ԿարևորՀասարակություն

Խաղաղ համակեցություն ադրբեջանական կրակոցների ներքո՞

Հայ–ադրբեջանական խաղաղ համակեցության, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հնչող հայտարարությունների հիմքում իրականում քողարկվում են մեր հարևանների ծավալապաշտական այն նկրտումները, որոնք մշտապես ունեցել Է Անկարան, և որին այսօր սիրահոժար օգնում է եղբայր Բաքուն։ «Մշտապես չես կարող ապրել հարևանիդ հետ վեճի մեջ», անժխտելի թեզ է, բայց չես էլ կարող ապրել պարտադրող կանոններով, որը վախի մթնոլորտ տարածելով ստիպում հնազանդվել և ենթարկվել։ Ինչո՞ւ է ադրբեջանցի զինվորը հրաման ստանում սպանել հայ քաղաքացիներին, ո՞ւմ դեմ են իրականում ուղղված այս կրակոցները։

Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Խաչիկ բնակավայր, Երևանից Արենի համայնք 108 կմ է, հասնում ես 2 ժամում։

Թաթուլ Ասատրյանն ամեն օրվա նման նոյեմբերի 9-ին սեփական տրակտորով իրեն պատկանող խոտհարքում էր՝ այգեգործական սովորական աշխատանքով։ Որ մի օր կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ՝ երբևէ  մտքով չի անցել։ Նոյեմբերի 9-ին անվտանգության մասին պատկերացումները փոխվեցին, երբ 600 մետր հեռավորության վրա տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կրակը հենց իր վրա ուղղվեց։ Թաթուլը  «Ռադիոլուրին» պատմում է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել, բայց նախ շեշտում է՝ թիրախում հենց ինքն էր։

«Այդ տարածքում միշտ էլ հողագործական աշխատանքներ ենք իրականացրել։ Մեր հողերն են։ Ու էդ տարածքում երբեք կրակոցներ չեն հնչել։  Կրակոցները եղել են նոյեմբերի 9–ին՝ ժամը 14:00-14։30–ի միջակայքում։ Մի քանի կրակոց արձակեցին, բայց միայն մեկը կպավ, այն էլ տրակտորի հետևի հատվածին, կարող եմ ասել թիկունքիս ուղղությամբ էր արձակված, վստահ եմ՝ ուղիղ նշանառությամբ էր արձակված։ Թշնամուց 600 մետրի վրա էի աշխատում, հարթավայր տարածք է, ու ես մենակ էի։ Տրակտորն է վնասվել, ապակիներն են կոտրվել, համայնքապետարանը կփոխհատուցի։  Փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, չգիտեմ, վախ կա, բայց մեր հողն է, շարունակելու եմ աշխատանքս»։

Հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանակական շփման գծում հրադադարի խախտման վիճակագրությունը խիստ մտահոգիչ է։ Ընդամենը 5-6 օր 365 օրվա ընթացքում, երբ հրադադարի խախտում չի եղել՝ նախորդիվ հայտարարել էր վարչապետը։  Հայկական կողմն այս ընթացքում ունեցել է 28 զոհ։

«Նոյեմբերի 9-ից հետո մենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել։ Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես, նաև նկատի ունեմ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերին, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, զոհեր ենք ունեցել: Սա, իհարկե, շատ անհանգստացնող փաստ է, և նաև պիտի ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք, մասնավորապես, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցածը, նաև Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է»։

Հրադադարի ռեժիմի դեպքերի խախտումները, Արցախում հայ զինվորների զոհվելու փաստերը մեկ ասելիք ունեն՝ Ադրբեջանը որդեգրել է ռուս խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ․ վարչապետի արձանագրումն է: Սա  փաստում են նաեւ ադրբեջանագետները։ Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ այս քայլերով ադրբեջանական կողմը մարտահրավեր է նետում ռուսական խաղաղապահ առաքելությանը։ Ադրբեջանագետը հարց է բարձրացնում․«Սա՞ է ադրբեջանական ու թուրքական կողմերի առաջարկած «խաղաղությունը», սրա՞նք են նրանց «դրական ազդակները»:

Խաչիկում տեղի ունեցած միջադեպի մասով ՄԻՊ Արման Թաթոյանն արձանագրում է՝ այո, ադրբեջանական կրակոցներն Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները: Արման Թաթոյանն ընդգծում է․ մեջբերում․

«Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ուղղված է ՀՀ խաղաղ բնակիչների արժանապատվության, կյանքի ու սեփականության իրավունքի դեմ, խաթարում է մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ»։

Թուրքագետ-պատմաբանները հարեւան երկրներից եկող կեղծ խաղաղասիրական մեսիջների մասով շեշտում են՝ սա հարևանների գործելաոճն է, որին ծանոթ ենք պատմությունից։ Շարունակվող միջադեպերը անհանգստություն են ձեւավորում հասարակական ու քաղաքական շրջանակներում՝ հանգեցնելով հարցի՝ «Խաղաղության դարաշրջան, խաղաղ համակեցություն ո՞ւմ հետ, մի պետության, որի զինվորն առանց վարանելու ուղիղ նշանառության տակ է վերցնում դաշտում աշխատող գյուղացո՞ւն, հրազենով սպանում 22-ամյա երիտասարդի՞ն, որը հայկական վերահսկողության տարածքում ընդամենը ջրագիծ էր նորոգում, կամ ակնհայտ կրակում ռուս խաղաղապահի ուղեկցությամբ էլի այգեգործությամբ զբաղվող հայի՞ն։ Քանի դեռ Ադրբեջանը անթաքույց շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խաղաղ համակեցությունը քաղաքագիտական ամենատարբեր շրջանակներում բոլոր դեպքերում կասկածի տակ է դրվում։

Ցուցադրել ավելի
Back to top button