ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսը՝ բիզնես. «հեռախոսային» բուժման կասկածելի կողմերը

Կորոնավիրուսը հեռավար մեխանիզմներ ներմուծեց ոչ միայն աշխատանքի եւ դասերի, այլեւ հենց դրա բուժման մեջ։ Պարզվում է՝ քովիդի վարումը նաեւ բիզնեսի կարող է վերածվել՝ «հեռախոսային» բուժման տեսքով։

Պարզվում է՝ հեռավար կարող են լինել ոչ միայն աշխատանքն ու դասերը, այլև բուժումը, այն էլ՝ կորոնավիրուսի։ Մինչ մասնագետները հորդորում են զերծ մնալ ինքնաբուժությունից, չհիմնվել հարեւան-բարեկամի փորձի վրա և ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի կամ հանձնել կորոնաթեստ, հայտնվում են  մարդիկ, որոնք կարող են բուժում նշանակել՝ առանց նույնիսկ տեսնելու հիվանդին։ Ինչո՞ւ հերթագրվել  խորհրդատվության, ժամանակ եւ գումար ծախսել, եթե կարելի է նաեւ հեռախոսով կապվել բժիշկի հետ։ Այս տարբերակը գայթակղիչ էր թվացել նաեւ զրուցակցիս։

«Մի քանի օր առաջ համացանցում մի բժշկուհու հարցազրույց տեսա։ Խոսում էր կորոնավիրուսի բուժման մասին։ Մենք ընտանիքով վատառողջ էինք այդ պահին, ու ես որոշեցի դիմել տվյալ բժիշկին՝ մտածելով, որ նա կարող է որոշակիորեն ուղղորդել մեզ, հատկապես, երբ  մեկնաբանություններում կարդացի, որ մարդիկ գոհ էին»։

Զրուցակիցս առանց երկար մտածելու զանգահարում է տվյալ բժշկուհուն։ Գանգատները պատմելով՝ ստանում կոնկրետ ախտորոշում․

«Միանգամից ասաց՝ հստակ է, որ կորոնավիրուս է։ Ամուսինս այդ պահին ջերմում էր, ասաց՝ ձեր ամուսինը հավանաբար կգնա կա-տե հետազոտության, իսկ  ես եթե մինչև ամսի 10-ը չջերմեմ, կարող եմ համարել, որ ես թեթև կհաղթահարեմ»։

Հեռակա վստահ ախտորոշման հետ մեկտեղ «հեռախոսային» բժիշկը նաեւ առանց վարանելու բուժման կուրս է նշանակում, միայն թե միանգամից նաեւ իր ծառայության արժեքն է ներկայացնում՝ 50.000 դրամ․

«Հարևաններիցս ճշտեցի, որ իրենք նախորդ տարի բուժվել են  իր մոտ, և անցյալ տարի այդ բուժման արժեքը եղել է 30.000։ Փաստորեն այս տարի ավելի է թանկացել»։

Տվյալ դեպքում հիվանդը հրաժարվել է բժշկի հեռավար բուժումից՝ այն անվստահելի համարելով, բայց հեռախոսով բուժում խոստացող այս հարցազրույցի տակ արված մեկնաբանությունները հուշում են, որ շատերն են գերադասում հիվանդանոց հասնելու եւ հերթերում հայտնվելու փոխարեն հենց այս ծառայությանը դիմել, անգամ եթե բժիշկն իրենց անձնապես չի տեսնում, չի զննում, ախտանշանները հստակ չի արձանագրում, անգամ եթե դրա համար պետք է վճարեն, այն դեպքում, երբ քովիդի պոլիկլինիկական վարումն անվճար է։ Որ բժշկի պետք է դիմել՝ երկրորդ կարծիք չի կարող լինել՝ պնդում են մասնագետները։ Առողջապահության նախարարությանը միայն սա չէ, որ անհանգստացնում է։ Այստեղ մտահոգվում են նաեւ քովիդի բուժման մոտեցումների տարբերություններով։ Հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում բժիշկները բուժման տարբեր կուրսեր են անցկացնում։ Նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ քովիդի վարման ուղեցույցներ կան, բայց պոլիկլինիկաներում դրանց կատարմանը հետեւելը հեշտ չէ․

«Առաջնային օղակում վերահսկողությունը շատ ավելի դժվար է։ Այդ նույն պրոտոկոլները մշակված են նաև իրենց համար։ Բայց քանի որ ԱԱՊ օղակը շատ ավելի ընդգրկուն է, չեմ կարող ասել, որ մենք շատ գոհացնող արդյուքներ ունենք։  Բայց մենք մեկ այլ խնդիր էլ ունենք։ Կան քաղաքացիներ, որոնք չեն էլ դիմում բժշկի, որ պրոտոկոլի հասնի գործը։ Դրական դեպքը ֆիքսելու պարագայում հարևանից, մորաքրոջից, տատիկից, այլ տեղերից են ճշտում բուժման տարբերակները և սկսում են ինքնաբուժմամբ զբաղվել։ Ծայրահեղ վտանգավոր վարքագիծ է։ Խնդրում եմ՝ ինքնաբուժմամբ  չի կարելի զբաղվել որևէ պարագայում։ Իսկ քովիդի պարագայում դա ուղղակի կարող է  մահվան հանգեցնել»։

Ինքնաբուժությունը կամ, առհասարակ, բուժկենտրոնում բուժում չստանալը, բացի առողջական տարատեսակ ռիսկերից, մեկ այլ խնդիր էլ է ենթադրում։ Խաթարվում է քովիդ-վիճակագրության հստակ պատկերը։ Մինչ բժիշկները ջանում են չվրիպել քովիդը որսալիս եւ գրանցելիս, կորոնավիրուսի բուժումը որոշ դեպքերում բիզնես է դառնում։  

Ցուցադրել ավելի
Back to top button