ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանցի հեռուստալրագրող Seadet Memmedova-ի  յութուբյան ալիքում 2021 թվականի հոկտեմբերի 31-ին տեղադրված տեսաձայնագրություննում առանձնակի հպարտությամբ ներկայացվում է, որ Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածվել է խորովածանոցի։

44-օրյա պատերազմից հետո Արցախի Տիգրանակերտը ևս անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: 

«Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից պեղված  ջրավազանի կողքին ադրբեջանցիները բետոնապատ հարթակ են կառուցել և խորոված անելու մանղալներ տեղադրել, որոնցից մեկը հենց պեղված ջրավազանի եզրին են դրել։

Խորհրդային տարիներին ադրբեջանցիները ռեստորանի էին վերածել 18-րդ դարի կեսերին աղբյուրների հարևանությամբ կառուցված ամրոցը:Այնպես որ պատմա-մշակութային միջավայրը քյաբաբնոց դարձնելու պրակտիկան հին ավանդույթ է:

Նկատենք, որ 2010 թվականից ի վեր՝ մինչև 44-օրյա պատերազմը ամրոցում տեղադրված էր Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, իսկ արքայական աղբյուրների պուրակի տարածքը բարեկարգվել և ծառայում էր որպես մշակութային միջացառումների հարթակ:

Մեր արձագանքը

Տիգրանակերտի արքայական պուրակը խորովածանոցի վերածելով, Ադրբեջանը խախտում է մշակութային ժառանգության պատմականությունը, ամբողջականությունը, զրկում ժառանգությանն իր իսկությանը համարժեք գործառույթով սերունդներին անխաթար փոխանցվելու հնարավորությունից, որը դեմ է ժառանգության պահպանության միջազգայնորեն ընդունված  մի շարք սկզբունքներին, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:

Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: 

Խաթարելով ժառանգության իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։  Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիա»-ի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները անկախ դրանց ծագումից ու գործառույթից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button