ԿարևորՀասարակություն

Ուշադիր ենք լինելու սահմանամերձ համայնքների խնդիրների նկատմամբ. Գնել Սանոսյան

Եվրամիությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ սկսել է «Համայնքներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի 2-րդ փուլը։ Առաջին փուլի ընթացքում 30-ից  ավելի համայնքներ նախագծել և տեղերում ներդրել են տնտեսական  զարգացման պլաններ։ Աջակցության երկրորդ փուլում  ՏԻՄ մարմիններին ֆինանսական հնարավորություններ կտրամադրվեն՝ համայնքների խնդիրներին նորարարական լուծումներ տալու համար։

Խթանել ներառական տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը, ապակենտրոնացնել և զարգացնել համայնքների կարողությունները։ «Համայնքներ  հանուն տնտեսական զարգացման» ծրագրի առաքելությունն է՝ օգնել Հայաստանի համայնքներին՝ հաղթահարելու բարդ մարտահրավերներ՝ շեշտը դնելով  կայուն տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա՝ ծրագրի մեկնարկին նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հույս ունեմ՝ մեր միջազգային գործընկերների հետ կկարողանանք աջակցել  մեր 79 համայնքներին, որոնք դեկտեմբերի 5-ից հետո կձևավորվեն։ Սահմանամերձ համայնքներին բազմաթիվ առավելություններ են տրված, փորձում ենք նրանց կարիքների նկատմամբ ավելի ուշադիր լինել»։

Եվրամիության ֆինանսավորած ծրագրի առաջին փուլն իրականացվել է  2017-2020 թթ։ Երկրորդ փուլը նախատեսվում է առաջիկա 4 տարիներին։ Միջոցառումները կիրականացվեն  Արևելյան գործընկերության  ծրագրերում ներգրավված մարզային քաղաքներում։ Թե կոնկրետ որ համայնքներում,  կհայտարարվի ավելի ուշ՝ հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Նաթիա Նացվլիշվիլին:

«Ծրագիրը բաց է բոլոր այն համայնքների համար, որոնք պատրաստ են համագործակցել։ Հետաքրքրվածներից մենք կընտրենք մի քանիսին, որոնք մի փոքր ավելի լայն աջակցություն կստանան զարգացման խնդիրները լուծելու համար։ Համայնքների ընտրությունը կկատարենք և մինչև տարեվերջ կհայտարարենք , թե որ համայնքներն են լինելու։ Աշխարհն այսօր բավականին բարդ խնդիրների է բախվել, ինչից անմասն չի նաև Հայաստանը։ Դրանց լուծումները փոխկապակցված են։ Եթե աղքատությունն ենք ցանկանում նվազեցնել, պետք է կրթությունը զարգացնենք, առողջապահությունը ամրապնդենք, գենդերային հավասարություն ապահովենք, լավ կառավարում և այլն»։

Հաշվի կառնվեն ծրագրի առաջին փուլից քաղած դասերը, շեշտը կդրվի  պետական  ու մասնավոր ներդրումային նախագծերի նախապատրաստման վրա։ Թեև Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորին առաջին փուլի արդյունքներից էլ տպավորված է։

«Կարծում եմ՝  հաջողված ծրագիր էր։ Համայնքներին հնարավորություն է տրվել զարգացնել  սեփական տեսլականն ու նախաձեռնությունները, ինչը շատ դրական է։ Էլ ավելի կարևոր է ունենալ 2-րդ փուլը։ Մի շարք մարտահրավերներ կան ձեր երկրում, և սա լավ հնարավորություն է վերլուծելու համայնքային ու  մարզային զարգացման կարողությունները»։

Նախաձեռնության առաջին փուլում, որն ավարտվել է 2020-ի հոկտեմբերին, Հայաստանի 30-ից ավելի համայնքներ մշակել և իրականացրել են տեղական տնտեսական զարգացման բարելավված ծրագրեր։ 

Ցուցադրել ավելի
Back to top button