Ստարտափ Հայաստան

Բիզնես որտեղ իրերի մի մասը վաճառքի ենթակա չէ․ «Ստարտափ Հայաստան»

2010 թվական։ Հայաստան։ Տան անդամները Տիգրանին ասացին, որ գնա ջերմաէներգետիկ դառնա։ Թե ինչ էր դա ընդհանրապես իրենից ներկայացնում, ոչ կարևոր էր, ոչ էլ էական, որովհետև, մեր մեջ ասած, մարդ կար, որն այդ բաժնում էր աշխատում։ Տիգրանին լավ էր նայելու, իսկ հետո, թե ինչպես կդասավորվեր երիտասարդի մասնագիտական կյանքը, դա կարևոր չէր։

Բանակում երկու տարին ինքնազարգացման, ինքնաճանաչման ժամանակներ էին։ Տիգրանը հասկացավ, որ ինքն ինչ-որ հետաքրքիր սեր ունի փայտի հանդեպ։ Սիրում է դրա հոտը, տեսքը, գույնը։ Հայրենիքին պարտքը տալուց հետո վերադարձավ տուն։ Օրերից մի օր այնպես ստացվեց, որ ոտքն ընկավ կահույքագործ հոր աշխատատեղ։

Ճակատագիրը հենց այդ պահին գծագրվեց։ Իրականում, հետո պարզվեց, որ ճակատագրի գծագրման ժամանակ մի փոքրիկ հատված բաց էր մնացել։ Գրաֆիկ դիզայներ դառնալու միտքը պատշաճ ուշադրության չէր արժանացել։

Մտածել էր՝ դե ցանկություն է, որը գուցե անցի։ Սակայն, ժամանակակից այս մասնագիտությունը Տիգրանին գերեց այնքան, որ երբեմնի ջերմաէներգետիկն ու փայտագործը դարձավ գրաֆիկ դիզայներ։

Տիգրանը փորձել է մասնագիտությունները կապել իրար։ Ինչ-որ պահի ստացվել է, ինչ-որ պահի դրանք «նույն լեզվով չեն խոսել» ու միջակայքում որոշել է որպես հոբբի ստեղծել մի բան, որից հոգևոր սնունդ կստանա, հետո հասկացել է, որ կարելի է նաև դրան զուգահեռ գումար վաստակել։

Աշխատանքում մի փոքր կամակոր է։ Եթե մի բան չի հավանում, չի պատրաստում։ Դասական ճշմարտությամբ` նա բիզնեսում դժվար պետք է հաջողեր, բայց կարողացել է գտնել հաճախորդի հետ ճիշտ շփման ձևը` թե ինչպես կարելի է մարդկանց սովորեցնել յուրահատուկ իրեր ունենալու մտքին։

Տիգրանի համար կան իրեր, որոնք վաճառքի ենթակա չեն։ Դրանք ստեղծում է միայն նվիրելու համար, որովհետև իր համար կարևոր են մարդկային հույզերն ու ապրումները, այն, թե ինչ են մարդիկ զգում, երբ ստանում են իր պատրաստած նվերները։

Մի քանի բառով ամփոփելուց հետո հասկացանք, որ սա բիզնես-հոբբի է, որը մեկ է` 30 տարի հետո էլ գոյություն կունենա։

Ցուցադրել ավելի
Back to top button