ԿարևորՀասարակություն

Գործադիրը Սյունիքում կրթական նոր մոդել է ներդնում

Հաստատվել է Սյունիքում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրն իրականացնելու համար ներդրվելու է 9 միլիարդ դրամ, սկսվելու է Կապան խոշորացված համայնքում, որը ներառում է Կապան քաղաքն ու հարակից 31 գյուղերը։ Գործադիրը նպատակ ունի փոխել կրթության որակը մարզում, և այն ավելի հասանելի դարձնել։

Սյունիքի Ուժանիս համայնքի դպրոցահասակ ու նախադպրոցական տարիքի երեխաները շաբաթվա աշխատանքային օրերն անց են կացնում Կապանում։ Մարզկենտրոնից 11 կմ հեռավորության վրա գտնվող համայնքը դպրոց ու  մանկապարտեզ չունի։ Գյուղի 4 դպրոցահասակ և  մանկապարտեզային տարիքի 4 երեխաները կրթություն ստանալու համար հասնում են Կապան՝ «Ռադիոլուրին» ասում է Ուժանիսի համայնքապետ Սասուն Սարգսյանը։

«Ոչ մանկապարտեզ ունենք, ոչ էլ դպրոց։ Էրեխեքը դպրոց ու մանկապարտեզ գնում են Կապանում։ Դրա համար էլ մենակ շաբաթ–կիրակի են գյուղ գալիս»։

Հայաստանում մեծ է մինչև 100 աշակերտ ունեցող  դպրոցների թիվը․ դրանք ընդհանուրի շուրջ 32 տոկոսն են՝ ասում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Սա նշանակում է, որ Հայաստանի ամեն երրորդ դպրոցից մեկը մինչև 100 աշակերտ ունի։  Ցուցանիշը բարձր է հատկապես  Սյունիքում․ այստեղ դպրոցների շուրջ 2/3-ում մինչև 100 աշակերտ է սովորում։ Այլ մտահոգիչ ցուցանիշներ էլ կան՝ ասում է վարչապետը։

«Տարրական դպրոց ավարտած երեխաների շուրջ 35%-ը չի կարողանում կարդալ տարրական տեքստը։ Խնդիրն իրավիճակը փոխելն է։ Անհրաժեշտ է ապահովել 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսի ներգրավվածությունն  նախադպրոցական կրթության համակարգում»։

Կառավարության որոշմամբ Կապան խոշորացված համայնքում ուսումնասիրություններ են կատարվել։ Առաջարկվել է 6 գյուղերում պահպանել դպրոցները, կառուցել նախակրթարաններ, ներառել մասնագիտական կրթության ուղղությունը, իսկ 25 գյուղերում ստեղծել 7 հանգույցներ, որտեղ տարբեր համայնքների  երեխաները որակյալ կրթություն ստանալու հնարավորություն կունենան։ Խոսքը շուրջ 1000 երեխայի մասին է՝ ասում է կրթության նախարարը։  

«Այս հանգույցների գործունեությունն ապահովելու համար առաջարկվում է  8 ճանապարհ, ներառում են որակյալ տրանսպորտային միջոցներ, և ընդհանուր առմամբ 13 դպրոցներից հինգը նոր կառուցվող դպրոցներ կլինեն, իսկ մյուս ութը վերակառուցվելու կամ հիմնանորոգվելու են»։

Այդ դպրոցներում պետք է դասավանդեն վերապատրաստված, բարձրորակ մասնագետներ՝ ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելում, որ նրանք պատշաճ կվարձատրվեն։ Հանգուցային և ոչ հանգուցային  կրթական կենտրոնները համալրվելու են նոր գույքով լաբորատորիաներով։ Առաջարկվել է ծրագիրը սկսել Կապան խոշորացված համայնքից, որը ներառում է Կապան քաղաքն ու հարակից 31 գյուղերը։

 «Եթե մինչև 2030 թվականը 15 տարին բոլորած շրջանավարտները հատեն մաթեմատիկայի, ընթերցանության և բնական գիտությունների գնահատման նվազագույն շեմը, ապա ըստ հետազոտությունների՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքը այլ հավասար պայմաններում 2015 թվականի նկատմամբ կաճի 293 տոկոսով։ Այսինքն` միայն կրթական բաղադրիչի ազդեցությամբ այսպիսի ներդրումներով մենք 15 տարվա մեջ կունենանք 293 տոկոս ՀՆԱ–ի աճ։ Եվ սա չափազանց կարևոր ռազմավարական ծրագիր է»։

Այս պահին 31գյուղերի երեխաների կրթությունը կազմակերպվում է 18 դպրոցներում՝ ասում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա  Անդրեասյանը։ Նոր  ենթակառուցվածքները հնարավորություն կտան  առանց բնակության վայրի փոփոխության կազմակերպել երեխաների  որակյալ կրթությունը, իսկ սա կնպաստի ժողովրդագրական աճին, կարծում է փոխնախարարը։

«Մենք պետք է կարողանանք ապահովել կրթական որակյալ  ծառայություն և դրա հասանելիություն։ Եթե դա լինի հասանելի և տրամաբանական, ապա այստեղ մենք կունենանք նաև երեխաների թվի աճ և կարծում եմ, որ այս մոտեցումը թույլ է տալու, որպեսզի մենք կազմենք ամբողջ հանրապետության քարտեզը կրթական ծառայությունների  և հրաժարվենք այն մոտեցումից, որ եթե կա շենք, որը վատ վիճակում է ուղղակի գնանք և դա հիմնանորոգենք կամ վերակառուցենք, այլ անենք դա տրամաբանված՝ հասկանալով արդյոք մեզ այստեղ պետք է այդ շե՞նքը, թե՞ այլ բան»։

Ուժանիսի համայնքապետը ծրագիրը կարևոր է համարում ։ Հաջողելու դեպքում, կարծում է, այն կթեթևացնի  դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների հոգսը, ավելի որակյալ կդարձնի դպրոցի տված կրթությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button