Մտքի ուժը

Ծաղկում է Սևանը. ԱԹՍ լուսանկարները պատճառներն են բացահայտում․ «Մտքի ուժը»

Հայաստանյան գիտական հանրությունն արդեն զինված է ջերմային տեսախցիկով ԱԹՍ-ով և պարտաստվում է Երևանում ջերմային լուսանկարահանում իրականացնել։ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր և հեռազննման բաժնի ղեկավար աշխարհագրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Ասմարյանն ասում է, որ սարքը ձեռք են բերել Գիտության կոմիտեի կողմից տրամադրված 57 մլն դրամի դրամաշնորհով։  

Ջերմային տեսախցիկ ունեցող ԱԹՍ-ի օգնությամբ հետազոտելու են Երևանի տարածքի մակերևույթային ջերմաստիճանը, դրանք համադրելով արբանյակներից ստացված ջերմային լուսանկարների հետ, փորձել մշակել ջերմային կոնֆորտի գնահատման հեռազննման մեթոդ։ Տարիների ընթացքում Երևանում ջերմային «կղզյակներ» են ձևավորվում, որը պայմանավորված է կանաչ տարածքների կրճատմամբ և կառուցապատման ավելացմամբ։ 

ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ձեռք բերված ԱԹՍ–ով նախատեսվում է նաև ուսումնասիրել Սևանա լիճը՝ հասկանալու համար, թե ի՞նչ փոփոխություններ են կատարվում ջրում։ Կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր և հեռազննման բաժնի ղեկավար աշխ. գիտ. թեկն. Շուշանիկ Ասմարյանը պատմում է, թե ինչպես են իրականացնում հետազոտական աշխատանքները արբանյակային լուսանկարներով ու ԱԹՍ–ներով, և ոչ միայն Սևանա լճում։

Նշում է, որ ԱԹՍ-ները հետաքրքիր լրացում են արբանյակային լուսանկարներին։ Բացատրում է՝ վերջինները մինչ անհրաժեշտ տեղեկատվության «կորզում»-ը, անցնում են նախնական մշակում, որովհետև լինում են մթնոլորտային աղավաղումներ: Շատ հաճախ հետազոտվող տարածքը ծածկված է լինում ամպային շերտով և վերջինի դեպքում երբեմն ստիպված ենք լինում հրաժարվել այդ լուսանկարների կիրառումից։ 

«ԱԹՍ-ները շատ ավելի ցածր բարձրությունից են նկարում, որը հնարավորություն է տալիս ստանալ առավել մանրամասն և քիչ մթնոլորտային աղավաղումներով լուսանկարներ և այդ առումով ԱԹՍ-ն դառնում է «փրկություն»։  Մեկը մյուսին, կարելի է ասել, լրացնում են»,- շեշտում է Շուշանիկ Ասմարյանը։

ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտության գծով փոխտնօրենը պատմում է, որ Հայաստանն իր էկոլոգիական խնդիրներով աշխարհի խնդրահարույց անկյուններից է, և արբանյակային լուսանկարները կարող են տալ հետաքրքիր տեղեկատվություն։ Օրինակ՝ հեռազննման տվյալներից ջրի որակի գնահատման վերծանման հայտանիշեր են ստանում, փորձում մշակել ալգորիթմներ։ Արբանյակային և ԱԹՍ լուսանկարները միասին լանդշաֆտային բաղադրիչների (հող, ջուր, բույս և այլն) էկոլոգիական վիճակի մասին հավաստի տեղեկատվություն ստանալու աղբյուրներից են։ Այսպես օրինակ` լուսանկարների տարածաժամանակային վերլուծությամբ հնարավոր է հասկանալ այդ բաղադրիչների որակական փոփոխությունների միտումները, փուլային բնույթը:

Սևանա լճի պարագայում զուգահեռներ տանելով մակարդակի տատանումների, ջերմաստիճանի փոփոխության միջև` դրանք կարող են բանալի դառնալ լուծումների համար։ Նախնական վերլուծությամբ նախնական եզրահանգման եկել են․ «Կարող ենք նախնական` վերծանման արդյունքում ասել, որ  ծաղկման բում ունեցել ենք 2000-ականների կեսերին, սակայն դա չի լուսաբանվել և այդպիսի աղմուկ չի առաջացրել։ Փորձել ենք համադրել մակարդակի տատանումների հետ. դիտվել է որոշակի ցիկլային բնույթ՝ ծաղկում, հանգիստ, հիմա նորից ծաղկում: Բայց դա դեռևս նախնական, լուսանկարների` «առաջին հայացքից», պատկերն է: Մենք շարունակում ենք ուսումնասիրել»,- գիտական արդյունքներն է ներկայացնում Շուշանիկ Ասմարյանը։ 

Պարզվում է՝  միշտ չէ, որ արբանյակային լուսանկարների վերծանումը մաթեմատիկական պարզ մեթոդական մոտեցումներով հնարավոր է իրականացնել։ Երբեմն դա ավելի երկարատև աշխատանք է պահանջում։ Մաթեմատիկական պարզ հաշվարկները թույլ չեն տալիս կորզել ամբողջ ինֆորմացիան։ Աստիճանաբար վիճակագրական առավել պարզ մեթոդներին փոխարինելու է գալիս արհեստական բանականությունը՝ մեքենայական ուսուցման մեթոդները։ Այդ առումով հայաստանյան հետազոտական խմբին օգնության է հասել ՀՀ ԿԳՍՄ գիտության կոմիտեն՝ հետազոտական լաբորատորիաների կարողությունների հզորացման նպատակով հայտարարված  57 մլն դրամ դրամաշնորհների տրամադրման մրցույթով, որի շահառուներից մեկն էլ այս հետազոտական խումբն էր։ Հետազոտական արդյունքներին կենտրոնում անհամբեր են սպասում, ասում են, որ դրանք գիտելիքահեն են։ Խումբը վստահ է, որ հետազոտության արդյունքները կիրառական են լինելու։ 

Ցուցադրել ավելի
Back to top button