ գին ունի․

«Երկարօրյան կրթական անհավասարությունները մեղմելու լավ գործիք է, պարզապես նաև բավականին ծախսատար է։ Նախարարությունը պետք է այնպես անի, որ երկարօրյան չդառնա «կամերախրանենի»։ Ռուսերեն բառի համար կներեք։ Ասում եմ, որպեսզի ավելի տիպիկ լինի։ Չդառնա մի բան, որտեղ ուղղակի երեխաներին պահում են, որովհետև ծնողները աշխատանքի են, ու երեխային նայող չկա»։

Երկարօրյա խմբերը ըստ դասարանների կամ կրթական աստիճանի կազմավորելիս՝ մանկավարժի համար սահմանվելու է վճար՝ տվյալ խմբի կարգացուցակի աշխատանքների դասաժամերի չափով:  Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը լինելու է 25, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի  խոսքով՝ նախաձեռնությամբ ուզում են համակողմանիորեն օգնել ընտանիքին,  աջակցել դասապատրաստումներին, նպաստել աշակերտի՝ ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button