ԿարևորՀասարակություն

285 դպրոց՝ առանց ջեռուցման համակարգի․այլընտրանքը վառարանն է ու էլեկտրական ջեռուցիչը

Հանրապետության 1143 դպրոցներից 285-ը չունեն ջեռուցման համակարգ։ Տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ ամենաշատ չջեռուցվող դպրոցները Լոռու մարզում են՝ 51-ը։ Կոտայքում ամենաքիչն են՝ 10-ը։ Երևանում և Վայոց Ձորում ջեռուցման խնդիր ունեցող դպրոցներ չկան։ Անդրադառնալով դպրոցների ջեռուցման խնդրին՝ ՏԿԵ նախարարությունից «Ռադիոլուր»–ին ասացին, որ ջեռուցման համակարգով չապահովված դպրոցները տաքացվում են էլեկտրական ջեռուցիչներով, գազի, փայտի, դիզելային վառելիքի վառարաններով, գազի ջեռուցման կաթսաններով։

Ջեռուցման այս տարբերակներն ամբողջական չեն և չեն ապահովում համապատասխան ջերմաստիճան։ Հարցի ի՞նչ լուծում է առաջարկում ԿԳՄՍ նախարարությունը․ «Ռադիոլուր»-ի հարցին պատասխանում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը․

«Կան բազմաթիվ դեպքեր, որ խնդիրը դպրոցը չէ, որովհետև դպրոցում առհասարակ չկա համապատասխան ենթակառուցվածքը, և դա չկա ողջ համայնքում։ Չկա, օրինակ գազամատակարարում կամ ջրամատակարարում։ Այս պարագայում պետք է փորձենք լուծումներ գտնել Տարածքային կառավարման նախարարության մեր գործընկերների հետ, սուբվենցիոն ծրագրերի միջոցով ապահովել համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը համայքնում, և հետևապես նաև դպրոցները կապահովվեն մշտական ջեռուցման համակարգերով»,-ասում է Ժաննա Անդրեասյանը։

Դպրոցներում ջեռուցման շրջանի հետ նորմերի վերահսկման աշխատանքն է սկսել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Այն հետևում է, թե ինչպես են դպրոցները կատարում Առողջապահության նախարարի 2017 թվականի հրամանով սահմանված հանրակրթական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները և պահպանում են, արդյո՞ք, սանիտարական նորմերը։  «Ռադիոլուր»-ի զրուցակիցն է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ տեսուչները, ըստ ահազանգերի, այցելում են դպրոցներ, խախտումներ արձանագրելու դեպքում՝ վարույթ է սկսվում, ձեռնարկվում են քայլեր՝ անհրաժեշտ ջերմաստիճանը ապահովելու համար․

«Ըստ նորմերի՝ դասարաններում, ուսումնական կաբինետում, գրադարանում, բուժկետում պետք է լինի 18-22 աստիճան, ուսումնական արհեստանոցներում, նախասրահում և հանդերաձարանում պետք է լինի 18-20 աստիճան, իսկ մարզադահլիճում՝ 18-19 աստիճան պետք է լինի։ Նշեմ, որ մեր տեսուչները ջեմաստիճանի ստուգումներ իրականացնում են նաև քովիդի ստուգման այցերի ժամանակ։ Եթե հայտնաբերվում է խախտում, արվում է ամեն բան, որ ապահովվի դպրոցում համապատասխան ջերմաստիճանը»,-ասում է Գայանե Խաչատրյանը։

Թեպետ այս պահին հանրապետության դպրոցների 25 (24,9) %-ն չի ջեռուցվում, վերջին տարիներին իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում 44 դպրոց ապահովվել է ջեռուցման համակարգով։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ծրագրերով առաջիկայում կլուծվի ևս 78 դպրոցի ջեռուցման խնդիր։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button