ԿարևորՀասարակություն

Դիրքային տեղաշարժեր, պաշտպանության նախարարի փոփոխություն․ ԱԱԾ–ն հանձնարարել է «պատշաճ քննել»

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները թեև դեռ չեն սկսվել, բայց գրանցվել է ադրբեջանական ուժերի  Հայաստանի  ինքնիշխան տարածք ներխուժելու հերթական միջադեպը։

Այն արձանագրվել  է նոյեմբերի 14–ին Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի արևելյան հատվածում։ Անվտանգության խորհուրդը հանձնարարել է միջադեպի պատշաճ քննություն իրականացնել: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մարտական չորս դիրք այս պահին կողմերից որևէ մեկի վերահսկողության տակ չէ։ Այս դեպքերին հաջորդած առաջին քայլը պաշտպանության նախարարի փոփոխությունն էր։ Որոշումը, ըստ վարչապետի,  կայացվել է ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում։

Հայ–ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում դիրքային փոփոխություն, վերջին մեկ տարվա ընթացքում պաշտպանության չորրորդ նախարարի նշանակում ․ սա այն պատկերն է, որ ունենք այս պահի դրությամբ։  

Նոյեմբերի 14–ին տեղի ունեցած սահմանային միջադեպի առնչությամբ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությունը հաստատում է․ «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ»:  Ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել Հայաստանի տարածքից՝ նշվում է հայտարարության մեջ, բայց այդտեղ, ըստ ամենայնի, նաև հայկական զինված ուժերը չեն, քանի որ հաջորդող նախադասությամբ նշվում է հետևյալը․ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»:

Անվտանգության խորհրդի հայտարարությունը հաստատում է՝ նշված հատվածում շարունակում են տեղակայված մնալ դեռեւս մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ ադրբեջանական կողմի քայլերը չեն բխում այն փաստաթղթից, որը ստորագրվել է 2020–ի նոյեմբերի 9–ին։ Ինչ վերաբերում է 4 դիրքերին, հստակեցնում է․

«Այդ դիրքերը, որոնցից դուրս են եկել, ոչ թե հանձնվել են ադրբեջանական կողմին, այլ պարզապես որևէ կերպ այլևս չեն գործում։ Իրենք, կարելի է ասել,  գտնվում են, ինչ–որ միջանկյալ հատվածում, որը նույնիսկ ձեռնտու էլ չէ շահագործել լանդշաֆտի առումով։ Բայց փաստը մնում է փաստ, որ, այո, մեր զինվորները 4 հենակետից դուրս են եկել»։

Անվտանգության խորհրդի անդամները և ևս մի քանի պաշտոնյաներ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկվանից հանդիպումներ են ունենում  տարբեր ձևաչափերով՝ Անվտանգության խորհրդի նիստին հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

 «Վերլուծություն կանենք իրավիճակի և մի քանի ուղղություններով կփորձենք որոշումներ կայացնել ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»։

Անվտանգության խորհուրդը հերքում է լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել, իրականությանը չեն համապատասխանում: Կառույցը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:

Այս դեպքերին հաջորդած առաջին քայլը պաշտպանության նախարարի փոփոխությունն էր։ Վարչապետը հաստատեց՝ որոշումը կայացվել է ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում։ Պաշտոնանկության հիմնավորում, սակայն, հանրությանը չի ներկայացվում։ Սուրեն Պապիկյանը պաշտպանության 4–րդ նախարարն է վերջին մեկ տարվա ընթացքում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով, մինչդեռ,  հաճախակի փոփոխությունները ոլորտում անթույլատրելի են։

«Խոսել պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին այն պայմաններում, երբ մեկ տարվա ընթացքում 4 տարբեր պաշտպանության նախարար է նշանակվել, կարծում եմ, արդեն այս տեսանկյունից իրավիճակը ինքնին բավականին խոցելի է։ Իսկ ի՞նչ ունենք մենք։ Արցախում ունենք մեկ ամսվա ընթացքում 2 խոցված քաղաքացիական անձ, Հայաստանի սահմանի երկու հատվածում ունենք տեղակայված ադրբեջանական անցակետեր, մեկ այլ հատվածում՝ Վայոց Ձոր, Գեղարքունիք, վերադիրքավարումներ։ Ադրբեջանական կողմն էականորեն բարելավում է իր այն դիրքերը, որոնք առանց այդ էլ բավական լավ պայմաններ էին ապահովել դեռևս հետպատերազմական վիճակում»։

Քայլերից մեկով Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծել, որ դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Խորհուրդը կոչով դիմել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Ակնկալում է ջանքերի ակտիվացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ: Միջազգային այլ կառույցներին դիմելու անհրաժեշտություն է տեսնում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ինչի մասին էլ գրառում է կատարել Ֆեյսբուքում։ Առաջարկի էությունն է՝ «դիմել ՄԱԿ-ի ԱԽ և Մինսկի խմբին՝ պահանջելով հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները, նոր պատերազմը կանխելու նպատակով»։

Հայաստանն այսօր ապրում է անկախության տարիների իր ամենածանր փուլը․ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հիմնավորում է՝ մեր տարածաշրջանում բախվում են տասնյակ պետությունների շահեր, սկսվել է մրցավազք, իսկ հետպատերազմական պատկերը իրականում ոչ մեկին չի գոհացնում․

«Բավարարված չենք մենք, որովհետև կորցրել ենք։ Բավարարված չէ Ադրբեջանը, որովհետև չի կարողացել ամբողջությամբ վերցնել Արցախը, ինչպես պլանավորում էր։ բավարարված չէ ռուսական կողմը, որովհետև շատ ավելի մեծ տարածքի վրա նա պետք է կարողանար իր խաղաղապահ առաքելությունը տեղակայեր, այդ դեպքում խոսքը Հադրութի մասին է։ Բավարարված չէ նաև Իրանը, որովհետև շատ մեծ սահման, ըստ էության, որ Հայաստանի կամ Արցախի ՊԲ անվտանգության ապահովման ներքո էր գտնվում, հիմա դարձել է Ադրբեջանի հետ սահման և, բնականաբար, Իրանի համար լուրջ խնդիրներ է ձևավորում։ Խնդիրներ է ձևավորում նաև Սյունիքի «միջանցքը» կամ ճանապարհը, ինչպես ուզում եք անվանել։ Այս ամենը հասկանալով մենք տեսնում ենք, որ իհարկե պաատերազմական «տաք» գործողությունները ավարտվել են, բայց մեծ հաշվով գլոբալ մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ»։  

Քաղաքագետը համոզված է՝ մարտահրավերները հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով, քանի որ ցանկացած իրավական ակտի շուրջ կարելի է բանակցել։

Մինչդեռ Անվտանգության խորհուրդը, անդրադառնալով Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, ընդգծել է, որ դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ։ Ենթադրվում է, որ շրջանցող ճանապարհի կառուցումը կավարտվի տարեվերջին։ Մինչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ, ընդդիմադխոսները պնդում են՝ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղադրվող ադրբեջանական անցակետի պատճառով խնդիրների առջև է կանգնում ոչ միայն Ճակատենը, այլ ևս 5 բնակավայր՝ 600-700 բնակիչությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button