ԿարևորՀասարակություն

Միջազգային հանրության կոչերը՝ օդում․ Արցախը շարունակում է հումանիտար օգնությունից զրկված մնալ

Նոյեմբերի 10–ին Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպումը երկրորդն էր 44-օրյա պատերազմից հետո։ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը կայացել էր սեպտեմբերին, Նյու Յորքում՝ ՄԱԿ–ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակում։ Երկու հանդիպումներն  էլ համանախագահները հայտարարություններով են ամփոփոել, որոնք գրեթե նույն շեշտադրումներն ունեն։ Արդյո՞ք Ադրբեջանը կյանքի է կոչում հայտարարություններում սևով սպիտակի վրա գրված դրույթները։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ։  Հայտարարություն եղել էր նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նյույորքյան հանդիպումից հետո։ Երկու հանդիպումներն էլ միջնորդները գրեթե նույն շեշտադրումներով են ամփոփում՝   կարևորելով կողմերի հետ քննարկումների  շարունակականությունը և  լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։  Համանախագահները, մասնավորապես,  շեշտում են

 «Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսած քննարկումները դեէսկալացիայի հնարավոր միջոցառումների և այս գործընթացում հետագա քայլերի շուրջ։ Քննարկվել են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր։Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում, այդ թվում՝ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և  պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հարցերում առաջընթացի կարևորությունը, և կողմերին կոչ են արել անսահմանափակ հասանելիություն ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար:Համանախագահները ընդգծել են նաև սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Չնայած համանախագահների հորդորներին՝ Ադրբեջանը Արցախ մուտք գործելու հարցում շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել միջազգային տարբեր մարդասիրական առաքելությունների ներկայացուցիչների համար։

Արցախում հումանիտար խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի ՝ պատերազմի հետևանքով առաջացած և երկարաժամկետ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում  է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և շեշտում՝ առաջնային խնդիրը գերիների վերադարձին և անհետ կորածների ճակատագրին վերաբերող դժվարություններն են։

«Մեր կառույցը շատ ակտիվ է եղել անհետ կորած անձանց ցուցակների կազմման հարցում, և մարդիկ դեռ շարունակում են այդ հարցերով դիմել գրասենյակ։ Այսօր որոնողական աշխատանքները ամենօրյա ռեժիմով չեն իրականցվում,  ոչ թե պայմանավորվածություն չունենալու պատճառով, այլ հարազատի և զինծառայակիցի տրամադրած կոնկրետ տվյալների հստակեցման դեպքում են իրականացվում՝ թե որտեղ կարող է գտնվել կորած անձի աճյունը»։

Թե պատերազմի ավարտից մեկ տարի անց  կոնկրետ քանի հայ գերի է պահվում Ադրբեջանի բանտերում, պաշտոնական Երևանը չի հստակեցնում։ Պատերազմի տարելիցին Հանրային ՀԸ տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր,  որ «հաստատված 40 գերիների մեծ մասը` 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո և մինչև այժմ չեն արձակվել` ի հեճուկս միջազգային հանրության կոչերի ու հայտարարությունների»։  Իսկ իրավապաշտպանների տվյալները և հավաքագրած փաստերը այլ  վիճակագրություն են կազմում։ Ըստ դրա՝ Բաքվում պահվող հայերի թիվն առնվազն 3 անգամ ավելին է, քան Ադրբեջանի հաստատած տվյալը  և հասնում է 120-ի։

Երկարաժամկետ հումանիտար խնդիրները բազմազան են՝ առողջապահության ու կրթության որակի ու մատչելիության բարձրացում, մանկապարտեզների հասանելիություն բոլոր երեխաների համար, բնակչության զբաղվածության և տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացում, հաշմանդամների ու վիրավորների ինտեգրում հասարակություն։ Ըստ Ստեփանյանի՝ այս պահին Արցախում միջազգային հումանիտար կազմակերպություններ ներկայացված չեն՝ բացի մի քանի փոքր ընկերություններից, որոնք չեն ենթարկվել Ադրբեջանի սպառնալիքներին։

«Կրթության ոլորտում կարող ենք առանձնացնել շենքային պայմանների անբավարար վիճակը, գրքերի պակասը։ Ամենամեծ խնդիրը բնակարանայինն է, մարդիկ ցանկանում են վերադառանալ, բայց բնակարաններ չկան, դեռ պետք է կառուցվեն։ Ադրբեջանի կողմից ամենամեծ խնդիրը ոչ թե բեռների տեղափոխման խոչընդոտներն են, այլ այն, որ չի թույլատրում միջազգային կազմակերպությոնների մուտքը Արցախ։ Իսկ դա արվում մեկ նպատակով Բաքուն ամեն ինչ անում է, որ իր տարածած սուտը տարածում գտնի, իսկ այդ մարդիկ Արցախ այցելելուց  հետո այլ պատկերացում են ստանում»։

Արցախն այս պահին  հումանիտար աջակցություն ստանում է միայն ՌԴ և ԿԽՄԿ–ի  կողմից։ ՄԱԿ-ի կառույցներն ու ստորաբաժանումները , չնայած տարբեր հորդորներին ու կոչերին, Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն չունեն։

Back to top button