ԿարևորՔաղաքական

Պատմական փա՞ստ, թե՞ «ռեալ պոլիտիկ»․ փորձագետները ՄԹ խորհրդարանի ընդունած օրինագծի մասին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում  Հայոց ցեղասպանության մասին օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելը Հայ դատի հանձնախումբը պատմական փաստ է համարում։ Հայկական փորձագիտական շրջանակներում մինչդեռ  այս լուրն առանձնապես ոգեւորություն չի առաջացրել։ Մասնագետները համոզված են՝  քայլի իրական դրդապատճառները «ռեալ պոլիտիկի» տրամաբանության մեջ են, որտեղ խիղճն ու մարդասիրությունը տեղ չունեն։

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 9-ը պատմական օր է համարում Հայկական հարցի համար։ Կառույցն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել  է առանց առարկության, նաև տեղեկացնում, որ Մեծ Բրիտանիայի հայկական ազգային կոմիտեում շնորհակալություն են հայտնել խորհրդարանի անդամ Թիմ Լոութոնին, որը ներկայացրել է օրինագիծը և գործընթացին աջակցած մյուս պատգամավորներին։

Հանձնախումբն  առանձնացնում է  օրինագծի երեք հիմնական դրույթները։

«1. Օսմանյան կայսրության սահմանակից տարածքներում 1915-1923 թվականներին հայերի կոտորածների պաշտոնական ճանաչումը որպես  ցեղասպանություն:

2. Ցեղասպանությունների զոհերի, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա հիշատակում:

3. Աջակցություն Հայոց ցեղասպանության, դրա հետ կապված մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների մասին հանրությանը իրազեկելու և լուսաբանելու գործում»:

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի կարծիքով ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է այդ երկրի համար մի քանի պատճառներով։ Առաջին հերթին՝ բանաձեւի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիային։

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում, մինչդեռ,  տեղեկությունն առանձնապես ոգեւորության առիթ չի դարձել։ Որոշ փորձագետներ հորդորում են զգուշավորությամբ ընդունել փաստը  և Բրիտանիային սրտաճմլիկ շնորհակալությունների ալիք չբարձրացնել։

Ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն ընդունեց հենց այս պահին, հենց նոյեմբերի 9-ին՝ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի դադարեցման մեկամյակի օրը։ Փորձագետներից ոմանք կարևորում են հենց այս  հանգամանքը՝ հաշվի առնելով այդ պատերազմի ընթացքում Մեծ Բրիտանիայի որդեգրած կեցվածքն ու Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպանի արած հայտարարությունները։

«Շատերին կարող է թվալ, որ Բրիտանիայի խիղճն արթնացել է Արցախի պատերազմում ունեցած դերակատարման համար, հատկապես հիշենք, որ ինչպիսի հայտարարություններ էր անում Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանը պատերազմից հետո»,- ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Նրա կարծիքով՝  քայլի իրական դրդապատճառները «ռեալ պոլիտիկի» տրամաբանության մեջ են, որտեղ խիղճն ու մարդասիրությունը տեղ չունեն։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի կողմից այս պահին Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումը ոմանք համարում են «Դամոկլյան սուր, որը Էրդողանի գլխին կախված կմնա մինչեւ հաջորդ տարվա մարտի 18-ը, երբ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման կդրվի»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզված է՝ դրանից հայկական կողմը որեւէ օգուտ չունի ու չի կարող ունենալ,  քանի որ դրա ընդունման նպատակները մեզ հետ որեւէ կապ չունեն։ 

«Դա ընդհանրապես մեզ հետ կապված չէ։ Որքան ճնշեն Թուրքիային կամ Ադրբեջանին, այնքան իրենց ծրագրերը նրանց միջոցով կիրականացնեն, այսինքն՝ մենք նույնիսկ դրանից կարող է վնասներ կրենք, քան օգուտներ»։ 

Քաղաքագետը խոստանում է պատճառների մասին առավել հանգամանորեն խոսել առաջիկա ուրբաթ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Մինչ այդ, մեզ հետ հեռախոսազրույցում հակիրճ ձևակերպում է  բանաձեւի ընդունման դրդապատճառներն ՝ իր կարծիքով։

«Ըստ երևույթին՝  իրենք ասում են, որ Արցախի պատերազմի արդյունքները գրանցվել են նաեւ իրենց ջանքերի շնորհիվ, իրենց մասնակցությամբ, հետևաբար ուզում են Ադրբեջանում եւ տարածաշրջանում ստանալ իրենց դիվիդենտները»։

Միջազգայնագետ Աննա Աբրահամյանն էլ տեղի ունեցածը  պատկերավոր համեմատությամբ է ներկայացրել․ «44 օր շարունակ հանուն իր նավթի մեր զինվորներին զոհաբերած թագուհին այս տարի նոյեմբերի 9-ին մեզ ընդամենը կոնֆետի թուղթ է ցույց տալիս ու անգամ չի էլ փորձում թղթի մեջ ֆեյք կոնֆետ փաթաթել»։

«Թուրքիայի հետ գեոքաղաքական առևտրի այս թոհուբոհ ժամանակներում մի շտապեք ցնծալ և ուռա գոռալ։ Սովորեք, որ պարտվածի հաշվին ով ասես ինչ շահ ասես չի կպցնում»,-գրել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը՝ նկատելով, որ Իսրայելի Կնեսետում ևս համանման օրինագիծ է առաջադրվել։

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ են ներկայացրել այդ երկրի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ։

Ցուցադրել ավելի
Back to top button