ԿարևորՀասարակություն

Կարևոր է թույլ չտալ, որ Արցախի մշակութային ժառանգությունն արժանանա Նախիջևանի ոչնչացված ժառանգության ճակատագրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանում:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր անդամ երկրներին՝ Հայաստանի՝ որպես Գլխավոր համաժողովի փոխնախագահներից մեկի թեկնածությունը սատարելու համար, խոսել է արտասովոր մարտահրավերների պայմաններում, որոնց այսօր բախվում է աշխարհը՝ զինված հակամարտություններից մինչև COVID-19 համավարակ և կլիմայի փոփոխություն, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորության մասին:

«Հետևաբար, այսօր, երբ մենք նշում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակը, վերահաստատում ենք մեր հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և մեր աջակցությունը կազմակերպության Ռազմավարական վերափոխման գործընթացին։

2022 թվականին կլրանա ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակը, որի ընթացքում  Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի  օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ներկայացնել մեր թեկնածությունն անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար։

Հայաստանը հանձնառու է խթանել կրթության ապագան` հիմնված բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի վրա։ Մենք կարծում ենք, որ համաշխարհային քաղաքացիական կրթությունը կարևոր գործիք է գլոբալ մարտահրավերներին հակազդելու համար։ Հավատացած ենք, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը կենսական նշանակություն ունեն ատելության խոսքի և ինքնության հիմքով խտրականության կանխարգելումն առաջ մղելու գործում։ Սա նաև 2020թ.-ին Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման հիմնական գաղափարներից է: 

Մենք լիովին աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Աֆրիկայի առաջնահերթության և Փոքր կղզիների զարգացող պետությունների գլոբալ ծրագրերին, որոնք պետք է առավել խթանվեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության և մշակույթի ոլորտներին։

Հայաստանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին՝ ուղղված հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանմանը և դատապարտում մշակութային խորհրդանիշների վրա հարձակումները՝ պայմանավորված դրանց ծագման կամ ինքնության տարբերություններով:

Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։

Շուրջ մեկ տարի է նաև ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։

Մենք երախտապարտ ենք տիկին Օզուլեին իր ջանքերի համար՝ միտված Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն, որը համապատասխանում է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի  կոնվենցիային։ 

Ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել այդ առաքելության իրականացումը։ Այս խոչընդոտող վերաբերմունքը  մեզ ստիպում է վատագույնը սպասել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ։ Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, և, թերևս, ամենատխրահռչակ օրինակը անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են։ 

Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում ավելի քան 1500 մշակութային և 19000 թանգարանային նմուշներով հարուստ՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ճարտարապետական տեսքի փոփոխման անթույլատրելի դեպքերի։

Չափազանց կարևոր է միջազգային ջանքերն ուղղել և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջևանի՝ ընդհանուր թվով 28000 ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին։

Կցանկանայի եզրափակել խոսքս՝ ընդգծելով խաղաղության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մշակույթի, ինչպես նաև մշակույթների միջև երկխոսության խթանման կարևորությունը՝ որպես մարդկանց միավորելու և խաղաղ համակեցությունն ամրապնդելու կարևոր գործիք: Անշուշտ դա մեզ հնարավորություն կտա իրագործել Կազմակերպության բոլոր առաջնահերթությունները»,- ասել է ՀՀ ԱՀ նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button