ԿարևորՀասարակություն

4 հազար հայելիների «թագավորություն»․ Հերունու՝ աշխարհում բացառիկ աստղադիտակը վերագործարկվում է

Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը, որը տասնամյակներով չէր գործում, ներկայում ապակոնսերվացվում է։ Դիտակի վերագործարկմամբ զբաղվող թիմը խոստանում է տիեզերքն ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի համար, իսկ Հայաստանն առավել ճանաչելի՝ աշխարհի գիտական քարտեզի վրա։ Հերունիի ստեղծած դիտակի գծով գիտական դպրոցի շարունակող, պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը «Ռադիոլուր»-ին հետաքրքիր մանրամասներ է հայտնել գիտական հսկայի մասին ու փոխանցել՝ դիտակի փորձարկումը սպասվում է արդեն նոյեմբերի վերջին։ Այն կարող է ծառայել նաեւ որպես նորարարական ուսումնական բազա եւ դառնալ գիտական տուրիզմի կենտրոն։

4 հազար հայելիների «թագավորություն»․ աշխարհում իր տեսակով բացառիկ ռադիոօպտիկական աստղադիտակը Երեւանից 40 կմ-ի վրա է՝ Արագածոտնի Օրգով և Տեղեր գյուղերի միջեւ։ 36-ամյա հայելային հսկա «թասը» աշխարհի ռադիոդիտակներից տարբերվում է իր կառուցվածքով․ հիմնական հայելին կիսագունդ է և անշարժ։ Դիտակի ընդամենը երկու տոկոսն է շարժվում։ 9 հարկանի շենքի բարձրությամբ գիտական հսկային մասնագիտորեն անվանում են ROT-54 /2.6։ Ստեղծել է գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունին 1985-ին։ Սարքը լիովին «հայ» է՝ գաղափարից մինչև կոճակներ։ Միակն է աշխարհում, որը տիեզերքը զննել է երկու տիրույթներում՝ օպտիկայի և ռադիոալիքների։ Հերունիի ստեղծած դիտակի գծով գիտական դպրոցի շարունակող, պրոֆեսոր Արևիկ Սարգսյան։

«Ստեղծվեցին այն եզակի սարքերը, որոնք այս տարածքի տարբեր թփի տակ կան։ Անտենային չափման էտալոններ կառուցվեցին։ 11–ից 4 են մնացել։ Անտենային չափման էտալոններն առաջինն էին աշխարհում և ճանաչվել էին ԽՍՀՄ–ի պետական չափանմուշներ, հետագայում Հայաստանի պետական ազգային էտալոններ։ ԱՄՆ ու Հայաստանն ունեն անտենային չափումների ազգային էտալոններ»։

Պարիս Հերունու զարմուհի, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արևիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ նման ծավալի գիտական շինարարությունը բացառիկ էր խորհրդային ողջ միությունում։ Կառուցման տեղն ու դիրքը պատահական չէին։ Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր այն կառուցել Ղրիմում։ 17 տարվա պայքարից հետո ռադիոֆիզիկոսը, որպես աստղային կյանքը դիտելու ամենաբարենպաստ վայր, ընտրեց հենց Արագածի հարավային լանջը։ Գիտական այս նախաձեռնությունն արդեն հետո պետք է կենսունակ պահեր Օրգով և Տեղեր  գյուղերը։

«70–ականներին Կոմունիստական կուսակցության որոշմամբ որոշված էր Օրգով և Տեղեր գյուղերը, որպես ոչ հեռանկարային,  տեղահանել։  Տեղերն արդեն գրեթե տեղահան էր, Օրգովը պատրաստվում էր։ Չկար ճանապարհ, չկար հոսանք, չկային այլ կոմունիկացիաներ, դպրոց, այսինքն՝ այս գյուղերը վերանալու էին քարտեզից։ Իսկ երբ հաստատվեց այս տարածքում Արագածի գիտական կենտրոնի շինարարությունը,  Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական համամիութենական ինստիտուտի ուժերով կառուցվեց ճանապարհ»։ 

4000 հայելի, 54 մ տրամագիծ, 27 մ խորություն։ Պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը վստահեցնում է՝ սա աշխարհում ամենաճշգրիտ դիտակներից է, որը տիեզերքում միլիմետրանոց ալիքներն անգամ կարող է որսալ սեփական աղմուկի գերցածր լինելու շնորհիվ։ Որպեսզի հասկանալի լինի, թե որքան զգայուն է սարքը, Սարգսյանը բացատրում է՝

 «Պատկերացրեք՝ Տոկիո քաղաքում մի մոմ վառված լինի։ Այդ մոմի ջերմությունը  մենք այստեղ այս ռադիոդիտակով զգում ենք։ Այսինքն՝ եթե ջերմային էներգիան համեմատենք ռադիոէներգիայի հետ, զգայունությունը շատ բարձր է։ Ըստ այդմ՝ նույն շատ հեռու ռադիոճառագայթման աղբյուրները տիեզերքի  այս դիտակով կարելի է տեսնել։ Այն, ինչ մյուս դիտակների համար զգայունության ցածր լինելու պատճառով անհասանելի խնդիր է»։

Ռադիոդիտակի տեսածը մասնագետներն արձանագրում են կից կայանում։ Մոտ 10 տարում նախագծված ու կառուցված սարքն իր ընդմամենը 2 տարվա կյանքի ընթացքում տիեզերքում արձանագրել է կարևոր իրադարձություններ։ Գրանցել է, օրինակ,Երկվորյակների համաստեղության «Էտտա» անվամբ կարմիր աստղի պայթյունը, որը տեւել է 16 րոպե։  

«Բայց ամենահետաքրքիրն այն է, որ մեզանից հեռավորությունը մինչև այդ «Էտտա» աստղ 250 լուսատարի է։  Այսինքն՝ Հերունու կողմից արձանագրվել է 250 տարի առաջ տեղի ունեցած պայթյունը»։

Մեկ այլ բացահայտում տեղի է ունեցել արդեն դիտակի համալրման ժամանակ, երբ նկատվել է՝ դիտակի ալեհավաքի կենտրոնով անցնող հյուսիս-հարավ միջօրեականն անցնում է ուղիղ Տեղերի Սուրբ Աստվածամոր վանքի գմբեթի խաչով:

Աստղադիտակի կյանքը կանգ առավ, երբ Խորհրդային միության փլուզումից հետո այն մի ինստիտուտից մյուսին անցավ, ֆինանսավորումը կրճատվեց, գիտական կենտրոնում վերացվեցին անգամ անտենային էտալոնները։ Արդեն10 տարի է՝ Ստանդարտացման ու չափագիտության ազգային մարմնի որոշմամբ ռադիոդիտակը կոնսերվացված է։ Տարիներ ի վեր գումարներն ուղղվել են միայն դրա պահպանմանը։ Շուրջ մեկ ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարությունն ի վերջո որոշեց՝ Հայաստանն այնքան հարուստ չէ, որ գումար չհատկացնելով նման հարստություն կորցնի։ Հերունու զարմուհին՝ Արևիկ Սարգսյանը, ներկայում Ստանդարտների և չափագրումների  ինստիտուտում կազմակերպում է աստղադիտակի վերագործարկումն ու ապակոնսերվացումը։

«Որպեսզի այս ամենը  հետագայում գործի որպես Հերունու կենտրոն, մենք մտադիր ենք անունը դնել Հերունու անվան ազգային տիեզերական կենտրոն։ Ինչո՞ւ, որովհետև անընդհատ տիեզերքն ենք ուսումնասիրելու, մեզ հետ միասին աշխարհի տարբեր աստղագետներ գալու են այստեղ իրենց հետազոտություններն անեն»։

Թիմը մտադիր է նաև ալեհավաքներ ու փոքր արբանյակներ արտադրել, անտենաների չափման էտալոնների բազայի վրա կառուցել հետազոտական և ուսումնական լաբորատոր  կենտրոն՝  վիրտուալ հետազոտությունների համար։

Բարեփոխումների արդյունքում դիտակը կկառավարվի արդեն փոքրիկ լափթոփով  կամ բջջային հավելվածով։ Հին վահանակները կմնան որպես թանգարանային նմուշներ, կթարմանան գիտական արդյունքները։ Տիեզերքն՝ ավելի ճանաչելի Հայաստանի համար, Հայաստանն ավելի ճանաչելի՝ աշխարհի գիտական քարտեզի վրա՝ խոստանում են։

Ցուցադրել ավելի
Back to top button