ԿարևորՀասարակություն

Շուշիի մոտ նռնակ նետած հայ քաղաքացին Ադրբեջանին չի հանձնվի․ Արա Ղազարյան

Շուշիի անցակետի ուղղությամբ նռնակ նետած հայ քաղաքացին Ադրբեջանին չի հանձնվի՝ Արցախի հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Արցախի ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:

Քաղաքացին այսօր առավոտյան ձերբակալվել է ռուս խաղաղապահների կողմից:

Արա Ղազարյան խոսքով՝ Արցախի շատ հատվածներ ռուսական ազդեցության ներքո են, և հետևապես Ռուսաստանը կիրառում է իր իսկ օրենքները և կարող է ձերբակալել հայ քաղաքացու:

«Եթե հարցը հասնի քրեական գործի քննությանը, ապա քննությունը կանցկացվի ՌԴ օրենքներով։ Այս պարագայում Ռուսաստանը հայ քաղաքացուն կամ պիտի հանձնի Ադրբեջանին, կամ Արցախի կամ Հայաստանի իշխանություններին։ Ադրբեջանին այս պարագայում չի կարող հանձնել, որովհետև կա իրական վտանգ, որ քաղաքացին այնտեղ կենթարկվի խոշտանգումների, մնում է հասկանալ, թե ՌԴ ի՞նչ կորոշի՝ քաղաքացուն հանձնել Հայաստանի՞, թե՞ Արցախի Հանրապետության իշխանություններին»,- ասում է Արա Ղազարյանը։

Արդյո՞ք Ադրբեջանը չի փորձի զարտուղի ճանապարհներով հասնել նրան, որ քաղաքացին հայտնվի Բաքվում: Միջազգային իրավունքի մասնագետն ասում է, որ միջազգային իրավունքի պարտադիր նորմեր կան, ըստ որոնց եթե իրական վտանգ կա, որ մարդը տվյալ վայրում կարող է ենթարկվել խոշտանգումների, ապա արտահանձնումը բացառվում է։

Արա Ղազարյանի կարծիքով՝ ՌԴ նման քայլի չի գնա և հայ քաղաքացուն ադրբեջանական իշխանություններին հանձնելու որոշում չի ընդունի։

Ցուցադրել ավելի
Back to top button