ԿարևորՀասարակություն

ԵՊՀ–ն ռեկտոր է փնտրում

ԵՊՀ –ն ռեկտորի մրցույթ է հայտարարել։ Հայտարարջությունը տարածել է  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Դիմումներն ընդունվում են   նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Նոր ձևավորված խորհրդի որոշմամբ ռեկտորի ընտրությունը կանցկացվի դեկտեմբերի 17-ին։

Մայր բուհն արդեն երեք տարի՝  ռեկտոր է  փնտրում ու դեռ միայն ժամանակավոր պաշտոնակատար է գտնում։  2019-ի  մայիսի 23–ին հրաժարական  տվեց  13 տարի բուհը ղեկավարած Արամ    Սիմոնյանը։  Հունիսի 30-ին  ԺՊ նշանակվեց  Գեղամ Գևորգյանը։  2020-ի մարտի 23-ին նախատեսված  ռեկտորի ընտրությունը չկայացավ՝ երկրում արտակարգ դրություն էր։  Իսկ այս   տարվա  ապրիլին  Գեղամ Գևորգյանն  էլ հրաժարական տվեց։

«Այս ընթացքում ես արել եմ ինչ-որ բաներ և չեմ արել ինչ-որ բաներ, արածներիս համար ոչ մի բանի համար չեմ զղջում, չարածների մասին խոսելն արդեն ավելորդ է», — ասել էր  Գևորգյանը։

Երեք ամիս առաջ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նախորդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը լուծարվել էր 2 տարի առաջ, և այդ պատճառով ռեկտորի ընտրություն  չէր անցկացվում։ Խորհրդի  անդամների կեսը հրաժարականի դիմում էին  ներկայացրել։«Հիմ նադրամների մասին» օրենքի համաձայն, Արդարադատության նախարարի հրամանով  ձևավորվել էր 3 հոգանոց ԵՊՀ ժամանակավոր խորհուրդ, որն էլ հենց նշանակել էր ռեկտորի պաշտոնակատար։

Հովհաննես Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտոր նշանակելու լուրերը վաղուց էին շրջանառվում, երբ նա դեռ ԿԳՄՍ փոխնախարար էր, իսկ Արայիկ Հարությունյանը՝ նախարար։ Աստվածաբան Հովհաննիսյանի նշանակումը միանշանակ չընդունվեց ակադեմիական շրջանակում, քանի որ Հովհաննիսյանը կուսակցական է, հետևաբար, կնպաստի բուհի առավել քաղաքականացմանը։  Նախարար Դումանյանին այս դիտարկումը զարմացրել էր։ Նա ասել էր․

«Ի՞նչը դուրներդ չի գալիս։ Ի՞նչ լիներ, որ ձեզ դուր գար, պատգամավոր չլիներ, իշխանության հետ առնչություն ունեցած չլիներ… ի՞նչն ա խնդիր առաջացնում»։

Բուհերի ապաքաղաքականացման մասին բազմիցս խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ բուհերը պետք է հեռու լինեն քաղաքականությունից։ 

«Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո»,–ասում էր Փաշինյանը։

Երկու օր առաջ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը  նախագահ ընտրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։Նախկինում այդ դերը  ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանինն էր։ Նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն էլ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան է։ Խորհրդի նիստն անցկացվել է   դռնփակ, չի լուսաբանվել։ Ավելին՝ նիստի տեսաձայնագրությունը չի հրապարակվել, բավարարվել են միայն հաղորդագրություն տարածելով։  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան․

«Մենք այդպես ենք հարմար գտել այսօր։ Նույն խաղի կանոններն են ինչ եղել է նաև մինչ այդ»։

Եվ ահա, քանի որ հոգաբարձուների խորհորդը արդեն ձևավորվել է, ԵՊՀ –ն ռեկտորի մրցույթ է հայտարարել։ Դիմումներն ընդունվում են նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Նոր ձևավորված խորհուրդը որոշել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button