ԿարևորՀասարակություն

Սյունիքի՝ խնդիրների առաջ կանգնած գյուղերի համար հրատապ որոշումներ են կայացվել

Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածն ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելը նոր իրավիճակ եւ խնդիրներ է ստեղծել մարզի մի շարք գյուղերի համար, ինչի մասին իր լուրջ մտահոգություններն է փոխանցել ՄԻՊ-ը։ Որոտանի հատվածում ադրբեջանցիները մաքսակետ են տեղադրել, եւ  հայկական մեքենաներն այդ տարածքով գրեթե չեն երթեւեկում։ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան հասնելու համար պետք է անցնել Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհով, որն այս պահին ինտեսիվ բարեկարգվում է։ Ինչպե՞ս են այդ բնակավայրերի դպրոցների մանկավարժները հասնելու աշխատավայր, ի՞նչ լուծումներ են առաջարկվում բուժօգնության եւ սննդի մատակարարման հարցերի լուծման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքում փաստահավաք աշխատանք է իրականացրել՝ դիտարկելով Գորիս-Կապան Մ2 ճանապարհի՝ Որոտանով անցնող հատվածում ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության հետեւանքներն ու ստեղծված վիճակը: Ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև ՀՀ հարակից համայնքների բնակիչների իրավունքներն ու դրանց սպառնալիքները: Ըստ Արման Թաթոյանի՝ Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի դպրոցների ուսուցիչները դժվարանում են աշխատավայր հասնել, բնակիչներին սննդամթերքի ապահովման, բուժօգնության խնդիրներ են առաջացել։

«Ռադիոլուրին» Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ արդեն որոշ որոշումներ կան՝ ինչպես լուծել խնդիրները։ Դպրոցներին տրամադրվելու են ավտոմեքենաներ՝ կազմակերպելու մանկավարժների տեղափոխումը։

«Շուռնուխ ու Բարձրավան դպրոցներ ուսուցիչների երթևեկը կազմակերպելու համար մարզպետարանի հաշվեկշռում գտնվող մեքենաներից մեկը վառելիքով տրամադրվել է Շուռնուխի դպրոցի տնօրենին, որպեսզի ուսուցիչները երթևեկեն։  Վաղը մեքենա կտրամադրվի Որոտանի դպրոցի տնօրենին։ Երթևեկը կազմակերպվում է Խոտ-Որոտան ճանապարհով»։

Բարձրավանի, Շուռնուխի դպրոցների ուսուցիչների մի մասը գալիս է Գորիսից, մի մասը՝ Կապանից։ Բարձրավանի դպրոցի տնօրեն Սառա Հակոբյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց՝ արդեն կազմակերպվել է այնպես, որ մարզպետարանի տրամադրած մեքենայով դպրոց են հասել, դասերը պարապել և վերադառնում են։

Որոտանի դպրոցում 44 աշակերտ է սովորում։ Տնօրեն Արա Գրիգորյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից մանկավարժները կտեղափոխվեն Սյունիքի մարզպետարանի տրամադրած ամենագնացով՝ Խոտ–Որոտան ճանապարհով։ Ճանապարհը երկարում է, բայց տնօրենը խնդիր չի տեսնում։ Ասում է՝ շուտ դուրս կգանք։  Արա Գրիգորյան։

«Երեկ գնացել ենք էդ ճանապարհով, ուղղակի ճանապարհը դեռ պատրաստ չէ, հողաշինարարական աշխատանքներն ավարտված չեն։  Շատ լավ  ճանապարհ են սարքում։ Ադրբեջանցիների վերահսկողության տարածքով գնացել եկել ենք, խնդիր չենք ունեցել, մարդիկ նվիրված աշխատում են»։

Ամենագնացներով երթեւեկի կազմակերպումը ժամանակավոր է։ Շուտով Խոտ–Որոտան այլընտրանքային ճանապարհի բարեկարգումը կավարտվի և, ըստ մեր զրուցակցի, երթևեկեն այդ ճանապարհով կկազմակերպվի նաեւ տրանսպորտով։ Արա Գրիգորյանը մտածում է՝ հնարավորության դեպքում, եթե Որոտանում տներ հատկացվեն, ուսուցիչները կմնան այդ տներում։ Արա Գրիգորյան։

«Հո չե՞նք թողնելու մեր գյուղերը դատարկվեն, ու թուրքն ինչ ուզի անի, դա երբեք չի լինելու»։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը պաշտոնապես հերքում է տեղեկությունները, թե եղել է, դեպք, երբ շտապ օգնության մեքենան չի կարողացել հասնել Բարձրավան։ «Երեկ Գորիսի, Կապանի, Սիսիանի շտապ օգնության կայանները ոչ մի կանչ չեն ընդունել Շուռնուխ, Բարձրավան, Որոտան գյուղերից»,-ասում է։

«Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերի բուժակ–մանկաբարձական կետերը ժամանակավորապես կսպասարկվեն Կապանի բժշկական կենտրոնի կողմից։  Շտապ օգնության կանչերը ավտոմատ կհասցեավորվեն  Կապանի բժշկական կենտրոն․ առողջապահության նախարարության հետ քննարկում ենք այդ 3 գյուղերից մեկում 24-ժամյա ռեժիմով շտապ օգնության բրիգադ պահելու հարցը»։

Ստեղծված նոր իրավիճակում Սյունիքի մարզպետարանն անընդհատ կապի մեջ է Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի վարչական ղեկավարների հետ, համապատասխան գրություն է ուղարկվել Գորիսի համայնքապետարան։

Էդգար Մարտիրոսյանն ասում է՝ մտահոգությունները, թե Գորիս-Կապան հիմնական ճանապարհի խնդրահարույց հատվածում գտնվող գյուղերը նաեւ սննդի մատակարարման խնդիրներ ունեն, իրենց ուշադրության կենտրոնում են։ Այսօր խանութներն աշխատում են, մատակարարների հետ քննարկել են սպառման կետերն ապրանքով ապահովելու հարցերը։

«Ցանկացած խնդիր, անգամ՝ մանր, սննդամթերքի մատակարարումից մինչեւ այլ հարցեր պատրաստ ենք աջակցել»։

Շիկահող սահմանամերձ բնակավայրում նախատեսված է անցկացնել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Օրակարգը նախապես չի հրապարակվել, բայց խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը «Ռադիոլուրին» հավաստիացնում է՝ այդ երեք գյուղի մասով հրատապ որոշումներ կընդունվեն։ Ռոբերտ Ղուկասյան

«Բնականաբար, այդ երեք գյուղերի մասով կլինեն լուծումներ։ Պիտի անել ամեն ինչ, որ այդ գյուղերում ապրողները չզգան այսօրվա  խնդիրները։ Կարծում եմ՝ արտակարգ իրավիճակները, առողջապահությունը, ոստիկանությունը կներկայացնեն հրատապ լուծումներ, որոնք մեկ–երկու օրում կբավարարվեն։ Այլ բան ասել չեմ կարող, մեր բյուջեի 60 տոկոսը ծախսվում է անվտանգային խնդիրները լուծելու համար։ Ներողություն եմ խնդրում, դրանք հրապարակման ենթակա չեն»։

Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նախորդիվ եղել է Որոտանում, Բարձրավանում, Շուռնուխում և հայտարարել՝ Սյունիքից չի գնա, մինչև  այս խնդիրների լուծումները իր կողմից չնշմարվեն։

Ցուցադրել ավելի
Back to top button