ԿարևորՀասարակություն

Նիկոսիայում պաշտոնապես բացվեց «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»

Նիկոսիայում նոյեմբերի 10-ին պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին», որին ներկա է եղել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այս նախաձեռնության հեղինակն է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամբոսի աջակցությամբ։

Բացման արարողությանը ներկա են եղելԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անիտա Դեմետրիուն, Պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը, Կիպրոսի Հույն Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Քրիսոստոմոս II Արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, Կիպրահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տեր. Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաճեանը, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվելու նման պատմական միջոցառմանը, որը տեղի է ունենում իր պարտականությունները ստանձնելու առաջին շաբաթվա ընթացքում: Դեսպանը հավելել է, որ Կիպրոսը Հայաստանի բնական դաշնակիցն ու բարեկամն է։ Նա բարձր է գնահատել հայ-կիպրական հարաբերություններում կիպրահայ համայնքի դերը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Վարդգես Մահտեսյանին, ում նախաձեռնությամբ էլ բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»։

Դեսպան Մկրտչյանն ընթերցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը։

«Ուրախ եմ իմ ջերմագին ողջույնները փոխանցելու Կիպրոսի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Պարոն Նիկոս Անաստասիադեսին, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ն.Գ. տիկին Անիտա Դեմետրիուին և շնորհավորում եմ բոլոր հարգարժան հյուրերին «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգու» բացման կապակցությամբ։ Կցանկանայի նաև իմ խորին երախտագիտությունը հայտնել Կիպրոսի իշխանություններին՝ մշակութային ժառանգության պահպանման գործում կիպրահայ համայնքին ցուցաբերած իրենց մշտական հանձնառության ու աջակցության համար: Խորհրդանշական է, որ այսօրվա միջոցառումը տեղի է ունենում այն օրերին, երբ հայաստանցիներն ու արցախցիները գլուխ են խոնարհում և հարգանքի տուրք են մատուցում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին, պատերազմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, ռազմական հանցագործություններով և այլ զանգվածային վայրագություններով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի կառավարության սկզբունքային դիրքորոշումն Արցախի հարցում և նրա միանշանակ աջակցությունը հայ ժողովրդին։ Կիպրոսը մշտապես եզակի է եղել իրավիճակի հասցեական և հստակ գնահատականով, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք»,-  ասված է նախարարի ուղերձում:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքում նշվում է նաև, որ Կիպրոսի հիմնախնդրի մասին խոսելիս՝ Հայաստանի աջակցությունը Կիպրոսին եղել և մնում է միանգամայն հստակ ու երբեք որևէ երկիմաստություն չի ունեցել։

«Հուսով եմ, որ մոտ ապագայում բանակցությունները կվերսկսվեն՝ ականատես լինելու կղզու վերամիավորմանը։ Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի կառավարության ահռելի աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցում՝ արդարության և ճանաչման մեր ձգտումներում։ Կիպրոսի իշխանությունների դիրքորոշումը և նրանց կողմից Հայոց ցեղասպանության տարելիցների առնչությամբ արված բազմաթիվ հայտարարությունները կրկին ու կրկին ընդգծում են Կիպրոսի ժողովրդի՝ համամարդկային արժեքներին հավատարմությունն ու ազնվությունը»,- նշված է ուղերձում:

ՀՀ ԱԳ նախարարը խոսքն ավարտել է հին հույն փիլիսոփա Հերակլիտոսի հայտնի աֆորիզմով՝ «Ամեն ինչ հոսում է», ինչը նշանակում է, որ աշխարհն անընդհատ փոփոխվում է, իսկ կայունությունը պարզապես պատրանք է։ «Սա անկասկած ճիշտ է։ Բայց ես խորապես հավատում եմ, որ փայփայելով մեր համատեղ պատմությունն ու արժեքները և փոխանցելով դրանք գալիք սերունդներին՝ մենք կարող ենք երաշխավորել, որ մեր միջպետական հարաբերությունները, ինչպես նաև հայ և կիպրացի ժողովուրդների միջև շարունակական համերաշխությունն ու բարեկամությունը հավերժ կհարատևեն»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Միջոցառումն ավարտվել է Սուրբ Աստվածածին երգչախմբի, Համազգայինի «Սիփան» պարախմբի կատարումներով և ընդունելությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button