ԿարևորՄշակույթ

Հադրութի եկեղեցիները՝ ադրբեջանական քարոզչության թիրախում

Նոյեմբերի 5-ին ադրբեջանական www.cbc.az կայքում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ուդիական համայնքի ներկայացուցիչները ուխտագնացությամբ այցելել են Հադրութի Սբ. Հարություն  եկեղեցի և Սպիտակ խաչ վանք, որը գտնվում է Հադրութից ոչ հեռու՝ Վանք գյուղում։ Ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում աղվանական-ուդիական եկեղեցուն հատուկ ծեսեր են կատարում:  Տեսանյութում Ռոբերտ Մոբիլին խոսում է, այսպես ասած, «վնասների մասին»։ Այդ վնասներն, իբր, աղվանական մշակութային ժառանգությունը կրել է չակերտավոր «հայկական օկուպացիայի» տարիներին։ Նա նշում է, թե իբր հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին ավելացրել են հայկական խաչեր ու գրեր, տեղադրել խաչքարեր, և այդ ամենն արվել է աղվանական հետքերը ջնջելով:

Տեսանյութին արձագանքել է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ը՝ դատապարտելով Ադրբեջանի քարոզչությունը, որի թիրախում այժմ էլ Հադրութի մշակութային ժառանգությունն է։  «Ռադիոլուր»-ը զրուցել է Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Նրա խոսքով՝ այս պահին  անգամ ռուս խաղաղապահները որևէ բան անել չեն կարող։ Նրանք Հադրութում առհասարակ չեն լինում․

«Ռուսներն այդ կողմեր չեն գնում, անգամ այստեղ՝ մոտիկ Շուշիի հարցերում նրանք ներկա չեն։ Ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որ խառնվեն։ Ռուսները միայն այն հատվածներում են, որտեղ հայություն է ապրում, իսկ մնացած գրավվյալ տարածքներ միայն երևի դիակներ դուրս բերելու նպատակով են գնում։ Ինչքան հարցրել եմ՝ անգամ Ծիծեռնակավանքի կողմերը չեն գնացել, ուր մնաց՝ Հադրութի տարածաշրջանում լինեն»։

Մինչև պատերազմը պատրաստվում էի Սպիտակ խաչ վանքը վերանորոգել,  ռուսաստանաբնակ հայ բարերար Սմբատ Աբրահամյանն էր դրա համար միջոցները հատկացրել։ Ամեն բան պատրաստ էր՝ շինաշխատանքները սկսելու համար,– ասում է Վրթանես սրբազանը։ Սպիտակ խաչը 14-րդ դարի վանք է, այդ մասին նշված է նաև  եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ պահպանված արձանագրությունում։ Առհասարակ, եկեղեցու շրջակայքում կան բազմաթիվ տապանաքարեր՝ պահպանված արձանագրություններով։ Դրանցից կարելի է ենթադրել, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, այդտեղ թաղված են նաև եպիսկոպոսների աճյուններ:

Հադրութի սուրբ Հարություն եկեղեցին թվագրվում է 17-րդ դարով։ 2020 թվականի հոկտեմբերի 12-ից հետո, երբ քաղաքն ամբողջությամբ ընկավ ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցիները սոցցանցերում տարածեցին նյութեր, որտեղ երևում է եկեղեցին՝ ներկված, գրոտված պատերով, և բակը՝ շրջված տապնաքարերով։  Թեև եկեղեցիների բացարձակ հայկականությանը, Ադրբեջանը դրանք ներկայացնում է որպես աղվանական կամ ուդիական․

«Դեռ 1988 թվականից Բաքվի գիտությունների արևելյան ակադեմիան շինծու հոդվածներ էր հրապարակում, դոկտորականներ պաշտպանում և ինչ ասես՝ չէր անում, որպեսզի Ղարաբաղի հայկական ժառանգությունը ներկայացնեն աղվանական կամ ուդիանական։ Վերջերս էլ Բաքվի ուղղափառ եկեղեցու քահանաներից մեկը Հռոմում դոկտորական է պաշտպանել հենց այս թեմայով, իբր Ղարաբաղի եկեղեցիները ուդիական են, գիտական ճանապարհով փորձում են կեղծել։ Հասկանո՞ւմ եք, ցավոք սրտի մենք չենք կարողանում մեր գիծը բռնած առաջ տանել նույն գիտական հարթության մեջ»։

Արցախի թեմի առաջնորդը մեկ ճանապարհ է տեսնում ադրբեջանական շինծու քարոզչության դեմն առնելու․դա գիտության ուղին է, որի միջոցով հայ մասնագետները պետք է հակակշռեն կեղծ քարոզչությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button