Մոռացված ֆիլմերի ստվերները

«Ծովափնյա արձակուրդը» Չեռնոբիլյան աղետի օրերին․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Չեռնոբիլի ատոմակայանում 1986 թվականի ապրիլի 26-ին  տեղի ունեցած խոշոր վթարի ու աննախադեպ աղետի մասին կայծակնային արագությամբ տարածվող լուրը տակնուվրա արեց կինոռեժիսոր Մարտիրոս Ֆանոսյանի ստեղծագործական ծրագրերը։ Նրա առաջին լիամետրաժ ՝ «Ծովափնյա արձակուրդ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները պիտի տեղի ունենային Ղրիմի լավագույն լողափերից մեկում, որտեղ մեծ էր ռադիոակտիվ ամպերի հայտնվելու հավանականությունը։ Մարտիրոս Ֆանոսյսնն ու նկարահանող խումբը հայտնվեցին անելանելի իրավիճակում։

Մարտիրոս Ֆանոսյանի մուտքը կինոաշխարհ «Ծովափնյա արձակուրդ» ֆիլմի ստեղծումից ինը տարի առաջ էր։ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի Ալեքսեյ Ստոլպերի արվեստանոցը նա ավարտեց «Նվագախումբն անցավ մեր փողոցով» կարճամետրաժով, որն աննախադեպ հաջողություն ունեցավ։ Դրանից հետո մոտ մեկ տասնամյակ նա «Հայֆիլմում» սպասում էր իր նկարահանման հերթին։ Պարտադրված պարապուրդը խախտեց Վալերի Զոլոտուխայի պատմվածքը։ Մարտիրոս Ֆանոսյանն առաջարկեց արձակագրին պատմվածքը վերածել կինոսցենարի։

Մարտիրոս Ֆանոսյան

«Վալերի Զոլոտուխայի հետ մտերիմ ընկերներ էինք: Այս կինոսցենարով ֆիլմ նկարահանել ցանկացողները շատ էին: Զոլոտուխան խոստացավ ինձ, որ սցենարական աշխատանքներն ավարտելուն պես այն կփոխանցի ինձ և ես կիրականացնեմ նակարահանման աշխատանքները»,-պատմում  է Մարտիրոս Ֆանոսյանը:

Վալերի Զոլոտուխա

Անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին «Ծովափնյա արձակուրդ» ֆիլմի նկարահանող խմբի անդամները Երևանի տարբեր դպրոցներում փնտրում էին հետաքրքիր արտաքինով պատանիներ։ Նրանց սուր աչքից չէին վրիպում առանձնահատուկ դիմագծեր կամ խառնվածք ունեցող տղաները։ Սակայն ֆիլմում Վահանի կերպարը մարմնավորած Վահրամ Մերանգուլյանին ոչ մի կերպ չէր հաջողվում արժանանալ նկարահանող խմբի ուշադրությանը։ Միայն երրորդ փորձից հետո նա, ինչպես ասում են, հանեց շահող խաղաթուղթը․

Պատանի Վահրամը

«Առաջին անգամ նկարահանող խմբի հետ հանդիպեցի դպրոցում: Դասաժամին  ներս մտան նկարահանող խմբի անդամները, ես գրատախտակի մոտ կանգնած էի, նրանք առանձնացրեցին իմ  համադասարանցիներից մի քանիսին և ասացին, որ կզանգահարեն իրենց: Երկրոդ անգամ «Հայֆիլմ» կինոստուդիայում կրկնօրինակման աշխատանքների էի կատարում նորից հանդիպեցի նույն կազմին, սակայն այդ անգամ էլ կարծես չնկատեցին ինձ: Երրոդ հանդիպումը բախտորոշ եղավ», -այսպես է վերհիշում Վահանի դերում հաստատվելու  պատմությունը Վահրամ Մերանգուլյանը:

Վահրամ Մերանգուլյան, Արմեն Նարիմանյան

Հովհաննեսի դերում  նկարահանվելու բախտը վիճակված էր Արմեն Նարիմանյանին։ Պատանի Արմենին դերում հաստատելը դետեկտիվ ժանրի պատմություն էր հիշեցնում։ Պատանու մտքով չէր էլ անցնում, որ ծանր իրավիճակում հայտնվելը լոկ յուրատեսակ փորձարկում էր։ Հանգուցալուծումը ֆիլմում նկարահանվելու առաջարկն էր։ 

«Ռեժիսորն ու մեր դպրոցի ուսմասվարը ներս մտան և ասացին, որ տեղի է ունեցել վեճ և ում անուն ազգանունը ասեն նա պետք է դուրս գա դասարանից: Ի զարմանաս ինձ հնչեց իմ անունը և ես այլալված դուրս եկա: Դուրս գալուց հետո առաջին միտքը փախուստի դիմելն էր, բայց հետո շատ արագ հավաքեցի ինձ ինքս ինձ ասելով, որ ես այդ ամենի հետ ոչ մի կապ չունեմ; Ունքերս կիտած կանգնած էի, երբ ուսմասվարը ծիծաղելով ասաց որ ապագա նկարահանվելիք ֆիլմի նկարահանող խումբն է եկել մեր դպրոց և ինձ ընտրել են այդ ֆիլմի դերասանական լսումներին մասնակցելու համար»,- տարիներ անց էլ նույն հուզականությամբ պատմում է Արմեն Նարիմանյանը:

Պատանի Արմենը

«Ծովափնյա արձակուրդ» ֆիլմի նկարահանումները պետք է տեղի ունենային Ղրիմում։ Ամեն ինչ գրեթե պատրաստ էր, Յալթայի կինստուդիայի հետ կնքված էր պայմանագիր, և մի քանի օրից նկարահանող խմբի անդամները պետք է մեկնեին Ղրիմ։ Բայց տեղի ունեցավ անսպասելին։ Չեռնոբիլի ատոմակայանի աղետը հարցականի տակ դրեց ֆիլմի ապագան։  

«Երկար փնտրտուքներից հետո մեր ընտրությունը կանգ առավ Ղրիմում գտնվող “Царская бухта” անվանումը կրող լողափի վրա: Չեռնոբիլի աղետից հետո ես անընդհատ մտածում էի, որ ինչպես ես կարող եմ այդ երեխաներին այնտեղ տանել, չէ որ պարզ չէր, թե ինչ աստիճանի աղտոտված կարող էր լինել ափը: Ինձ օգնության հասավ եղբայրս՝ հայտնի ֆիզիկոս Ժոզեֆ Փանոսյանը, որի խորհրդով ես խնդրեցի այնտեղի լաբորատորիայի աշխատակիցներին ջրի և ավազի նմուշներ ուղարկեն մեզ, ինչի հիման վրա Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները պիտի որոշեին ռադիացիայի աստիճանը: Պարզվեց, որ ամեն ինչ նորմայի մեջ է և մենք մեկնեցինք նկարահանումների», — պատմում է Մարտիրոս Ֆանոսյանը։

Նկարահանումների բարեհաջող ավարտից հետո՝ 1987 թվականի մարտի 14-ին Կինոյի տան դահլիճում «Ծովափնյա արձակուրդ» ֆիլմի պրեմիերան էր։ Վահրամ Մերանգուլյանը պատմում է, որ պրեմիերայի օրը ֆիլմում նկարահանված բոլոր մասնակիցների համար անակնկալ էր այն, որ իրենց կրկնօրինակում են այլ դերասաններ, իսկ նկարահանված շատ տեսարաններ էլ դուրս են մնացել ֆիլմից։

«Մենք բավականին ոգևորված էինք, որովհետև նկարահանումից հետո չէինք հանդիպել միմյանց: Անմոռանալի զգացողություներ էին, որոնք մինչև օրս ուղեկցում են մեզանից յուրաքանչյուրին», -այսօր էլ ոչ պակաս ոգևորությամբ պատմում է Վահրամ Մերանգուլյանը:

Առաջին սիրո դառնության հուզիչ պահերի, ընկերության ամրության, արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունելու մասին պատմող «Ծովափնյա արձակուրդ» մելոդրաման մեծ հաջողություն ունեցավ հեռուստադիտողների շրջանում։

Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանված ֆիմը հետագայում ներառվեց  ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում։ Սակայն այս հաղթարշավին հաջորդեց մոռացվելու տխուր իրողությունը։ Արդեն մի քանի տասնամյակ է այս ֆիլմի մասին գիտեն միայն մասնագիտական շրջանակներում։ Բայց ֆիլմի ռեժիսորն ու մասնակիցները չեն կորցնում լավատեսությունը, թե մի օր ֆիլմն անպայման կվերադառնա հեռուստաէկրան։

Ցուցադրել ավելի
Back to top button