ԿարևորՀասարակություն

Փաստաբանների վեթինգը անկախության երաշխի՞ք, թե՞ խոչընդոտ․ համայնքում կարծիքները միանշանակ չեն

Փաստաբանների համայնքի վեթինգը միջամտություն է փաստաբանական ինստիտուտի անկախությանը՝ ասում է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ արձագանքելով ԲԴԽ նախագահի հայտարարությանը։ Գագիկ Ջհանգիրյանը «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկմանն ասել էր՝ վեթինգը չպետք է վերաբերի միայն դատական իշխանությանը, ըստ Ջհանգիրյանը, բարեվարքության ստուգում պետք է անցնեն նաև արդարադատության մինչդատական փուլի բոլոր մասնակիցները։

«Այդ մաքրման, զտման գործընթացը պետք է վերաբերի նաև փաստաբաններին, քանի որ մեզանում, այսպես ասենք,  ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են հաղորդակցվում իրավապահ մարմինների ու դատարանների հետ, այսինքն՝ վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան աջակցող, սպասարկող բոլոր մարմինները»,- ասել էր Գագիկ Ջհանգիրյանը։

ԲԴԽ նախագահի այս տեսակետին հակադարձում է փաստաբանական համայնքը։ Մասնավորապես, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ  մտահոգություն է հայտնում, թե այս մոտեցումը չի բխում փաստաբանական ինստիտուտի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված և Սահմանադրությամբ երաշխավորված անկախ ու ինքնավար կարգավիճակից։ Ջհանգիրյանի ակնարկին ի պատասխան, թե փաստաբանները հաճախ կասկածելի կապերի մեջ են իրավապահ մարմինների ու դատավորների հետ, պալատի նախագահը հակադարձում է․

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան

«Ներկայացված համատեքստում դատավորների և իրավապահ մարմինների հետ փաստաբանների կոմունիկացիաներին վերաբերող արարքները հանցագործություն են համարվում կամ առնվազն կոպիտ կարգապահական խախտում ու հիմք են փաստաբանի արտոնագրի դադարեցման համար: Պետք է նշենք, որ Փաստաբանների պալատը և առհասարակ հայաստանյան փաստաբանությունը միշտ և հատկապես վերջին շրջանում խստորեն դատապարտել է նմանատիպ երևույթները: Սրա մասին են վկայում կարգապահական գործերով Պալատի խորհրդի նախադեպային որոշումները»:

Սիմոն Բաբայանը նաև շեշտում է, որ իրավակիրառ պրակտիկայում հայտնի չէ փաստաբանական համակարգը վեթինգի ենթարկելու որևէ դեպք։ Նրա դիտարկմամբ՝ գործընթացը վերաբերելի է դատական իշխանության և իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցչին վեթինգի ենթարկելու հետևանքն առհասարակ ընկալելի չէ:

Այս մոտեցումը, սակայն, հենց փաստաբանական համայնքում ընդդիմախոսներ ունի։ Փաստաբան Գևորգ Գյոզալյանը փաստաբաններին բարեվարքությունը ստուգելու մտադրության մեջ որևէ խնդիր չի տեսնում, կիսում է Ջհանգիրյանի այն մտահոգությունը, որ փաստաբանները հաճախ կոռուպցիոն սխեմաներով համագործակցում են դատավորների հետ։ Գյոզալյանը վստահ է՝ վեթինգը չի կարող խոչընդոտել փաստաբանների անկախությանը։

«Եթե փաստաբանը արդար է, գործում է օրենքի սահմաններում, ապա ճնշումների մասին խոսք լինել չի կարող։ Իսկ այն փաստաբանները, որոնք անբարեխիղճ են եղել, կուտակել են ահռելի միջոցներ և այդ միջոցների ծագման աղբյուրը բացատրել չեն կարողանում, ապա ես խնդիր չեմ տեսնում, պետք է նրանք էլ, ինչպես դատավորները, քննիչները, բացատրություն տան, թե ինչպես են այդ  միջոցները կուտակել։ Այսինքն՝ ոչ մի պարագայում փաստաբանները բացառություն չպետք է լինեն»,– ասում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը։   

Փաստաբանը վստահ է՝ բարեվարքության ստուգման՝ վեթինգի պետք է ենթարկվեն արդարադատության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր անձինք և հատկապես փաստաբանները։ Մինչդեռ պալատի նախագահ, այժմ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը բոլորվին այլ կարծիք ունի՝ փաստաբանների վեթինգը նույնն է, ինչ Հայաստանի բոլոր քաղաքացիներին վեթինգի ենթարկելը։ Նրա խոսքով՝ եթե փաստաբանը ներգրավված է կոռուպցիոն կամ այլ բնույթի հանցագործությունների մեջ, ապա պետք է քրեական հետապնդման ենթարկվի և արտոնագրից զրկվի: Իսկ նման  փաստերի դեպքում  հիմա էլ, առանց վեթինգի, իրավական նույն հետևանքները գործում են:

Back to top button