ԿարևորՀասարակություն

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերը՝ նոր «ակա՞ն» Սյունիքում

Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ տեղադրելու մասին ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի անակնկալ հայտարարությունը ալեկոծել է հայ հանրությանն ու բազմաթիվ հարցեր առաջացրել։ ՄԻՊ Արման Թաթոյանը 4 հարց է բարձրացրել ու  պարզաբանում պահանջել, իսկ ընդդիմադիր թեւից արձագանքել են՝ սա լրջագույն սպառնալիք է, չեն համակերպվելու։  

Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ներկայության եւ պարտադրած նոր կարգավորումների մասին կառավարության նիստին խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միջանցքային տրամաբանությունն անթույլատրելի համարելով ու ճանապարհային նոր լուծումներ մատնանշելով։ Հաջորդիվ պարզաբանումներ է ներկայացրել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փոխանցած տեղեկությունը հանրության շրջանում լուրջ անհանգստություններ եւ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Խնդրի մասին կառավարության նիստի հենց սկզբում խոսեց վարչապետ Փաշինյանը։ Ադրբեջանից ոչ պաշտոնական գրություն է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից մաքսային-անձնագրային հսկողություն կիրականացնեն նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ՝ ասաց․

«Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճան ապարհ ու այստեղով իրականացնել երթևեկությունը»։

Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը ասֆալտապատվել  ու շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ՝ շեշտեց Փաշինյանը․ այն որակյալ է,   արդեն պատրաստ՝ ասաց՝ սա ներկայացնելով որպես Գորիս-Կապան հիմնական ճանապարհին այլընտրանք։  Հանրության անհանգստություններին ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքում է՝

«Հիմա կարող է այլ հարց ծագել, իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների ու բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»:

Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաները ապաշրջափակելու մասով։ Իսկ դրա հետ մեկտեղ՝

«Հայաստանը նույնպես Գորիս-Կապան ճանապարհին անցման տեղերում կտեղադրի մաքսային-անձնագրային հսկողության կետեր»:

Ադրբեջանական հսկողության կետերն ի՞նչ ընթացակարգերով են աշխատելու․ այս հարցը տարատեսակ ձեւակերպումներով տալիս են քաղաքական ու հասարակական շրջանակներում։ Ադրբեջանի կողմից Հայաստանի Կապան-Գորիս ճանապարհին հայկական պետհամարանիշերով մեքենաների անվտանգային և մաքսային ստուգումների ռիսկերը եւ անհանգստությունները նաեւ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիներն են բարձրացնում։ Նրանց այստեղ է բերել խորհրդարանական ընդդիմության կոչը։ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը ձեւակերպում է.

«Արդեն մի քանի ժամ է՝ այստեղ նստած կառավարության անդամները ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական մաքսակետ։ Դեռ ավելին՝ հպարտանում են, որ իրենք են թույլ տվել։ Ավելին՝ հպարտանում են, որ 15 տարվա մեջ Սյունքիքում շրջանցող ամենալավ ճանապարհն են սարքել։ Երեկվանից արդեն փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարեւորագույն մայրուղիներից մեկի՝ Սյունիքի Գորիս – Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն»։  

Ինչպե՞ս պետք է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական վերահսկողության պայմաններում ապահովվի մարդկանց եւ ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ խնդիրը 4 հարցով բարձրացնում է նաեւ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անվտանգության խորհրդի քարտուղարից պարզաբանում սպասելով։

«Արդյո՞ք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների եւ այլն։

Ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթեւեկող ՀՀ հարակից գյուղերի բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ եւ ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) եւ ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ։

Ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը»:

Ադրբեջանական ներկայությունը ՀՀ ճանապարհներին անօրինական է՝  հայտարարում է ՄԻՊ-ը։

«Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ»։

Պարզաբանումներ ԱԽՔ-ի կողմից եղան կառավարության նիստից հետո։ Բայց որոշ հարցեր այդպես էլ պատասխան չստացան։ Այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին՝ ասաց Գրիգորյանը։ Բայց, ըստ նրա, տրամաբանությունը հուշում է, որ որոշակի վճար կամ, կրկին Գրիգորյանի ձեւակերպմամբ, ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով դրանք, կարող են անցնել։ Այս անհանգստությունների կողքին Անվտանգության խորհրդի քարտուղարը ճանապարհային նոր լուծումների մասին է խոսում․

«Համայնքներում կոմունիկացիոն որեւէ խնդիր չի առաջանալու։ Ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի այդ ճանապարհի վրա գտնվող բոլոր համայնքները ՀՀ տարածքում գտնվող հիմնական ճանապարհներին ելք ունենան։ Կարճ ժամանակում այդ խնդիրը կլուծվի եւ, կարծում եմ, մինիմալի եւ երբեմն զրոյի կհասցվի նույնիսկ միջադեպերի հնարավորությունը»։         

Ո՞րն է Հայաստանի ճանապարհին ադրբեջանական ներկայության հիմնավորումը, եթե սահմանազատում դեռ չի իրականացվել։ րիգորյանը համարում է, որ սա  ողջամտության սահմաններում է՝ ըստ խորհրդային ժամանակների սահմանների։

«Նկատի ունեմ 1920-ականների քարտեզը, այսինքն՝ դելիմիտացիա, դեմարկացիայի գործընթաց Հայաստանն Ադրբեջանի հետ անցել է 20-ական թվականներին. 20-ականների սկզբից սկսել է եւ ավարտը եղել է 29 թվականին»։

Իշխանության բացատրությունները հիմնավոր չեն համարում ընդդիմադիր թեւում։  «Հայաստան» դաշինքը կոշտ հայտարարությամբ է արձագանքում՝ «չենք համակերպվելու»։ Կատարվածը գնահատում են ուղղակի սպառնալիք Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության, Հայաստանի պաշտպանունակության առումով: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ իշխանությունները մինչև վերջերս պնդում էին, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ այդ ճանապարհով հայկական մեքենաներն անխափան կերթևեկեն, սակայն պարզվեց՝ պայմանավորվածությունը գործելու էր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը։

«Դե ինչ ասեմ՝ իշխանական քաղաքական, քարոզչական հերթական փուչիկի պայթեցումից բացի՝ Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում»,-եզրահանգել է ընդդիմադիր պատգամավորը։

Back to top button