ԿարևորՀասարակություն

ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն սկսում են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Հայաստանում

Եվրոպական միությունը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ միասին մեկնարկել է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագիրը։ ՀՀՏԶ ծրագիրը կգործի մինչեւ 2024 թվականը եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք արդար մոտեցում կապահովեն բոլորի նկատմամբ, միեւնույն ժամանակ բարենպաստ ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա:

Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական մարմինների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ՀՀՏԶ ծրագրի պաշտոնական բացմանը Հայաստանում։ 

«Տեղական իշխանությունները ներառական և «կանաչ» վերականգնման գործընթացների կարևոր դերակատարներն են: «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության միջոցով Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի տեղական իշխանություններին բարդ մարտահրավերների վերաբերյալ նորարարական լուծումներ գտնելու գործում` շեշտը դնելով կայուն տնտեսական աճի, աշխատեղերի ստեղծման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա», — ասել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Զարգացման մարտահրավերներին նորարարությամբ եւ նոր մոտեցումներով դիմագրավելը ՄԱԶԾ մանդատի հիմնաքարն է։  ՀՀՏԶ-ն համապատասխան եւ յուրաժամանակյա մեխանիզմ է, որը ջանում է սատարել բարդ ճգնաժամից տեղական համայնքների վերականգնման գործընթացին: Այն նպատակ ունի զարգացնել համապատասխան գործընկերների կարողությունները՝ ի նպաստ ներառական եւ «կանաչ» տնտեսական վերականգնմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Համայնքները կմշակեն եւ կիրականացնեն տեղական տնտեսական զարգացման ծրագրերի միանգամայն նոր սերունդ, որը համահունչ է լավ կառավարման, գենդերային հավասարության, ներառականության եւ համայնքային պլանավորման նորարարությունների սկզբունքներին», — նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի ահագնացող ազդեցությունը եւ կլիմայի փոփոխությունը բարդ եւ մշտաշարժ մարտահրավերներ են, որոնք շարունակում են թափ հավաքել։ Դրանց առանձին հասցեագրումը, այն էլ արդեն գործող լուծումների միջոցով, որոնք գուցե այլ համատեքստում արդյունավետ են, բայց այս դեպքում դատապարտված են։ Ուստի, այս նոր գործիքը ուղղված է այս եւ ԱլԳ տարածաշրջանի քաղաքների առջեւ ծառացած մի շարք այլ մարտահրավերների հասցեագրմանը։

Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի կյանքի կոչման նպատակով ՄԱԶԾ-ն ԵՄ-ի հետ համատեղ «պորտֆելային» նոր մոտեցում կներդնի, որը ներկայում փորձարկվում է կազմակերպության ներսում։ Ավելին, ՀՀՏԶ ցանցում ներառված քաղաքները մեծապես կշահեն դասընթացների ու գիտելիքի փոխանակման միջոցառումներից, որոնք ուղղված են տնտեսական աճի նորարարական ռազմավարությունների մշակմանը։ Սա ներառում է աջակցություն տեղական տնտեսական զարգացման ծրագրերի նոր սերնդի մշակմանը, ռազմավարական մտածողությանն ու քաղաքային դիմակայունության ձեւավորմանը։ Համայնքները կարող են դիմել պորտֆելների համար ամեն տարի հայտարարվող հետաքրքրվածության հայտերի ու նորարարական առաջարկների ներկայացման հրավերներին։

Նախաձեռնության առաջին փուլում Հայաստանի 30-ից ավել համայնքներ մշակել եւ իրականացրել են տեղական տնտեսական զարգացման բարելավված ծրագրեր։ Կարողությունների շարունակական զարգացման շրջանակում ծրագիրը տեղական կառավարման մարմիններին ֆինանսավորման հնարավորություններ կտրամադրի, եւ համայնքներն իրենց իսկ նորարարական լուծումները կմշակեն ու կիրականացնեն՝ համայնքային զարգացմումը խթանելու եւ թափ հաղորդելու համար։ 

Ցուցադրել ավելի
Back to top button