ԿարևորՀասարակություն

«Ընտրություն էլ կա՞»․ Իջևանում ՔՊ-ն ակտիվ մասնակցություն է կանխատեսում, ՀՅԴ–ն՝ պասիվ

Միչև նոյեմբերի 14-ի ընտրությունները՝ Իջևանում անցած երկու տարում երկու ընտրություն է նշանակվել ու չեղարկվել։  Առաջինը պիտի անցկացվեր 2019-ի դեկտեմբերին, բայց կառավարությունը որոշեց համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները նշանակել համայնքի միավորման գործընթացից հետո։ Հետո ընտրության օր նշանակվեց 2020-ի մարտի 15-ը, դա էլ չեղարկվեց համավարակով պայմանավորված: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջևանի շտաբի մամուլի պատասխանատու Արամ Սիմոնյան․ «Էս անգամ ի վերջո կկայանա, որովհետև 3 օր է մնացել, չեմ կարծում, որ այս ընթացքում ֆորս-մաժորային իրավիճակ կստեղծվի»։

Իջևանի ավագանու նոյեմբերի 14-ի ընտրություններին մասնակցելու են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։ Նա այս պաշտոնին է 2021 թվականի ապրիլի 14-ից: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 56 թեկնածու։  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Արամ Սիմոնյանը նշում է՝  թեև վերջին տարիներին լայնածավալ ներդրումներ են կատարվել, սակայն բոլոր խնդիրները լուծված չեն․

«Խնդիրներ շատ կան, եթե ոլորտային նշեմ, ապա կրթական՝ մանկապարտեզների հետ կապված, ոռոգման ջրի, ճանապարհների խնդիրներ կան։ Ամեն բնակավայր  իր առանձնահատուկ խնդիրներն ունի։ Խոշորացումից հետո առաջնահերթությունների գույքագրում կկատարվի, որից հետո կանցնենք գործնական լուծումների»։  

ՔՊ ներկայացուցիչը թվարկում է վերջին տարիներին կատարված աշխատանքը, ասում է՝ դրանց մեջ ժամանակավոր պաշտոնատարը ևս ներդրում է ունեցել։ Նրա խոսքով՝ բարենորոգվել է Մակարավանք տանող ճանապարհը, Այգեհովիտ համայնքում ոռոգման ցանց է կառուցվել, իսկ  սահմանամերձ Բերքաբեր համայնքը, որը 30 տարի ճանապարհ չուներ, այժմ ունի։

ՀՅԴ-ն ներկայացրել է թեկնածուների 14 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը։ Վերջինս 2004-ից ՀՅԴ անդամ է, իսկ 2018-ից Իջևան քաղաքի ավագանու կազմում է: Ղազումյանը երկու առաջնային խնդիր է առանձնացնում՝ անվտանգություն և սոցիալական վիճակ։ Նրա խոսքով՝ քաղաքացի լինի թե գյուղացի՝ պետք է իմանա՝ ինչ անել պատերազմի ժամանակ։ Սոցիալ-կենցաղային խնդիրները տարբեր համայնքներում տարբեր են՝ աղբահանությունից մինչև ոռոգման ջուր։ Դրանց շարքում Ղազումյանը, սակայն առանձնացնում է պատերազմի հետևանքները, որոնցով պետք է զբաղվել․

«Պատերազմից ժամանակ զոհվածների ընտանիքների հետ կապված ամենօրյա աշխատանքի խնդիր կա։ Վիրավոր տղերք ունենք, որոնց առջև ամենօրյա սոցիալական, բարոյական պարտք ունենք, որպես համայնք, բնակչություն։ Պետք է այդ մարդկանց, իրենց ընտանիքների հետ ամենօրյա աշխատանք տարվի, որ կողքի հարևանը, բարեկամը տեսնեն՝ այդ մարդիկ հանուն հայրենիքի հենց այնպես չեն զոհվել։ Մեր պարտքն է այդ ընտանիքներին ամենօրյա ուշադրության կենտրում պահել»։

Համայնքապետի թեկնածուն քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ շփումներից նկատել է՝ համատարած հիսաթափություն կա, պատահել է՝ գյուղերում զարմացած հարցրել են․ «Ընտրություն էլ կա՞»։

«Չեն հավատում մարդիկ ոչ մեկին, չգիտեմ, կարող է ընդհանուր երկրի վիճակի հետ է կապված, Գորիսի վիճակի հետ կապված։ Մարդիկ այնքան հիսաթափված են, որ իրենց չի հետաքրքրում ընտրությունը, ասում են՝ Հայաստանը կործանվում է, մարդկանց հետ խոսում ես՝ ասում են՝ էլ ինչ պետություն, դուք եկել եք, ասում եք՝ քաղաքապետը, ավագանին, մարդկանց մեջ հուսադրող բան չկա»։

Ըստ Ղազումյանի՝ հիասթափության պատճառով մասնակցությունը ակտիվ չի լինի, մինչդեռ ՔՊ-ում, հաշվի առնելով  նախորդ ընտրությունները, այս տարի ևս  բնակիչների մեծ մասնակցություն են ակնկալում։

Ցուցադրել ավելի
Back to top button