ԿարևորՀասարակություն

Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվել է «Կապանի տեխնոլոգիական կենտրոնը»

Նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվել է «Կապանի տեխնոլոգիական կենտրոն»-ը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը, Նարեկ Ղահրամյանը, Վահագն Ալեքսանյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը, ՀԱՃԼ համակարգող, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի գիտության գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր։

Ողջունելով ներկաներին, Ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին և միջազգային կառույցի ներկայացուցիչներին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում նմանօրինակ լաբորատորի հիմնելուն էական աջակցություն ցուցաբերելու համար և միաժամանակ ընդգծել է, որ նորաստեղծ հիմնարար ինժեներական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ռոբոտաշինության լաբորատորիաների միջոցով հնարավոր է իրականացնել որակյալ կրթություն, ստեղծել գիտահետազոտական միջավայր և մարզում արդյունավետ իրականացնել ինժեներական կրթության քաղաքականությունը:

Ռեկտորը իր խոսքում անդրադարձել է նաև լաբորատորիաների դերին, իբրև դպրոցահասակ երիտասարդների համար մասնագիտական կողմնորոշման, ստարտափ գաղափարների իրականացման լավագույն էկո միջավայր ու հնարավորություն, որի միջոցով շատ երիտասարդներ իրենց մասնագիտական գործունեությունը կարող են տեսնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, վաստակել մեծ գումարներ և շարունակել ապրել սեփական տարածաշրջանում այն զարգացնելու և շենացնելու նպատակով:

Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում նորաստեղծ լաբորատորիաների հիմնման գործում մեծ ավանդ ունենալու և վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար, ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը և Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը պարգևատրվել են ՀԱՊՀ Վաստակագրով։

«Կապանի համակարգչային լաբորատորիայի» և «Մոբայլ լուծումների լաբորատորիայի» բազայի հիման վրա ստեղծվել է շուրջ 560քմ ընդհանուր մակերես ունեցող «Կապանի տեխնոլոգիական կենտրոն»-ը (Պոլիտեխնիկական ինժեներական կենտրոն), որը հագեցված է ժամանակակից տեխնիկայով:

«Կապանի համակարգչային լաբորատորիա»-ն կյանքի է կոչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հովանու ներքո՝ միջազգային գործընկերների և «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի աջակցությամբ, որի համար ներդրվել է, ընդհանուր առմամբ մոտ 55 միլիոն ՀՀ դրամ:

Տեխնոլոգիական կենտրոնի նպաստելու է ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքների խորացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ճարտարագիտական կրթության նկատմամբ մոտիվացիայի խթանմանը, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողների ինժեներական կարողությունների և ծրագրավորման հմտությունների զարգացմանը և մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապագա ինժեներական կադրերի պատրաստմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button