ԿարևորՀասարակություն

ՌԴ նոր պահանջը. միգրանտների բուժզննումը դառնում է պարտադիր

Ռուսաստանը նոր խստացումներ կկիրառի իր երկրում օտարերկրյա քաղաքացիների կեցությունը թույլատրելիս՝ փոփոխություններ մտցնելով  «Ռուսաստանում  օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում։ Ըստ այդմ՝  դեկտեմբերի 29-ից սկսած՝ ՌԴ-ում 30 օրից ավելի մնալու դեպքում բուժզննում անցնելը պարտադիր կլինի արդեն նաև ԵԱՏՄ աշխատանքային միգրանտների համար․ մինչ այդ որոշումը տարածվում էր միայն այլ երկրներից եկած աշխատանքային միգրանտների վրա։

Որոշումը ուշագրավ է հատկապես Հայաստանի համար, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրության, հայ միգրանտների հոսքի ավելի քան 93 տոկոսը հենց ՌԴ է մեկնում։ Մանրամասները կներկայացնի Էդուարդ Հովհաննիսյանը։

Մատնադրոշմ, լուսանկար, արդեն նաեւ՝ բուժզննում․ սրանք դեկտեմբերի 29-ից արդեն պարտադիր կդառնան ՌԴ-ում աշխատանքի մեկնող՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար։ Այս հարցերը անձը պետք է լուծի ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում, այլապես նրանց ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանում կկրճատվի: Եթե բուժզննումը հաստատի, որ անձն առանց բժշկի նշանակման թմրանյութ կամ հոգեմետ դեղեր է օգտագործել կամ ունի ՄԻԱՎ, նրա մուտքը կամ կեցությունը կգնահատվի որպես անցանկալի կամ կարգելվի։  Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն է պարզաբանում․

«Բուժզննման մեջ ներառված են հետեւյալ կետերը՝ պետք է անձը ապացուցի, որ չունի կախվածություն թմրանյութերից կամ հոգեմետ դեղերից առանց բժշկի նշանակման։ Հաջորդը՝ պետք է չունենա շրջապատի համար վտանգավոր վարակիչ հիվանդություն։ Եվ վերջինը՝ պետք է բացառել մարդու իմունային անբավարարության վիրուսի առկայությունը»։

Բուժզննումն անցնելուց հետո համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացվեն տեղական մարմիններին կամ ներքին գործերի նախարարության տարածքային բաժին՝ ասում է Դավթյանը։

«Հայկական Կարիտաս» ՀԿ–ի միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հիշեցնում է՝ մինչ այս կարգավորումները նախատեսված էր, որ միգրանտը պետք է 3 օրը մեկ քովիդի թեստ հանձնի, իսկ 3 ամիսը մեկ՝ բուժզննում անցնի։ Աղմուկից հետո կարգավորումը սահմանվեց այսպես․

«Որոշումը փոխվեց․ եկան նրան, որ ընդամենը մեկ անգամ են հանձնում․ այսինքն այդ անալիզները, դրանց թվում նաև՝ քովիդը, պետք է հանձնել տարին մեկ անգամ։ Մուտքի պահից սկսած, եթե իրենք պատրաստվում են ՌԴ-ում մնալ երկարաժամկետ, այսինքն՝ 30 օրից ավելի, միգրացիոն հաշվառման կանգնելիս պետք է հանձնեն մատնահետք, անալիզներ և քովիդ-թեստ»։

Միգրանտներին առնչվող առողջապահական նոր կարգավորումները իրավապաշտպան, «Տոնգ Ժահոնի» կազմակերպության հիմնադիր և տնօրեն Վալենտինա Չուպիկը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում դիտարկում է որպես քաղաքական որոշում։ Բժշկական հետազոտությունների համար միգրանտը վճարելու է անձամբ՝ մոտ 50 եվրոյին համարժեք ռուբլի՝ նշում է Չուպիկը, ապա, ըստ իրեն հայտնի վիճակագրության, դիտարկում անում, որ ՌԴ-ում մի շարք վարակների տարածվածությունն ավելի բարձր է, քան այն երկրներում, որտեղից գալու են միգրանտները։  

«Ինֆեկցիոն հիվանդությունների մեծ մասը, որոնք արտահայտվում են Ռուսաստանում՝ միգրանտների շրջանում, հենց Ռուսաստանից են ստացվում։ Ռուսաստանը, հիվանդությունների իմաստով, մի քանի սանդղակով բարձր է հիվանդությունը «ծնող» երկրից։ Օրինակ տուբերկուլյոզի տարածվածությամբ ՌԴ-ն 14.6 անգամ գերազանցում է Ուզբեկստանին»։

Հայաստանի միգրացիոն ծառայությունն իր հերթին է փորձում նոր կարգավորումների վերաբերյալ  որոշ պարզաբանումներ ստանալ ռուսական կողմից։

«Ցանկացած նոր տեղեկություն ստանալու պարագայում կկազմակերպենք պատշաճ իրազեկում»։

ՌԴ-ում հայ աշխատանքային միգրանտների մոտավոր թիվը 437 հազարից ավելի է, անօրինական միգրանտների մոտավոր թիվը շուրջ 61 հազար է։ Պատկան կառույցները մեծապես կարեւորում են, որ նրանք տեղյակ լինեն նոր կարգավորումների մասին՝ խուսափելու դեպորտի ռիսկերից։
Բժշկական զննության նոր պահանջն իր հերթին պահանջներ է սահմանում ՌԴ-ում աշխատողների համար։ Անձը պետք է հետամուտ լինի, որ խնդիրներ չունենա։

Ըստ Տաթեւիկ Բեժանյանի՝ եղել են դեպքեր, երբ  քաղաքացիություն ստանալու նպատակով բուժզննում անցնելուց հետո անձը չի կարդացել ստացված պատասխանը և անցել է իր բնականոն կյանքին։ Հետո պարզվել է, որ առողջական խնդիր ունի եւ քաշքշուքի մեջ է ընկել։

Զգոն լինել կարգավորումների եւ ուշադիր փաստաթղթերի հանդեպ՝ հորդորում են ոլորտի պատասխանատուները։

Ցուցադրել ավելի
Back to top button