ԿարևորՀասարակություն

Բալը թանկ է․ նոր «սեւ շուկա», որտեղ վարորդները վարելու իրավունքի բալեր են գնում

Նոր «սև շուկա», որտեղ բալ է վաճառվում։ Խոսքը վարորդական բալեր ձեռք բերելու մասին է, ինչին վարորդները դիմում են՝ փաստացի շրջանցելով սահմանված բալային համակարգը։ Ըստ այդ համակարգի՝ ամեն վարորդի տարեկան տրամադրվում է 9 բալ, որոնք տարբեր խախտումների դեպքում կարող են նվազել ու սպառվել։ Այդ դեպքում արդեն վարորդը 6 ամսով զրկվում է վարելու իրավունքից։ Մինչդեռ պարզվում է՝ նոր «սեւ շուկայում» հիմա բալ է վաճառվում, որի չափման միավորը ոչ թե կիլոգրամն է, այլ հատը։ Գների ու օրինազանցության դեպքերի մասին՝ Աիդա Ավետիսյանի ռեպորտաժում։

Զրուցակիցս 40 տարվա հմուտ և, իր իսկ վստահեցմամբ, օրինապահ վարորդ է։ ճանապարհային երթևեկության կանոնակարգման համար ներդրված բալային համակարգի 9  միավորից այս ընթացքում ոչ մի անգամ չի կորցրել։  

«Ես բալ չեմ կորցրել, իմ բոլոր 9 բալերն էլ կան։ Դեռ միավոր կորցնելու հաղորդագրություն չեմ ստացել»։

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը գործում է 2020-ից։  Ըստ այս համակարգի՝ ամեն տարի վարորդներին տրվում է 9 միավոր։ 25 ամենավտանգավոր խախտումների դեպքում վարորդը զրկվում է բալերից։ Դրանց սպառվելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքից։ Սակայն, պարզվում է, վարորդները գտել են այս համակարգը շրջանցելու եւ սպառված բալերը նորերով լրացնելու զարտուղի ճանապարհը։ Դրանց մասին «Ռադիոլուրի» զրուցակիցը լսել է։   

«Մարդիկ կան, որոնք  բալեր են օգտագործում ինչ–որ եղանակներով՝ ուրիշի անունով են անում մեքենան, որպես վարորդ կցում են ուրիշի, մեկ այլ վարորդի վարորդական իրավունքով որոշ ժամանակ վարում են մինչև գա իրենց վարորդական իրավունքը վերականգնելու ժամանակը»։

Վարորդների իրավունքների պաշտպան  Արտակ Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատում է՝ վարորդները շատ հաճախ են շրջանցում բալային համակարգը, ու այդ դեպքերը առավել հաճախակի են դարձել վերջին մեկ տարում։ Հիմնական  մեխանիզմը հետեւյալն է՝

 «Օրինակ՝ միավորներիցս 8-ն արդեն կասեցված է, և մտավախություն ունեմ, որ այնպիսի խախտում կանեմ, որ կկասեցվի վարելու իրավունքս, այդ դեպքում մեքենան անվանափոխում եմ մեկ ուրիշի անունով, այսինքն՝ որպես վարորդ կցում եմ Ձեզ։ Փաստացի վարում եմ ես, բայց թղթաբանությամբ՝ Դուք, ուխախտումների դեպքում Ձեր բալերից է դուրս գալիս։ Դա էլ սպառելուց հետո մեկ այլ անձի բալերից է սկսում օգտվել»։

Վարորդները, պարզվում է, այլ մեխանիզմների հարցում եւս հմտացել են, եթե չեն կարողանոձւմ հույս դնել մեքենան այլոց անունով շահագործելու հետ։ Պարզվում է՝ վարորդական բալեր կարելի է նաև գնել։ Այս առքուվաճառքի մասին հայտարարությունները համացանցային տարբեր էջերում գտնելը բարդ չէ։ Ընդ որում՝ դրանով զբաղվողները կաշկանդված չեն ոչ իրենց կոնտակտները տրամադրելու, ոչ էլ հեռախոսով բանակցելու հարցում։ Նույն այդ եղանակով նրանց հետ զրուցել է նաեւ «Ռադիոլուրը»։ Մեկ բալի արժեքը 20-25 հազար դրամ է՝ կախված խախտումների տեսակից։ Խորհուրդ տվեցին նախ ուղարկել մեքենայի համարանիշերը, հետո խոստացան ըստ այդմ բանակցել, թե ինչ արժե բալը։  

«-Ձեզ քանի՞ բալ է անհրաժեշտ։ նախ ուղարկեք մեքենայի համարները, տեսնեմ, ինչ խախտումներ եք արել, հասկանամ ինչքան բալ կարող ենք Ձեզ վաճառել, հետո նոր գնի մասին կխոսենք։ Մեկ բալի գինը մոտ 20-25 հազար դրամ է»։  

Որոշ ժամանակ առաջ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից փորձել էր պարզել, թե ինչ արդյունքներ է տվել բալային համակարգը։ Ֆիդանյանը վստահեցրել էր՝ թեեւ ավելացել են ճանապարհատրասպորտային պատահարները, այնուամենայնիվ, վարորդական բալերի համակարգը տվել է իր դրական արդյունքները։

«Այս պահի դրությամբ բալային համակարգը գործում է բացառապես տեխնիկական միջոցներով  արձանագրված խախտումների դեպքում։ Իսկ տեխնիկական միջոցներով  հիմնականում հագեցած է մայրաքաղաքը։ Իսկ վերլուծությունները ցույց են տալիս, որ  Երևանում ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվը շատ ավելի քիչ է Երևանում, քան մարզերում»։

Մինչդեռ բալային համակարգի արդյունավետության առումով նույնքան լավատես չէ Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը։ Այն կարող է դրական արդյունք ունենալ, եթե գործի ըստ պատշաճի։ Սակայն, Խաչատրյանի դիտարկմամբ, համակարգից ակնկալիքներն այդպես էլ չեն իրականանում։ Դիտարկումները ցույց են տալիս, որ վարորդներն անգամ տարվա համար հատկացված բալերը սպառելուց հետո, երբ 6 ամսով  իրավունք չեն ունենում տրանսպորտային միջոց վարել, շարունակում են նստել ղեկին։ Հազարավոր վարորդներ պատրաստ չեն մեքենան կանգնեցնել բակում և զբոսնել ոտքով՝ ասում է։

«Ճանապարհային ոստիկանությունը պետք է հայտնաբերի այդ վարորդներին, որոնց զրկել են վարելու իրավունքից և պատժիչ միջոցառումներ իրականացնի։ Քրեական պատասխանատվություն է սահմանված կասեցված վարորդականով վարելու համար»։  

Վարորդների իրավունքներով եւ խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները փոխանցում են իրենց մտահոգիչ դիտարկումները՝ հազարավոր են դեպքերը, երբ ամենատարբեր խախտումների պատճառով վարորդական իրավունքից զրկված վարորդները շարունակում են մեքենա վարել։ Դրա հիմքում ոչ միայն ոստիկանության ռեսուրսի սղությունն է՝ ամբողջապես վերահսկողության տակ պահել բալային խախտումների պատկերը, քանի որ, փաստացի կարող են բալից զրկել միայն տեսախցիկներով արձանագրված խախտումների դեպքում։ Մյուս կողմից՝ վարորդական բալերի առուվաճառքի «սեւ» շուկայից են նոր խախտումներ սկիզբ առնում։ Ոստիկանությունում արդյո՞ք տեղյակ են այսօրինակ դեպքերից․ այս մասով որեւէ պարզաբանում ստանալ «Ռադիոլուրին» չհաջողվեց։

Ցուցադրել ավելի
Back to top button