ԿարևորՀասարակություն

Ադրբեջաներենը՝ զենք․ ԵՊՀ-ում կներդրվի ադրբեջանագիտության մագիստրոսական ծրագիր

Հայաստանում ադրբեջաներենի ուսուցման կարևորությունը գնալով ավելի արդիական է դառնում։ Արցախյան վերջին պատերազմը նոր շեշտադրումներով փաստեց դրա անհրաժեշտությունը։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում մեր երկիրն այս ուղղությամբ, արդյոք ձեռնարկված քայլերը համարժեք են ադրբեջանական քաղաքականությանը, «լեզվագիտության» պատերազմի մասին Էդուարդ Հովհաննիսյանը կպատմի։

Ադրբեջանում հայերենը սկսել են ավելի հետեւողականորեն սովորել։ Արդեն մի քանի տարի է՝ հանրակրթական ծրագրում հայերենի դասաժամեր են ներառված՝ շաբաթը երկու անգամ։ Հայերենի իմացությունն այդ երկրում եւս մեկ գործիք է կեղծիքի տարածման, անհանդուրժողականության սերմանման և հայերի նկատմամբ դեռ մանկուց ատելության ներդման համար։ Թուրքագետ Արթուր Գրիգորյանը քաջատեղյակ է սրան։ Պատերազմում թշնամու հաջողությունը նաեւ դրանով է բացատրում, բայց շտապում է դիտարկել նաեւ հարցի մյուս կողմը՝ կարեւորելով Հայաստանում թուրքերենի կամ ադրբեջաներենի իմացությունը թե հասարակական շրջանակներում, թե հատկապես Զինված ուժերում։

«Որպես ինքնապաշտպանություն և որպես ազգային պաշտպանություն, իհարկե, բոլորիս անհրաժեշտ է իմանալ ադրբեջաներեն գոնե մինիմալ մակարդակում։ Այսինքն, նույնիսկ եթե մենք պատահաբար լսենք ինչ-որ խոսակցություն, գոնե կարողանանք առաջնային մակարդակում հասկանալ»։

Հայաստանն ադրբեջաներենի ուսուցանումը դիտարկում է իր կրթական առաջնահերթությունների ցանկում։ ԿԳՄՍ-ն երկրում տարածաշրջանային լեզուներով մասնագիտացումների համար մագիստրոսական կրթության նոր քաղաքականություն է մշակել։  Նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տեղեկացնում է՝ ԵՊՀ-ում կներդրվի ադրբեջանագիտության մագիստրոսական ծրագիր․ կստեղծվի ուսումնական նոր պլան։ Նախագիծը կա, ժամկետերը՝ եւս։

«Արդեն նախատեսում ենք ունենալ այդ ծրագրերը, և հաջորդ՝ 2023-2024 ուսումնական տարվանից պետք է ներդնենք դրանք որպես կրթական ծրագիր ու սկսենք իրականացնել ընդունելություն։ Դրա համար մենք պետպատվերով տեղեր ենք սահմանելու՝ մինչև ութ տեղ։ Լեզուների հարաբերակցությունը կախված կլինի այդ տարվա քաղաքականությունից»։

Հայաստանում ադրբեջաներեն ու թուրքերեն ներկայում ուսուցանվում են միայն ԵՊՀ-ում եւ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում։ ԵՊՀ-ում ադրբեջանագիտությունն առանձին դասընթացների տեսքով է՝պատմություն, գրականություն, տնտեսություն, բայց՝ «թյուրքագիտություն» մասնագիտության շրջանակում։ Դասավանդվում է նաեւ կովկասագիտություն՝ կովկասյան ժողովուրդների պատմություն՝ արեւելագիտության շրջանակում։ ԿԳՄՍ ներկայացուցչի խոսքով՝ ադրբեջանագիտություն, որպես այդպիսին, ամբողջական ծրագրով չի եղել։ Հիմա լեզվի պահանջարկը կտրուկ մեծացել է․ դա հասկանալու համար հատուկ հետազոտության կարիք չկա՝ ասում է։ Իսկ պահանջարկի մեծացումն ուղղակիորեն բերել է կրթական նոր ծրագրի ներդրման անհրաժեշտության։ Ադրբեջաներենի լեզվի մասնագետների խնդիր չունենք՝ հավելում է։

«Ուսումնական ծրագրերն ու պլանները կազմում են բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Մենք կաջակցենք՝ ԵՊՀ-ից, Սլավոնական համալսարանից, Գիտությունների ազգային ակադեմիայից  կընդգրկենք  ամենահաջող ու գիտակ մասնագետներին, որոնք կկազմեն բոլորիս համար կարևոր այդ ծրագիրը»։

Համարժե՞ք է Հայաստանի կրթական այս քաղաքականությունն Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումներին, հատկապես այն դեպքում, երբ այդ երկրում հայերեն սկսում են սովորել դեռ դպրոցից։ ԿԳՄՍ ներկայացուցիչը գնահատական չի տալիս, բայց շեշտում է՝ սկսում ենք ու շատ լուրջ ենք սկսում։ Իսկ Արցախում արդեն սկսել են ադրբեջաներեն սովորեցնել նորաբաց կենտրոնում։  Արդեն ընթացքի մեջ է դասընթացների առաջին՝ ութամսյա փուլը։ Դասերն անվճար են, լեզվի իմացությունից զատ՝ մասնակիցները կուսումնասիրեն նաեւ Ադրբեջանը ներսից։ Նախաձեռնությանը ռազմավարական կարեւորություն է տրվում։ Ծրագրի վրա երկար են աշխատել, իսկ սովորողները հատուկ են ընտրվել որոշակի թիրախային խմբերից։ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն հիմնադրամի PR ոլորտի պատասխանատու Աննա Սարգսյան․

«Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգը, պետական շահերը և թշնամուն լավ ճանաչող սերունդ։ Նպատակն է պատրաստել ադրբեջաներենի մասնագետների, որոնց պակասը հիմա մենք շատ ունենք, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող տեղեկատվական, քարոզչական, անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում»։

Արթուր Գրիգորյանը թուրքերեն ու ադբեջաներեն սկսել է սովորել սեփական նախաձեռնությամբ, հիմա նաեւ ինքն է դասավանդում։ Ուշագրավ է համարում, որ այդ լեզուների հանդեպ հետաքրքրությունը պատերազմից հետո կտրուկ ավելացել է։ Լեզուն էլ զենք է․ դրանով էլ է պետք պայքարել ու հակադրվել՝  վստահ է։

«Պատերազմում ադրբեջանցիների, թուրքաադրբեջանական խմբավորումների հաջողությունների մեծ մասը պայմանավորված էր նաև հայերենի լավ իմացությամբ, այսինքն՝ կարողանում էին մոլորության մեջ գցել հայկական կողմին։ Սրանից մենք դասեր  պետք է առնենք։ Հասկանում ենք, որ պարտության պատճառներից մեկը նաև սա էր։ Մենք էլ կարող էինք  նույն մոտեցմամբ նրանց հանդեպ ունենալ հաջողություն»։

Արթուր Գրիգորյանը հիմա նաեւ թուրքերեն ու ադրբեջաներեն է պարապում լրագրողների խմբի հետ․ այդ լեզուներով մամուլը մասնագիտորեն դիտարկելը պակաս կարեւոր չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button