ԿարևորՀասարակություն

Խաղաղ ապրել՝ հստակեցված սահմաններով․ Սանոսյան

Արմավիրում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է  քաղաքացիական սպասարկման գրասենյակի բացմանը, որից հետո նախարարն ամփոփել է գործունեության 100-րդ օրը: Անդրադարձել է Սյունիքում կառուցվող այլընտրանքային ճանապարհաշինությանը,  ջրային  ու էներգետիկ ոլորտների կառավարմանը: Արդեն ավարտվել է Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցումը, Կառավարությունը  առաջնահերթություն է դիտարկել Սիսիա- Քաջարան ճանապարհի կառուցումը: Կարևորել է համայնքների խոշորացման գործընթացը, որի արդյունքում ձևավորվելու է 79 համայնք:

Մարզերում ներհամայնքային երթուղիների խնդիրը դեռ մնում է անլուծելի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ հանրապետությունում շուրջ 200 բնակավայր զրկված է հանրային տրանսպորտից: Ուղևորափոխադրողները դա պատճառաբանում են անշահութաբերությամբ և չեն մասնակցում երթուղիների մրցույթներին: Արմավիրի մարզի սահմանամերձ մի քանի համայնք արդեն մի քանի տարի զրկված է տրանսպորտից: Նախարարությունը երթուղիների կարգավորման  նոր առաջարկ է ներկայացել.

«Շահավետ և ոչ շահավետ բոլոր գծերը միավորել ենք մեկ փաթեթի մեջ, որպեսզի շահող ընկերությունը որոշ երթուղիներից թեև վնաս կկրի, բայց որոշ երթուղիներ էլ բավականին եկամտաբեր են, և ինքը կկարողանա բոլորը սպասարկել: Կարևոր է՝  բոլոր մեքենաները լինեն 2019-2020թթ արտադրության կամ ամբողջովին նոր»:

Ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներից ավարտվել է Թալին-Լանջիկ ճանապարհի մի ուղղության կառուցումը, այն ամբողջությամբ  կշահագործվի հաջորդ տարվա վերջին:  Սյունիքում առաջնահերթություն է  Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը, շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարի։ Ավարտվել է այլընտրանքային Տաթև-Աղվանի  ճանապարհի կառուցումը

«Կարևոր հատված է Տաթև-Աղվանին, որն օրեր առաջ ամբողջությամբ ասֆալտապատվել է, բայց այլ հատվածներում, տարբեր տեղերում՝ Տաթև-Լծեն, և մի շարք համայնքներում ՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գնացող համայնքներում ճանապարհներ են կառուցվում»:

Տաթև-Լծեն ճանապարհի կառուցմամբ  շրջանցվելու է Տաթևի ձորի դժվարանցանելի ճանապարհը, այն կմիանա Սիսիանի Մ2 ճանապարհին: Մինչև տարեվերջ կավարտեն գրունտային աշխատանքները: Նշված ճանապարհները ռազմավարական նշանակություն ունեն:  Սյունիքում կառուցվող ճանապարհներով հետաքրքված է նաև իրանական կողմը, այս առումով հատկապես կարեւորվում է Սիսիան-Քաջարան և Ագարակ-Քաջարան կառուցվող նոր ճանապարհը, որը նաեւ թունելներ կունենա։

«Բացի այն, որ Սյունիքի ճանապարհները չափազանց կարևոր են մեզ համար և ռազմավարական նշանակություն ունեն, նաև դրանց տնտեսական նշանակությունն է մեծ: Եթե մենք կարողանանք արագընթաց, մատչելի ճանապարհներ կառուցել, Պարսից ծոցից դեպի Սև ծով ուղիներում բավականին կմեծանա մեր դերն ու նշանակությունը: Իրենք այս հարցում շահագրգռված են, և մենք համատեղ քննարկում ենք»:

 Սահմանագծման և սահմանազատման հետ կապված Գնել Սանոսյանը նշում է. «Ոչ թե ուղղակի պետք է քարտեզ ընտրել, այլ քարտեզներ, որոնք ունեն իրավական հիմք».

«Փաստ է, որ մեր սահմանները հստակեցնել է պետք, միասին խաղաղ ապրել է պետք և սահմանների հստակեցումը, կարծում եմ, կարևոր է նաև սահմանյին միջադեպերը բացառելու համար»:

Նախարարը կարևորեց պետություն-համայնք համաֆինանսավորմամբ աստիճանաբար ավելացող աշխատանքները։ Միայն այս տարի 47 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվելու,

«Այս տարի ծավալը բավականին մեծ է, 2018-2020 թթ-ին ամբողջ Հայաստանում իրագործվել է 45 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, իսկ միայն այս տարի 47 մլրդ դրամի ծրագիր ընթացքի մեջ է: Սուբվենցիոն ծրագրում նախատեսում ենք այլ ենթակառուցվածքներ ներառել և զարգացնել»:

Ոռոգման համակարգի մասով առաջարկների նոր ծրագիր է ներկայացվելու, որպեսզի գյուղացիական տնտեսություններն աստիճանաբար անցնեն կաթիլային և անձրևացման համակարգերի։

«Այս համակարգի ներդրմամբ մենք փորձում ենք մեր հայրենակիցներին շահագրգռել, որպեսզի նրանք գնան այդ լուծմանը, և երբ տեղադրեն՝ մենք  5 տարի նրանց կազատենք ոռոգման ջրի վարձավճարներից»:

Էներգետիկ ոլորտում չի շրջանցվել նոր Ատոմային էլեկտրակայանի կառուցումը, կարևորվում է ջրամբարաշինությունը, այս թվում՝ արմավիրցիների համար երկար սպասված Սելավ-Մաստարա ջրամբարը:

Ցուցադրել ավելի
Back to top button