ԿարևորՀասարակություն

Անշարժ գույք գնահատողները դեռ իրենք պետք է գնահատվեն․ օրենքի նոր նախագիծ՝ բացառելու գույքի գնահատման ռիսկերը

Անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող մասնագիտական շրջանակներն անհամաձայնություն ունեն Կադաստրի կոմիտեի ներկայացրած օրենքի նախագծի վերաբերյալ, որը գնահատողներին առնչվող առանցքային փոփոխություններ է ենթադրում։ Հիմնական վերապահումը վերահսկողության խիստ մեխանիզմների ներդրմանն է վերաբերում, որով պետությունն արդեն կկարողանա որակավորումից զրկել այն մասնագետներին, որոնք  տարվա մեջ մի քանի անգամ ոչ պատշաճ գնահատումներ կիրականացնեն։ Էդուարդ Հովհաննիսյանն է ամփոփում։

Եթե կադաստրի առաջարկած փոփոխություններն օրենքի տեսք ստանան, անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող ու արդեն  լիցենզավորված մասնագետները պարտավոր կլինեն կրկին քննություն հանձնել՝ որակավորման արդեն նոր պահանջներով։ Անշարժ գույքի գնահատման մասնագետներն իրենց դիտարկումներն այսպես են ձեւակերպում․

«Ժողովրդի լեզվով ասած՝մասնագետների մեծ մասն արդեն անցել է որոշակի որակավորում, կատարել  համապատասխան վճարումներ, հիմա, փաստացի, այնպիսի իրավիճակ է ստացվում, որ իրենց ապրած կյանքում բավականին մեծ գիտելիքներ ձեռք բերած մարդիկ հավասարեցվում են նոր մասնագետներին ու նրանց ստիպում են որակավորման նոր քննություններ հանձնել»։

Անշարժ գույքի գնահատմամբ զբաղվողները համարում են, որ գնահատողի իրենց վկայականն իրենց սեփականությունն է, որի իրավունքի պաշտպանությունն ամրագրված է Եվրոպական և միջազգային այլ ատյաններով։ Պնդում են, թե այդ իրավունքից իրենց կարող է զրկել միայն դատարանը։ Այսինքն՝ համարում են, որ սպասվող փոփոխությունը կհակասի Սահմանադրությանը և մեծաթիվ դատական հայցերի պատճառ կդառնա։

«Հիմա մենք ունենք «իրավունքից զրկում» իրավիճակը, երբ նորմով որոշվում է զրկել իրավունքից։ Մենք Սահմանադրություն ունենք, որում հստակ նշվում է, որ անձի վիճակը վատթարացնող դրույթը հետադարձ ուժ չունի։ Շատ հայտնի սկզբունք է՝ բոլորին հասանելի։ Չեմ կարծում, որ եզրակացություն տված մարմինները դրա մասին չգիտեն»։

Կադաստրի կոմիտեում բոլորովին այլ դիտարկման են։ Վկայականն իրավունք է տալիս ընդամենը ինչ–որ գործունեությամբ զբաղվելու՝ ասում է կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ Հմայակ Հակոբյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա այսպես է արձագանքում նախագծի իրավական կողմին․

«Նախագիծն արդարադատության նախարարությունում անցել է իրավական փորձաքննություն, և որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Դա՝ մեկ։ Երկրորդ՝ այսօրվա որակավորման վկայականը իրավունք է տալիս գնահատելու միայն անշարժ գույք, իսկ նոր վկայականը իրավունք է տալու անշարժ գույքից բացի՝ գնահատել շարժական գույք, ոչ նյութական ակտիվներ և այլն։ Այսինքն՝ նախկին վկայականն արդեն կորցնում էուժը։ Սեփականության իրավունքի հետ համեմատությունը այստեղ չգիտեմ ՝ ինչքանո՞վ է տեղին»։

Եթե փոփոխություններն ընդունվեն, միայն անշարժ գույքի գնահատման որակավորում այլևս չի տրվելու։ Լիցենզավորված կազմակերպությունների գնահատման շրջանակը կընդլայնվի։ Գնահատողները համաձայն չեն․ մրցակցային ռիսկեր են տեսնում։ Մինչդեռ Կադաստրի ներկայացուցիչը վստահեցնում է՝  նույն այս մասնագետների հետ քննարկմամբ են որոշել մեկ՝ ընդհանուր որակավորման անցնել։ Սա միջազգային փորձն է, որը դրական կազդի շուկայի վրա․Հմայակ Հակոբյան․

«Այսինքն՝ ոլորտն ընդլայնվում է, ինչը նպաստելու է նաև այս առումով ԵԱՏՄ ինտեգրմանը։ ԵԱՏՄ բոլոր երկրներում ոչ միայն անշարժ գույքը, այլ նաև վերոնշյալ գույքի տեսակներն են գնահատվում․ մեր ու դրսի վկայականներն իրար մեջ ճանաչելու խնդիրներ էին առաջանալու, որովհետև մեր գնահատողներն միայն անշարժ գույք էին կարողանալու գնահատել»։

Շուկայում լավ մասնագետ ունենալու համար նաեւ վերապատրաստումներ են պետք՝  կարծում են անշարժ գույք գնահատողները։ Քննությունները հարցի լուծում չեն, դրանք կարող ես անգիր անելով էլ հանձնել՝ ասում են։ 

«Պատկերացնու՞մ եք մասնագետի հոգեբանական վիճակը, երբ 2-3 տարին մեկ պետք է որակավորման քննություն հանձնի։ Մարդը ապրած կյանք ունի, իր կողմից մշակած գիտական թեզեր, գիտական աստիճան և անընդհատ՝ որոշակի ժամանակը մեկ, պետք է որակավորման քննություն հանձնի։ Մի փոքր անհասկանալի է դրա նպատակը»։

Եթե նույնիսկ գնահատողը վերապատրաստվի, ամեն դեպքում ինչ-որ ձևով պետք է ստուգել գիտելիքները, իսկ քննությունը, Հակոբյանի կարծիքով, ստուգման լավ տարբերակ է․

«5 տարին մեկ անցկացվելիք  քննությունները գիտելիքների ստուգում են ինչ-որ ձևով։ Ամեն ինչը դինամիկ զարգանում է, օրենսդրությունն է ընթացքում փոփոխվում։ Այսօրվա գնահատողը հինգ տարի հետո, կամ հինգ տարի առաջվա գնահատողը պետք է տիրապետեն այդ ընթացքում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին։ Եվ այս քննությունների անցկացումն էլ հենց գիտելիքների ստուգումն է լինելու»։

Նախագիծն ինչպիսի վերջնական տեսքով կընդունվի՝ Ազգային ժողովի լսումներով կորոշվի։ Կադաստրից ասում են՝ նախագծի մասով  դեռ դիտարկում են  ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի  «դեմ»-երն ու «կողմ»-երը։ Իսկ մինչ այդ շեշտում են՝ անշարժ գույքը գնահատողների սխալվելու կամ միտումնավոր «սխալվելու» ռիսկերը պահանջում են շուկան «խոշորացույցի» տակ պահել։

Ցուցադրել ավելի
Back to top button