ԿարևորՀասարակություն

Googlе-ը, Facebook-ը, Booking-ը, Netflix-ը եւ ոչ միայն՝ ՀՀ հարկատու․ սա կազդի՞ քաղաքացու գրպանի վրա

Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի ներդրման ուղղությամբ ՊԵԿ-ը սկսել է կոնկրետ քայլեր իրականացնել: «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նոր նախագծով  նախատեսվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկել ԱԱՀ-ով։ Կառավարություն հաստատել, իսկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է այն։ Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ երկրորդ ընթերցումից հետո ուժի մեջ կմտնի 2022թ․ հունվարի 1-ից։

Googlе, Facebook, Booking, Amazon, Netflix ընկերությունները 2022-ի հունվարի 1-ից կդառնան Հայաստանի հարկատու։ Առաջարկվող հարկային օրենսդրական փոփոխություններով՝ այս ու էլեկտրոնային ծառայություն մատուցող այլ ընկերություններ պետք է վճարեն ԱԱՀ։  Հարկը  կվճարվի եռամսյակը մեկ՝ ընդհանուր վճարների 20  տոկոսի չափով։ Այդ վճարը գոյանում է տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցերով տրամադրված էլեկտրոնային ծառայությունների դիմաց քաղաքացիների վճարած գումարից։ Էլեկտրոնային ծառայությունների թվում են ինտերնետային գովազդը, օն-լայն կրթական ծրագրերը,  վճարովի էլեկտրոնային գրքերը, ֆիլմերը եւ ոչ միայն։ Հարկը թեեւ գոյանում է Հայաստանի քաղաքացու վճարներից, բայց ԱԱՀ-ն վճարում է բացառապես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող, այսինքն՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Ֆիզիկական անձանց գրպանի վրա այս փոփոխությունը որեւէ կերպ չի ազդի՝ շեշտում են ՊԵԿ ներկայացուցիչները։ Էլեկտրոնային, այսինքն՝ սոցցանցերով իրականացվող առեւտուրն այս կարգավորման տակ չի ընկնում՝ շեշտում է  ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանը։

«Ռեզիդենտի համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում էլեկտրոնային ծառայությունների մատուցման առումով , որովհետև գործող օրենսգրքով՝ եթե ռեզիդենտ ԱԱՀ վճարողը ծառայություններ է մատուցում, որպեսզի հասկանանք հարկվում է, թե՝ոչ, նայում ենք, թե վայրը որտեղ է։ Եթե դրսում է, զրոյական դրույքաչափ է կիրառվում, եթե Հայաստանում է, այդ դեպքում հարկվում է։ Գործող օրենսգրքով սահմանված չէ, թե որոնք են էլեկտրոնային ծառայությունները։ Այդ պատճառով մի շարք ծառայություններ  հիմա հարկվում են 20 տոկոս դրույքաչափով։ Իսկ նախագծի ընդունման դեպքում այդ ծառայությունների մասով կկիրառվի զրոյական դրույքաչափ։ Օրինակ եթե օնլայն կրթական ծառայություն լինի, որն այս պահին Հայաստանում է մատուցվում, այժմ 20 տոկոսով պետք է հարկվեր, եթե հիմքեր չունենք ապացուցելու, որ դրսում է։ Իսկ քանի որ էլեկտրոնային ծառայությունների մեջ ներառվում է նաև կրթությունը, եթե ստացողը ոչ ռեզիդենտն է, մեխանիկորեն վայրը դրսում կլինի և զրոյական դրույքաչափ կկիրառվի»։

Ներկայում, օրինակ, «Ֆեյսբուքը» քաղաքացիներին վճարովի գովազդ է տրամադրում, բայց իր ստացած վճարներից հարկ չի մուծում։ Կառավարության հաստատած, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ ՀՀ քաղաքացուց ստացած գումարների 20 տոկոսն ԱԱՀ-ի տեսքով այս ընկերությունը կվերադարձնի ՀՀ պետբյուջե։ Օրենսդրական փոփոխություն նախաձեռնելուց առաջ հարկային մարմինները հարցը քննարկել են թվարկված այս ու այլ խոշոր ընկերությունների հետ։ Առարկություն չի եղել՝ ասում է ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը։ Հարկման նման մեխանիզմ կիրառում են այլ երկրներ նույնպես։  Արդյո՞ք չեն խուսափի այս ընկերությունները հարկերից։ ՊԵԿ-ում վստահ են՝ դրանց համար իրենց հեղինակությունն ավելի թանկ է, քան Հայաստանին վճարվելիք հարկերն են։  

«Այդ կազմակերպությունների համար իրենց համբավը շատ ավելի կարևոր է , քան հարկերից խուսափելը։ Նրանցից ոչ մեկը չի առարկել, բոլորը հարկերը վճարելու պատրաստակամություն են հայտնել։ Կոնկրետ մենք քննարկել ենք թեման «Գուգլ», «Ֆեյսբուք», «Բուքինգ», «Սփոթիֆայ», «Ամազոն», «Նեթֆլիքս» ու նման կազմակերպությունների հետ և այս էլեկտրոնային ծառայությունների մատուցման գծով միջազգային փորձագետների հետ»։

Տարեկան որքա՞ն գովազդ է Հայաստանից պատվիրվում, օրինակ, Ֆեյսբուքով, կամ վճարովի էլեկտրոնային ծառայությունների՝ ֆիլմերի, գրքերի, օն-լայն ծրագրերի դիմաց ինչքա՞ն են վճարում ՀՀ քաղաքացիները, եւ, ըստ այդմ, որքա՞ն գումար հարկի տեսքով կմտնի մեր երկրի բյուջե՝ ՊԵԿ-ից հաշվարկներ դեռ չեն ներկայացնում։ Ավելի վաղ  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  նշել էր՝ խոսքն առնվազն 20 մլրդ դրամի մասին է։

Ի դեպ ՝ այս նոր փոփոխությամբ հարկման դաշտում կհայտնվի նաև դրսում գրանցված՝ էլեկտրոնային «Յանդեքս» տաքսի-ծառայությունը։ Տեղական օն-լայն տաքսիներն այսպես թե այնպես արդեն հարկվում են։ ՊԵԿ-ում կարծում են՝ սա արդարացի մոտեցում է, քանի որ հավասար մրցակցային պայմաններ կստեղծեն օն-լայն տաքսիների դաշտում։  

Ցուցադրել ավելի
Back to top button