ԿարևորՀասարակություն

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանում կառուցվող բնակելի համալիրի շինարարական աշխատանքները

Ղեկավարվելով «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 7-րդ ենթակետը  և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի՝ 2021 թ․ հոկտեմբերի 4-ի N Ք/1559-2021-Ա հանձնարարագիրը Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության բաժնի  մասնագետները ս․թ․հոկտեմբերի 7-ին ստուգումներ են իրականացրել Երևանի Բաղրամյան պողոտա 30, Լեռ Կամսար փողոց 30/4 և 30/6 հասցեներում՝ բազմաբնակարան բնակելի համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։

Ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծի շեղումներով, շինարարության ընդունման նորմերի, արտադրության և ստանդարտների խախտումներով։

Մասնավորապես՝ կառույցի կոշտության դիաֆրագմաներում և երկաթբետոնե պատերում տեղադրված են նախկինում օգտագործված պողպատյա ամրաններ, երկաթբետոնե տարրերի ելուստների քայլը չի համապատասխանում նախագծին, բետոնի տոփանումն (հարթեցում) իրականացվել է թերի, բետոնի պաշտպանիչ շերտը տեղ-տեղ բացակայել է, կրող տարրերի զուգավորման հանգույցներում անուրները (хамут) չեն համապատասխանել գործող նորմերին և նախագծին։ Արդյունքում` նշված խախտումները կարող են ազդել շենքի ամրության, կայունության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց համար և չեն կարող վերացվել` առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները։

Շինարարական աշխատանքների ընթացքում խախտվել է նաև տեխնիկական հսկողության իրականացման կարգը։

Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի հատկանիշներով՝ Տեսչական մարմնի կողմից կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ վերջիններիս նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր։ Կապալառու և տեխնիկական հսկող իրականացնող կազմակերպույթունների գործունեության լիցենզիաների կասեցման հարցով Տեսչական մարմինը դիմել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտե։

Նշված հասցեներում շինարարության կասեցումից  և ընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելուց բացի, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի անմիջական վերահսկողությամբ ապամոնտաժվել են բազմաբնակարան բնակելի համալիրի՝ խախտումներով կառուցված հատվածները։

Ցուցադրել ավելի
Back to top button