ԿարևորՀասարակություն

«Stop Covid, Start Working»․ 30 գործազուրկ երիտասարդ մասնակցել է թվային մարքեթինգի դասերի

«Երիտասարդների հնարավորություններ ակումբ» ՀԿ–ն այս տարվա մայիսին նախաձեռնեց «Stop Covid, Start Working» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել կորոնավիրուսի համավարակի պատճառով գործազուրկ դարձած երիտասարդներին։ Այս օրերին կազմակերպությունն ամփոփում է ծրագրի արդյունքները։

««Stop Covid, Start Working»–ի գաղափարն առաջացել է, երբ Covid 19-ով պայմանավորված, անձամբ ես և իմ մի քանի ընկերներ զրկվեցինք աշխատանքից։ Նման իրավիճակում հայտնված երիտասարդների հանդիպելուց և համավարակի տարածման տեմպերը նկատելուց հետո, մեր հասարակական կազմակերպության թիմի հետ սկսեցինք մտածել խնդրի լուծման ուղղությամբ», – պատմում է «Երիտասարդների հնարավորություններ ակումբ» ՀԿ ղեկավար Տիգրան Ավագյանը։

Արդյունքում որոշվեց, որ երիտասարդներին պետք է առաջարկել այնպիսի մասնագիտություն, որը չի պահանջում պարտադիր ներկայություն աշխատավայրում։

«Ի վերջո, նախագծվեց «Stop Covid, Start Working» ծրագիրը, և դիմեցինք «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում իրականացվող դրամաշնորհին», – պատմում է Տիգրան Ավագյանը։

Ծրագրի նպատակն էր ՀոՌեԿա (ռեստորաններ, սրճարաններ, սննդի ծառայություններ) և տուրիզմ ոլորտի երիտասարդ գործազուրկ ուսանողներին տրամադրել թվային մարքեթինգի գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև մշակել պրակտիկայի արդյունավետ մոդել/չափորոշիչներ՝ հաշվի առնելով պրակտիկայի համակարգում բացահայտված իրավիճակը, թերությունները և խնդիրները, որը հիմք է հանդիսացել մնացած այլ ոլորտների համար ևս:

«Նախնական փուլում իրականացրել ենք հետազոտություն. շուրջ 120 ընկերությունների մարքեթինգի բաժնի ղեկավար անձնակազմի հետ կատարել ենք հարցում՝ պարզելու, թե ինչ հմտություններ ու որակավորումներ են պահանջում կրտսեր թվային մարքեթինգի մասնագետից աշխատանքի ընդունելիս՝ հաշվի առնելով պրակտիկայի համակարգում առկա թերությունները: Արդյունքների հիման վրա կազմել ենք «ՀՀ աշխատաշուկայում թվային մարքեթինգի կրտսեր մասնագետից պահանջվող հիմնական ակնկալիքները» թեմայով զեկույց: Հետազոտության տվյալների հիմք են հանդիսացել թվային մարքեթինգի դասընթացի բովանդակությունը կազմելու համար», – պատմում է Տիգրան Ավագյանը։

Արդյունքում, 3 ամսվա ընթացքում ՀոՌեԿա և տուրիզմ ոլորտների գործազուրկ դարձած 30 ուսանող երիտասարդներ մասնակցել են թվային մարքեթինգի օնլայն անվճար դասընթացների և ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ:

Դասընթացները վարել են ոլորտի հայտնի ու լավագույն մասնագետները: Այնուհետև դասընթացի քննության փուլը հաղթահարած 24 երիտասարդներ անցել են վեցշաբաթյա օնլայն-օֆլայն պրակտիկա շուրջ 6 մարքեթինգի և հարակից ոլորտի կազմակերպություններում՝ մշակված մոդելի հիման վրա:

«Այսպիսով, ծրագրի ավարտին ունենք պատրաստի որակավորված թվային մարքեթինգի մասնագետներ, ովքեր զինված են տեսական և պրակտիկ գիտելիքներով ու պատրաստ են աշխատել համապատասխան հաստիքով՝ կիրառելով ձեռք բերված հմտությունները նոր աշխատավայրում», – ասում է Տիգրան Ավագյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button