ԿարևորՀասարակություն

Մկրտություն՝ վիրավոր որդուն բանակից ընդունելուց հետո եւ զույգ որդիներին բանակ ճանապարհելուց առաջ

Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր Առնակ քահանա Հարությունյանի ձեռամբ մկրտվել են 44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր, հաշմանդամ դարձած զինծառայողներ, նաև՝ զոհված հայորդիների երեխաներ։

Պատերազմի մասնակից մի որդուն ընդունած, մյուս երկուսին ծառայության ճանապարհելուն պատրաստվող Ուզունյանների համար այս առիթը հատուկ խորհուրդ ունի։

Աստծո օրհնությունը՝ ուղեկից ողջ ծառայության ընթացքում․ իր ու իրենց որդիներին ծառայության ուղարկող բոլոր մայրերի անունից ասում է Քրիստինեն։  Բանակից ավագ որդու՝ Նվերի վերադարձին 100 օր էր մնացել։ Պատերազմը խառնեց օրացուցային բոլոր հաշվարկները։ Նվերը վերադարձավ սպասվածից ավելի շուտ, բայց պատերազմում ստացած վնասվածք-վիրավորումներից մինչ օրս փորձում է ապաքինվել։ 

«Ճիշտն ասած՝ ես սկզբում չեմ էլ հավատացել, որ վիրավորվել է։ Ես մտածում էի, որ երեխաս չկա։ Բայց, փառք Աստծո, իմ երեխան կա, շնորհակալ եմ»։

Նվերն ու իր զույգ եղբայրները` Էրիկն ու Էդգարը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տասնյակ մկրտվողներից են։ Նվերի ծառայության պատմությունն ու պատերազմի ծանր կադրերը եղբայրների՝ բանակ գնալու տրամադրության եւ տրամադրվածության վրա չեն  ազդել։ Նվերն ինքն էլ պատրաստ է վերադառնալ անավարտ մնացած ծառայությանը, միայն թե բուժումները դեռ չեն ավարտվել։

«Շատ եմ ուզել, բայց ի վիճակի չեմ եղել։ Մի քանի ամիս բուժվել եմ։ Ծառայությունս էլ եմ այդ ընթացքում ավարտել»։

Մայրը՝ Քրիստինե Ուզունյանը, հիշում է այդ օրերի իրենց ապրումները։ Ծանր էին՝ ասում է, չեմ էլ հիշում՝ օրերն ինչպես եմ անցկացրել, մինչև լսել եմ իր զանգը։ Խոսելուց հետո էլ եմ անհանգիստ եղել՝  վախն ամեն վայրկյան սրտում։ Հետո իմացա, որ վիրավորվել է։ Մոր պատմությունը որդին է շարունակում, միայն թե այլ տրամադրությամբ։

Ջաբրայիլը եղել է ամենածանր դաշտերից մեկը, որովհետև ամեն օրն էլ շատ ծանր է եղել։ Մանավանդ, որ թշնամին մինչև ատամները զինված էր լավ տեխնիկայով։ Չնայած մեր ոգին ու կամքն ավելի ուժեղ է եղել»։ 

Պատերազմի կադրերը Նվերի հիշողության մեջ են։ Հեռախոսային որեւէ կադր չունեմ՝ ասաց։  Նկարվելու կամ դրա մասին մտածելու ժամանակ չենք էլ ունեցել։ Միայն հասցրել եմ մորս զանգել՝ պատմում է։ Ջաբրայիլում մեր գումարտակն իր խնդիրը կատարել է բարձր մակարդակով՝ շտապում է ասել։  5-6 օր համառ մարտեր էին։ Հետո ստացան նահանջի հրաման։ Իր մղած պատերազմի վերջին օրերը Քաշաթաղում էին։ Հոկտեմբերի 5-ը Նվերի համար իր մղած համառ մարտերի վերջին օրն էր։ Երեւան հասցրին ուղղաթիռով։ Վնասվածքները ծանր էին՝ «Սմերչի» բեկորներից։ 

Պատերազմի մասին 21-ամյա Նվեր Ուզունյանը երկար չի պատմում։ Տարի ութ ամիս ծառայությունը հանդարտ է անցել, ասում է՝ չեմ էլ հիշում՝ ինչպես։ Զրահատանկային N25 գումարտակը, որի կազմում ծառայում էր Նվերը, պատրաստվում էր 4 տարին մեկ անցկացվող խոշոր զորավարժության։ Ռազմական առաջադրանքները միանգամից փոխվեցին։

«Առավոտյան 7–ի կողմերն էր։ Սնարյադների ձայներ լսեցինք։ Արթնացանք ու տեսանք, որ ամբողջ տարածքը ծխի մեջ կորած է։ Հրամանատարները եկան ու ասացին՝  պատերազմ է»։

Ուզունյանները որդիների մկրտությանը եկել են ողջ ընտանիքով։ Նրանց հետ, նրանց կողքին մկրտվում են 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաներ, վիրավորված ու հաշմանդամություն ձեռք բերած զինվորներ։ Նախաձեռնությունը Շվեդիայի հայ համայնքի «Հայաստանի Շտապ օգնություն» կազմակերպությանն է։ Կազմակերպության տնօրեն Լորանս Շառոյանը Շվեդիայի հայ համայնքի անունից վստահեցնում է՝ մշտապես պատրաստ են աջակցել պատերազմի մասնակից ընտանիքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button