ԿարևորՀասարակություն

Ուսումնասիրվում են Հայաստանի ճանապարհների «սև կետերը»

Ինչպե՞ս անվտանգ դարձնել ճանապարհները․մասնագետների կարծիքով՝ տարբերակներից մեկը դրանք ժամանակակից մեթոդներով նորոգելն ու հիմնանորոգելն է։ Երևանում երկօրյա համաժողովի ընթացքում ոլորտի մասնագետներն ու պատասախանատուները խոսել են միջազգային փորձի և հայաստանյան պրակտիկայի մասին։

Հայաստանում փնտրում  են ճանապարհների «սև կետերը»։ Դրանք այն հատվածներն են, որտեղ ամենաշատն են վթարներ գրանցվում։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում դրանց հստակ թիվն առայժմ չի նշում, բայց վստահեցնում է՝ ուսումնասիրվում են միջպետական ու համայնքային բոլոր ճանապարհները։

«Այս պահին 36 մակնշված ճանապարհ ունենք, որոնցից 27–ի դեպքում 2022 թվականին վերափոխման, վերակառուցման, նորոգման աշխատանքներ տեղի կունենան։ Այդ ճանապարհները բոլոր մարզերում էլ կան»։

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության  ղեկավար  Պողոս Շահինյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նշում է՝ Հայաստանի ճանապարհների մեծ մասը կառուցվել է  խորհրդային տարիներին։ Դրանք նախատեսվել են  ոչ մեծ արագություն ունեցող մեքենաների համար։ Վերջին 30 տարիներին, սակայն,  փոխվել են մեքենաները, ավելացել են արագությունները։ Այժմ արդեն ճանապարհները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու նորագույն լուծումները։ ՏԿԵ նախարարն ասում է՝ նոր ճանապարհներ կառուցելիս առաջնորդվում են տեխնոլոգիական նոր լուծումներով։ Բացառություն չէ նաև  Սյունիքում կառուցվող նոր՝ Տաթև -Աղվանի այլընտրանքային ճանապարհը․

«Փորձում ենք այս աշխատաժողովի միջոցով բոլոր բացերն ու խնդիրները վեր հանել, որպեսզի մենք նոր կառուցվող ճանապարհների դեպքում խնդիրներ չունենանք»։

Մասնագետները կարևորում են ճանապարհաշինարարության ոլորտում  նորագույն տեխնոլոգիաների կիրառումը։ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Բեզոյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝  քանդված ճանապարհների վերանորոգման ավանդական եղանակները  մեծ ներդրումներ են պահանջում։ Մինչդեռ աշխարհում կիրառվող  նորագույն մեթոդներն ավելի արդյունավետ են։

«Եթե մենք ճանապարհը վերականգնենք ավանդական եղանակով, պետք է ամբողջությամբ քանդենք ու հեռացնենք։ Սա նաև բնապահպանական մեծ խնդիր է առաջացնելու։ Պետք է ամբողջ ճանապարհը հեռացնենք, տանենք, ինչ-որ տեղ լցնենք։ Սակայն նորագույն տեխնոլոգիաներ կան, որ գոյություն ունեցող ճանապարհի պատվածքը, տեղում հավելանյութեր օգտագործելով,  վերամշակվում է, օգտագործվում  որպես ճանապարհի հիմք, որի վրա կարող են տեղադրվել ասֆալտե բետոններ կամ փոքր մակերեսային մշակման շերտեր։ Սա  ծախսի 30–40 տոկոս տնտեսում է ենթադրում»։

Արդյունավետ չէ նաև ավտոմայրուղիների վրա ճանապարհային ծածկի արդեն   քայքայված հատվածների վերականգնման այսօր կիրառվող եղանակը՝ ճանապարհային ծածկը քերում են, նոր շերտ տեղադրում, ինչն  արդյունավետ չէ, քանի որ ճաքեր, միևնույնն է, դարձյալ առաջանում են։ Այստեղ էլ նորագույն լուծումներ կան՝ ասում է մասնագետը․

«Պոլիմերային նյութեր ենք, որոնք փռում են քերված ճանապարհի վրա, ինչն արգելակում է ճաքերի բարձրացումը ծածկի վրա»։

Մասնագետներն ասում են, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրումը ճանապարհներն առավել անվտանգ կդարձնի՝ նվազեցնելով նաև մահվան ելքով վթարների թիվը։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում  հանրապետությունում արձանագրվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 168,  իսկ մարմնական վնասվածք ստացել՝ 3186 մարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button