ԿարևորՀասարակություն

«Արևորդի»-ի բնապահպանական փառատոնը՝ առցանց․ առանցքում անտառային հրդեհների կանխումն է և էկո համակարգերի վերականգնումը

Նոյեմբերի 14-18-ը կանցկացվի «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը` 10-րդ անգամ։ Այս տարի «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը կացկացվի առցանց՝ պայմանավորված հակահամաճարակային սահմանափակումներով։ 10-րդ անգամ հանդիսատեսին կներկայացվեն  ֆիլմեր՝ բնապահպանական կարևորագույն խնդիրների մասին։ Դրանք նկարել են ռեժիսորներ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ Նիգերիայից մինչև Չեխիա, Մեծ Բրիտանիա ու ԱՄՆ։ 100 ֆիլմերից ցուցադրության համար ընտրվել են 30-ը,–ասում է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը․

«Այս տարի ֆիլմերի 4 կատեգորիա ունենք, բնապահպանական խնդիրների մասին ֆիլմեր, վայրի բնության պահպանության, կրթական բաղադրիչ ունեցող և անտառային հրդեհների մասով ֆիլմեր։ Ակտուալ ֆիլմեր էլ են ցուցադրվելու, օրինակ, վիրուսների մասին ֆիլմեր ենք ներգրավել»,-ասում է Սոնա Քալանթարյանը։

Ֆիլմերը օնլայն ռեժիմով կցուցադրվեն http://sunchild.fpwc.org/ կայքում և հասանելի կլինեն ցուցադրությանը հաջորդող 24 ժամվա ընթացքում։ Փառատոնն ամեն տարի առանձնացնում է բնապահպանական այն խնդիրները, որոնք հատուկ ուշադրության կարիք ունեն։ 2019-ին դիտարկվել է հովազների պահպանության թեման։ 2021-ին առանձնացվել են բնապահպանական երկու խնդիրներ։ Սոնա Քալանթարյան․

«Այս տարի փառատոնի հիմնական թեմաներից առաջինը ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի հայտարարած էկո համակարգերի վերականգման տասնամյակի թեման է, որը իրականացնելու ենք «Վայրի բնության և մշակութային պահպանության» հիմնադրամի հետ։ 2021-2031 թթ․ տասնամյակի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու խնդիր ունենք։ Երկրորդը անտառային հրդեհների թեման է։ Դրանց կանխարգելման միջոցների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման խնդիրը փորձելու ենք լուծել ԱՄՆ անտառային ծառայության հետ համագործակցության շրջանակում»,-նշում է փառատոնի տնօրենը։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը նշեց, որ փառատոնի ավարտից հետո՝ 2022 թվականի ընթացքում իրականացվելու են հանրային իրազեկվածության ծրագրեր՝ անտառային հրդեհների կանխարգելման միջոցների վերաբերյալ։ Այս հարցում իրազեկվածության ցուցանիշը Հայաստանում ցածր է, մինչդեռ անտառային հրդեհների 90 %-ի պատճառը մարդն է։ Պետությունը կարևորում է անտառածածկ տարածքների ավելացումը, և ըստ փառատոնի տնօրենի՝ այս գործում պետությանը կարող է աջակցել յուրաքանչյուր քաղաքացի՝ իր տեղեկացված, մտածված վարքով։

Ցուցադրել ավելի
Back to top button