ԿարևորՀասարակություն

Կենսաթոշակային գումարների եկամտաբերությունը նվազել է, բայց դրանք վստահելի ձեռքերում են

Այս տարվա երրորդ եռամսյակում պարտադիր կենսաթոշակային համակարգին միացած քաղաքացիների կուտակումների եկամտաբերությունը նվազել է։ Նման պատկեր գրանցվել է նաեւ 2020–ի առաջին եռամսյակում։ Ֆինանսական շուկային հետևողների համար սա անակնկալ չէ: Ֆոնդերի եկամտաբերության նվազումը մասնագետներն ու ֆոնդերի կառավարիչները պայմանավորում են կորոնավիրուսի հետևանքով տեղական և արտասահմանյան արժեթղթերի շուկաներում առաջացած խնդիրներով։ Անհանգստանա՞լ, թե ՞  ոչ, որտե՞ղ են պահվում կուտակումներն ու որքա՞ն եկամուտ խոստանում։

Ինչո՞ւ են երրորդ եռամսյակում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը բացասական եկամտաբերություն գրանցել։ «Ռադիոլուրին» դիմած քաղաքացին մանրամասնում է՝ իր կենսաթոշակային եռամսյակային կուտակումը կազմել է 41 հազար դրամ, որին պետությունն իր կողմից ավելացրել է մոտ 77 հազար դրամ։ Սակայն եռամսյակային հաշվետվության մեջ երեւում է, որ կուտակման եկամուտը նվազել է 15 հազար դրամով։ Կա արդյո՞ք կուտակած գումարները կորցնելու վտանգ։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցը նկատում է՝ վերջին մեկ տարում արդեն երկրորդ անգամ է նկատում կենսաթոշակ կուտակվող գումարների եկամտաբերության նվազում․

«Ամեն եռամսյակ ստուգում եմ կուտակային կենսաթոշակային քաղվածքներս։ Վերջին շրջանում դրանք սկսել են նվազել։ Նվազում էի նկատել նաև անցյալ տարվա առաջին եռամսյակում։ Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Նման դեպք նաև 2020–ի առաջին եռամսյակում էի նկատել»։ 

Պարզվում է՝ ֆինանսական շուկային հետևողների համար սա անակնկալ չէ:  Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության նվազումը մասնագետներն ու ֆոնդերի կառավարիչները   պայմանավորում են տեղական և արտասահմանյան արժեթղթերի գների անկմամբ, նվազել են նաև այն ֆոնդերի փայերի արժեքները, որտեղ ներդրվում են կենսաթոշակային գումարները։ 

ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝  այս պահին իր հետագա կենսաթոշակը կուտակում է մոտ 406 հազար մարդ։ Նրանից շուրջ  81 հազարը պետական, մնացածը՝  մոտ 325 հազարը, մասնավոր հատվածից են։ Ընդհանուր առմամբ, կուտակային կենսաթոշակային ֆոնդերում այսօր կառավարվում է ավելի քան 650 հազար մարդու կենսաթոշակային խնայողություն։ Մինչև  2023 թվականն այս բարեփոխման համար անցումային շրջան է։ Ներկայում կենսաթոշակ կուտակողն իր աշխատավարձից տրամադրում է 3․5 տոկոս,  պետությունը դրան ավելացնում է իր մասը՝ աշխատավարձի 6․5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 32 500 դրամ։ Իսկ արդեն 2022–ի հունվարից աշխատողի գրպանին կենսաթոշակ կուտակելը փոքր-ինչ կծանրանա․ անձը կվճարի իր աշխատավարձի 4,5 տոկոսը, պետությունը  դրան կավելացնի 5․5  տոկոս։ 2023-ից արդեն այս հարաբերակցությունը կհավասարվի՝ կես-կես։ Բայց պետության մասնակցությունը կսահմանափակվի 25 հազար դրամով։ ԿԲ ներկայացուցչի խոսքով՝

«2021–ի համար մոտ 100 մլրդ դրամ է հաշվարկված կուտակայինի համար, որի մի մասը սոցիալական վճարների գումարներն են։  Այս պահի դրությամբ գումարները մոտ 450 մլրդ դրամ են, որի 1/3–ը պետական պարտատոմսերում են, մոտ 9 տոկոսը՝ կորպորատիվ պարտատոմսեր են, մոտ 27 տոկոսը՝ բանկային ավանդներն են, 31 տոկոսը՝ օտարերկրյա ներդրումային ֆոնդեր են»։

Վերադառնալով քաղաքացիներին մտահոգող հարցին, թե ինչո՞ւ այս  տարվա երրորդ եռամսյակում կուտակումները եկամուտ չեն բերել։ Սա առաջին դեպքը չէ, նախկինում ևս եղել է ֆոնդերի բացասական եկամտաբերություն: ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը բացատրում է՝  

«Երկու հիմնական գործոնով է պայմանավորված՝ մեկը արտարժույթի փոխարժեքի  նվազումն է (522 դրամ էր հունվարին, այժմ՝ մոտ  480 դրամի սահմաններում է)։   Տարեսկզբի համեմատ՝ մոտ  9 տոկոսով փոխարժեքը նվազել է, ինչի հետեւանքով օտարերկրյա արժույթով կատարված ներդրումները դրամական արտահայտությամբ նվազել են։ Երկրորդ՝ պարտատոմսերի գինն է նվազել՝ պայմանավորված տոկոսադրույքների աճով։ Ամեն դեպքում՝ այս տարվա եկամտաբերությունը դրական է, գուցե տատանումներ լինեն։ Երբեք չի եղել այնպիսի տարի, որ եկամտաբերությունը բացասական լինի»։

Կենսաթոշակային ֆոնդերը երկարաժամկետ խնայողության գործիքներ են, ուստի, ԿԲ ներկայացուցչի խոսքով, կատարողականի մասին կարճաժամկետ կտրվածքով դատելը  ճիշտ չէ։ Նա նաև նկատում է՝ համակարգի ստեղծման պահից՝ 2014 թվականից, յուրաքանչյուր մասնակցի գումարի եկամտաբերությունը 8-9 տոկոս է։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝  կուտակված կենսաթոշակների նվազումը կամ աճը ֆինանսական շուկաներին բնորոշ է․

«Սա ավանդի, աշխատավարձի նման կայուն եկամուտ չէ։ Ուստի եկամտաբերությունը միշտ չէ, որ դրական է լինում։ Այսինքն՝ սա կայուն փող չէ։ Արժեթղթեր են, որոնց գինը, ինչպես աշխարհի շատ երկրներում, կարող է և բարձրանալ, և իջնել։ 2020-ից արժեթղթերի կամ  փայերի արժեքները կտրուկ տատանվում են։ Սա պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով շուկաներում առաջացած անկումներով»։

Տնտեսագետն ընդգծում է՝ ֆոնդերի կողմից տնտեսության իրական հատվածում գրեթե ներդրումներ չկան։ Ֆոնդերի ակտիվների շուրջ 35 տոկոսը ներդրվում է արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հաշվարկներով՝ 2020 թվականին Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են ՀՆԱ-ի 6%-ը: Ինչու ՞ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չեն արվում․պատասխան կա՝ ավելի ռիսկային են։

«Եթե ներդրվի իրական հատվածում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն,այստեղ ռիսկի խնդիր կա։ Շատ հաճախ ֆոնդերն ավելի պահպանողական են, ներդրումներն  իրականացնում են ֆինանսական շուկայի գործիքներում, որտեղ ռիսկը քիչ է, եկամտաբերությունը՝ նույնպես»։

Հայաստանում մարդիկ շատ քիչ են հետաքրքրված իրենց ֆոնդերի կառավարչի ընտրությամբ։ Աշխարհում էլ է այդպես՝ կարծում է Վիգեն Շահնազարյանը։ Մարդիկ գերադասում են ընտրել պահպանողական ֆոնդերը՝ պակաս շահութաբեր, բայց առավել կայուն։ Հայաստանում այսօր իր վաղվա թոշակը կուտակող 642 հազար մարդկանց 99 տոկոսը պահպանողական ֆոնդն է նախընտրել։ Մյուս երկու՝  կայուն եկամտային եւ հավասարակշռված ֆոնդերի մասնակիցների թիվը շատ ավելի փոքր է (համապատասխանաբար՝ 2175 եւ 1968)։

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, այլ լիցենզավորված երկու կազմակերպություն՝  ֆրանսիական «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Դրանցից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային: Մասնագետները վստահեցնում են՝ չնայած որպես կենսաթոշակ կուտակվող գումարների եկամտաբերությունը փոքր-ինչ նվազել, է, բայց դրանք վստահելի ձեռքերում են։

Կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները 1974թ․ հունվարի 1–ից հետո ծնվածներն են, բարեփոխումները մեկնարկեցին 2014 թվականից, դադարեցվեց մինչև 2018 թվականի հուլիսի 1–ը։ 2037 թվականին համակարգին միացած առաջին շահառուները կստանան կուտակած գումարնեը։

Back to top button