ԿարևորՏնտեսական

Ովքեր կսեղմեն մեր ձեռքը, տեղ կունենան մեր մեծ կոլեկտիվում․ Սուրեն Պապիկյան

Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում  է։ Այցի շրջանակում նա եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հանդիպել աշխատակիցների հետ։ Քննարկվել են ոչ միայն կոմբինատի հետագա աշխատանքին վերաբերող հարցերը, այլև Սյունիքի անվտանգային խնդիրները։ 

«Գեոպրոմայնինգ» ընկերության հետ արդեն կա պայմանավորվածություն՝ ընդլայնելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքի ծավալը՝  գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։  Նա երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։  Փոխվարչապետի  խոսքով՝  այսպիսի հանդիպումներ առաջիկայում հաճախ են լինելու, քանի որ կառավարությունը ձեռք է բերել կոմբինատի 15 տոկոս բաժնեմասը ու պիտի տեղյակ լինի առկա խնդիրներին, քննարկի նոր ծրագրերի գործարկման հնարավորությունները։ 

Հայաստանը, Սուրեն Պապիկյանի խոսքով, խտանյութ արտահանող երկրից պիտի դառնա պղինձ ձուլող երկիր։ Նոր պղնձաձուլարան կառուցելու նպատակ կա,  կան պայմանավորվածություններ ռուս գործընկերների հետ։

«Առաջիկա շաբաթում «Ռուսատոմի» ներկայացուցիչները կլինեն Հայաստանում։ Կքննարկենք մեր հետագա քայլերը, Հայաստանի ատոմակայանի կյանքը երկարացնելու ծրագրերի և նոր էներգաբլոկների կառուցումը։ Նպատակ կա Հայաստանում ունենալ 55 մեգավատանոց մի քանի նոր էներգաբլոկներ, որ թույլ կտա զարգացնելու ոչ միայն այս ոլորտը, այլ դրանից բխող այլ ճյուղերի զարգացումը»։

Այս պահին քննարկվում է, թե որտեղ կկառուցվի նոր պղնձաձուլարանը՝ Սյունիքո՞ւմ, թե՞ այլ մարզում, կարևոր է նաև հաշվի առնել բնապահպանական խնդիրները։

«Մի բան հստակ է, ԶՊՄԿ–ի տարածքում, ծավալը ընդերքից դուրս հանվող հանքանյութի ծավալը կրկնակի անգամ ավելացնելու ենք։ Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը ներկայացրել է իր առաջարկը, Հայաստանի կառավարությունը՝ որպես գործընկեր, ողջունում է այս քայլը ոլորտում՝ նոր որակ ու նոր հնարավորություն ստեղծելու համար»։

Արտադրական նոր ծրագրերը նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն կտան, կրճատումներ կոմբինատում չեն լինի՝ վստահեցնում է  փոխվարչապետը։«Ես ուզում եմ առաջին ձեռքից իմանանք, որ բոլոր բարեխիղճ , ունակ աշխատողները մեզ համար կարևոր են, մենք յուրաքանչյուրի համար պայքարելու ենք, որ մնան ու աշխատեն ի շահ Հայաստանի, ի շահ նոր ընկերության»։

Կոմբինատի աշխատակիցները  հանդիպմանը դժգոհեցին, որ պատասխանատու պաշտոններում նշանակվում են «դրսի» կադրերը, իսկ տեղացիներն անտեսվում են։ «Գեոպրոմայնինգ»–ի  գործադիր տնօրեն Ռոման Խուդոլիյը հավաստիացրեց, որ կադրային քաղաքականության հարցերում նախ տեղացիների շահերն են հաշվի առնելու։

 «Իրականում, նման ծավալով ներդրումների և զարգացման ծրագրերի պայմաններում, եթե վերցնենք աշխատող քաջարանիցներին, նույնիսկ դպրոցականերին, այդ ծավալի աշխատանքների համար  չեն բավականացնի։ Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ առաջնայինը կադրերի ընտրության հարցում լինելու են Քաջարանի ու  հարակից բնակավայրերի բնակիչները»։

Հանքագործները մտահոգ էին նաև իրենց 38 գործընկերների ճակատագրով, որոնք ամիսներ առաջ  կոմբինատի գլխավոր տնօրենի հրամանով ազատվել էին աշխատանքից։ Ըստ մամուլի հրապարակումների՝ պատճառը քաղաքական էր, նրանք  աշխատակիցներին ստիպել էին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ «Մեզ համար կարևոր է ու կարևոր է լինելու, որ կոմբինատը լինի ապաքաղաքական։ Ոչ մեկի խղճի, մտքի ազատությունը ոչ ոք սահմանափակելու իրավունք չունի։ Սա ենթադրում է նաև, որ մեզնից ու ձեզնից յուրաքանչյուրն իրավունք չունի այլոց մտքի ու խղճի վրա փորձել ազդեցություն ունենալ։ Սա վերաբերում է ՀՀ բարեխիղճ բոլոր քաղաքացիներին, ում հետ մենք ուզում ենք աշխատել։ Բայց բոլոր նրանք, ովքեր պատրաստ չեն մեկնած ձեռքը սեղմել ու կգործեն ի հեճուկս այս հայտարարության, մեր մեծ կոլեկտիվում անելիք չեն ունենալու։ Սա հստակ ուղերձ է»։

Սյունեցիներին հետաքրքրում էին նաև անվտանգային հարցերը, Գորիս–Որոտան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակը, որտեղ ադրբեջանցի ոտիկաններն են կանգնած։  Ըստ Սուրեն Պապիկյանի՝  կառավարությունը ամեն ինչ անում է, որ Սյունիքն անվտանգ լինի։

«Ինչ վերաբերում է Որոտանի  21 կմ–ոց հատվածին, ապա  շուտով կսկսվեն նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ։ Մյուս ճանապարհը՝ Տաթևինը, արդեն սարքել են։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ դուք ձեզ անվտանգ զգաք, մենք մեզ անվտանգ զգաք։ Մեր գործընկերների հետ այս մեծ պրոյեկտները սկսելը ենթադրում է ավնտանգության հավելյալ երաշխիքներ։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Սյունիքը դառնա Հայաստանի ամենակարևոր հատվածներից մեկը նաև տնտեսական առումով»։

Սուրեն Պապիկյանն , ի դեպ, արտառոց ոչինչ չի տեսնում այն հարցում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կառավարությանը նվիրված բաժնեմասը տրվել վարչապետի աշխատակազմին, և ոչ թե, օրինակ, էկոնոմիկայի նախարարությանը կամ պետական գույքի կառավարման կոմիտեին։ Անհասկանալի օրակարգ է՝ ասում է Պապիկյանը, նկատելով , որ բոլոր գերատեսչություններն էլ են կառավարության մաս են։

Ցուցադրել ավելի
Back to top button