ԿարևորՔաղաքական

3+3 ձևաչափին հակադրվելու ծրագրեր կան՝ վստահեցնում են ակադեմիկոսները

ԳԱԱ-ում «Հայաստան-Թուրքիա․հայացք ներսից» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի ժամանակ քննարկվել են տարածաշրջանում ու Հայաստանի շուրջ ընթացող զարգացումները։ Մասնագետները  զուգահեռել են Օսմանյան կայսրության և այսօրվա Թուրքիայի  նկրտումները, քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր հետեւանքները։

Չհավատալ այն ամենին, ինչ այսօր ասում է թուրքական դիվանագիտությունը, նայել պատմությանը, որն այսօրվա իրավիճակին նման շատ դրվագներ ունի. այս հորդորները «Հայաստան-Թուրքիա․ հայացք ներսից» խորագրով  միջազգային գիտաժողովի ընթացքում հնչում էին հաճախ՝ հստակ հիմնավորումներով ։ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Աթաթուրքի գաղտնի նամակները մատնացույց անելով, բացատրեց՝ Թուրքիան միայն երկու ընդունելի կարգավիճակ է տեսնում Հայաստանի համար՝ որպես Թուրքիայի վասալ պետություն կամ Հայաստանի իսպառ վերացում ։

«Երկու կարգավիճակ կա, որ Թուրքիան կընդունի Հայաստանին համար։ Դա  Երիտթուրքերի կնքած Բաթումի պայմանագիրն է՝ Հայաստանը որպես վասալ պետություն, շատ փոքր տարածքով։  Երկրորդ մոտեցումը Աթաթուրքի մոտեցումն է՝ Հայաստանի իսպառ վերացում, որը նա ձեւակերպել էր գաղտնի փաստաթղթերում»։

Ռուբեն Սաֆրաստյանը գիտաժողովին ժամանել էր թուրքական TRT հեռուստաընկերության միջազգային  հաղորդումների բաժնի կայքում հրապարակած քարտեզով, որտեղ Զանգեզուրի միջանցքը ներառում է ողջ Սյունիքը։ Քարտեզը, ըստ թուրքագետի, պարզ հուշում է Անկարայի հեռահար նպատակների մասին։

«Սա մոտավորապես 3-4 ամսվա վաղեմություն ունի, եւ այստեղ Զանգեզուրի կորիդոր ասվածը վերաբերում է ողջ Սյունիքին։ Այ սա է Թուրքիայի նպատակը՝ Զանգեզուրի կորիդոր ասելով տիրանալ ողջ Սյունիքին»։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Աշոտ Մելքոնյանն էլ նկատեց՝ Սյունիքը ոսկոր է, որը մնացել է Թուրքիայի կոկորդին, ու հիմա այդ երկիրը փորձում է վերջնականապես  լուծել հարցը։ Ի՞նչ է առաջարկում այսօր Թուրքիան խաղաղասիրության քողի տակ։ Ակադեմիկոսի խոսքով՝ Անկարայի հորդորը մեկն  է՝ հաշտվել անբարենպաստ իրավիճակի հետ։ Իսկ 3+3 ձեւաչափը, մասնագետի կարծիքով, միակողմանի ծրագիր է, որի նպատակը դարձյալ Սյունիքն է։ 

«Կապանցի իմ համակուրսեցիները պատմում էին, թե քանի պատուհան կոտրեցին այդ գիշեր ադրբեջանցիները, երբ երկաթուղով իրենք գալիս էին Երեւան։ Կապանում գնացք էին նստում, Երեւանում առավոտյան իջնում էին, բայց այդ ընթացքում գնացքը քանդ ու քարափ էին անում, եւ դա դեռ խորհրդային տարիներն էին։ Հիմա այս լարվածության պայմաններում մենք պետք է հույսե՞ր ունենանք, թե՞ այդ երկաթուղով Նախիջեւանի տարածքով պետք է գնանք ու գանք։ Կամ պատկերացրեք հայ վարորդի վիճակը, որին ասում են, որ իր բեռնատարով  պետք է Իջեւանով, Ղազախով  ծիրանը հասցնի Ռուսաստան։ Երաշխիք չեն տալիս, ռուս խաղաղապահ չի ուղեկցում։ Պարզ է, որ պետք է հրաժարվի։  Իսկ իրենք պետք է գնան ու գան, միանշանակ»։

Սակայն վիճակն անելանելի չէ՝ վստահեցնում է ակադեմիկոսը։ Փակագծերը չբացելով՝ հավաստիացնում է՝ գիտնականները պետական այրերին կարող են ծրագիր  առաջարկել, որը կփոխի Հայաստանի վիճակը։

«Ես ձեզ հավատացնում եմ, որ մենք այդ « 3+3 » ծրագրին հակադրելու շատ լուրջ ծրագրեր ունենք, միայն թե այն պետք է պետականորեն առաջ տանել, գտնել դաշնակիցներ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Այդ դեպքում մեր հակառակորդները կհասկանան, որ պետք է գան խոհեմության դաշտ եւ, ինչո՞ւ չէ, որքան էլ իրենց համար դժվար լինի, պետք է հավասարը հավասարի պես մեզ հետ նստեն խաղաղության սեղանի շուրջ»։

Հարկ է արագ դուրս գալ, ակադեմիկոսի ձեւակերպմամբ, զրկված ու զարկված վիճակից եւ օգնել կյանքի կոչելու այն ծրագիրը, որը գիտնականներն  առայժմ գաղտնի են պահում։

Ցուցադրել ավելի
Back to top button