ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է՝ ԱՊՀ  պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Արձագանքելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հայտարարությանը՝ նա ասել է, որ խեղաթյուրվում են տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները, Ադրբեջանը շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։

Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից», –ասել է ՀՀ փոխվարչապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button