ԿարևորՀասարակություն

Գնաճը չի նահանջում․ բանջարեղենը մեկ ամսում թանկացել է 5, մեկ տարում՝ 70 տոկոսով

Վիճակագրությունը գների անկման մասին հուշող որևէ թիվ դեռ չունի․ Հայաստանում գները թռիչքաձև են բարձրանում։ Առաջին տեղում բանջարեղենն է։ Փորձագետները աճը պայմանավորում են  համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակով։ Պարենային ապրանքների համաշխարհային գները 1 տարում աճել են 27 տոկոսով։  Փորձագիտական հաշվարկներով՝  Հայաստանում մեկ տարում բնակչության   գնողունակությունը նվազել է շուրջ  15 տոկոսով։ Հայաստանում, սակայն, աշխատավարձի ինդեքսավորում չի կատարվում։

Հայաստանում, երկրորդ ամիսն անընդմեջ, վիճակագիրները մոտ  9 տոկոս գնաճ են արձանագրում։ Եթե հունվար– հունիսի կտրվածքով գնաճը 6․  էր, ապա հունվար–հոկտեմբեին՝ 9,1 տոկոս է։ Այս ցուցանիշում ներառված է սպառողական գրեթե բոլոր ապրանքների գների աճը՝ սննդամթերքից մինչև խմիչք ու ծխախոտ։ Մեկ տարում բանջարեղենը թանկացել է շուրջ 70 տոկոսով, մեկ ամսում՝ 5 տոկոսով։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում արձանագրում է․

«2021 թվականի հունվար–հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0․4 տոկոս։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  0․1 տոկոս նվազում է արձանագրվել։ Հանրապետության դիտարկվող  բոլոր քաղաքներում սպառողական գներն աճել են 0․5–0․8 տոկոսով։ Գնաճի բարձր մակարդակը եղել է Վանաձորում, Երևանում՝ 0․7 տոկոս է»։

Սյս տարվա տասը ամիսներին 16 տոկոսով  թանկացել է սննդամթերքը՝ տեղական, թե ներկրվող՝ սուրճ ու կաթնամթերք, ձուկ ու բանջարեղեն։

«Եթե 2021թվականի հոկտեմբերը դիտարկենք    հոկտեմբերի համեմատ, ապա աճ է գրանցվել  գազարի ( 90․1 տոկոս), կարտոֆլիլի (75․6 տոկոս), սնկի ( 47․2 տոկոս ), ճակնդեղի  (67․7 տոկոս) ապրանքային խմբերում։ Նվազել է խնձորի ու ձմերուկի գինը»։

Որքան էլ մասնագետները տրամաբանություն կամ պատճառաբանություն փնտրեն, բարձր գնաճը առաջին հերթին հարվածում է շարքային սպառողի գրպանին։ Զրուցակիցներս ամեն հաջորդ օր ստիպված են առաջին անհրաժեշտության ապրանքների համար ավելի շատ վճարել՝ զարմանալով, որ Հայաստանում աճեցված կաղամբի  ու կանաչու համար էլ են մի քանի անգամ շատ վճարում, իսկ կարտոֆիլի գինն, ասում են,  ոսկու գին է դարձել․

«Թանկացել է ամեն ինչ, անգամ այն ապրանքները, որոնք Հայաստանում են արտադրվում, օրինակ՝ լոլիկը, կարտոֆիլը, կաղամբը, վարունգը»։

Մասնագետները գնաճի բարձր մակարդակը ներքին ու արտաքին գործոններով են պայմանավորում։ Գյուղմթերքի բարձր գնի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։ Կարևոր գործոն են համարում  նաև 44–օրյա պատերազմի հետևանքով հողատարածքների կրճատումը։ Շատերը անասնագլխաքանակը կրճատեցին՝ ասում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Ավետիսյանը։ Նշում է՝ բերքն ընդհնարապես քիչ էր․

«Հիմա չի իջնում կարտոֆլիլ գինը, քանի որ քիչ է։ Շիրակում այն բերքը չկա, որ լինում էր միշտ։  Պետք է հարցին իրատեսորեն նայել։ Սյունիքին սահմանակից տարածքները օգտագործում էին հարևան գյուղերի բնակիչները, այդտեղ ցորեն, գարի էին ցանում։ Այս ամենի հնարավորությունը կրճատվել է։ Կրճատվել է նաև գլխաքանակը»։

Հայաստանում տարեցտարի ավելանում են ջերմատնային տնտեսությունները։ Ինչպե՞ս է, որ բանջարեղենի շուկայում բարձր գնաճ է, մինչդեռ ջերմոցային տնտեսությունները հիմնականում հենց բանջարեղեն են մշակում։ Էկոնոմիկայի նախարարությունից «Ռադիոլուր»–ին փոխանցեցին, որ 2021 թվականին կառուցվել է 7 ջերմատուն՝ ընդհանուր 13 622,4 քմ արտադրական տարածքով։ Ծրագրով ջերմատները նախատեսված են սննդի և ծաղկի արտադրության համար։ Պետական աջակցության ծրագիրը գործում է 2020 թվականից, կառուցված ջերմատները դեռ նոր են հանձնվել շահագործման։Ծրագրի շահառուները ջերմատան վերաբերյալ տեղեկատվությունը /կնքված պայմանագրի և ծրագրի համաձայն/ տրամադրում են ջերմատունը շահագործման հանձնելու հաջորդ տարում՝ մինչև հուիսի 1-ը, ապա ծրագրի արդյունքում արտադրանքի ծավալների ավելացում դեռևս հնարավոր չէ հաշվառել։

Գների աճի վրա ազդող գործոն է նաև վիճակը համաշխարհային շուկաներում։ Մասնագետն ասում է՝ այնպես չէ, որ աշխարհում մթերք չկա, պարզապես երկրները սկսել են ավելի շատ ապրանք պահեստավորել՝ թերևս համավարակի սահմանափակումներն աչքի առաջ ունենալով։ Պարենային ապրանքների համաշխարհային գները 1 տարվա ընթացքում աճել են 27 տոկոսով։ Գնաճի մեծ տեմպերի ֆոնին, սակայն, պարենային ճգնաժամ չի սպասվում՝ կանխատեսում է Սամվել Ավետիսյանը։

Հոկտեմբերին պարենամթերքի համաշխարհային գներն աճել են 3%-ով՝ 2011 թվականի հուլիսից հետո հասնելով գագաթնակետին։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալները։  Ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ տարածքում գնաճը հունվար–օգոստոսին կազմել է  6.5 տոկոս: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ղրղըզստանում՝ 11.7 տոկոս, այնուհետև Բելառուսում՝ 9 տոկոս: Ղազախստանում գնաճը 7.6 է, Հայաստանում 6.4, իսկ ԵԱՏՄ-ում ամենացածր ցուցանիշը այս տարի գրանցվել է Ռուսաստանում՝ 6 տոկոս:

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից անկախ՝ բարձր գինն առաջինը սպառողի գրպանին է հարվածում։ Գնաճի կանխման կամ միջամտության որևէ գործիք չի կիրառվում։

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում արձանագրում է՝ հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցող  շուկաներով է զբաղվում։ ԿԲ կանխատեսումների համաձայն, այս տարի գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև տարեվերջ, իսկ 2022թ–ին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։ Առկա գնաճային ռիսկերը, ԿԲ գնահատմամբ, հավասարակշռված են, իսկ անհրաժեշտության դեպքում ԿԲ–ն ի զորու է զսպել դրանք։ Փորձագիտական հաշվարկներով՝  Հայաստանում մեկ տարում բնակչության   գնողունակությունը նվազել է շուրջ  15 տոկոսով։ Տրամաբանությունը հուշում է՝ գնողունակության նվազման ֆոնին գները պետք է նվազեին, սակայն հակառակ միտումն է գրանցվել։ Եկամուտները մնացել են նույնը, գնողունակությունը նվազել է։ Հայաստանում, սակայն, աշխատավարձի ինդեքսավորում չի կատարվում։ Մասնագետները փաստում են՝ այստեղ վաղուց են մոռացել աշխատավարձի ինդեքսավորման մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button